ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Զորաց քարերը»՝ կրկին ուշադրության կենտրոնում
19:00 09.10.2018

«Զորաց քարերը»՝ կրկին ուշադրության կենտրոնում

Այս տարվա օգոստոսին համացանցում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ «Զորաց քարեր» պատմամշակութային հնավայրում վիճաբանություն է տեղի ունեցել հնագիտական աշխատանքներ իրականացնող արշավախմբի և մի խումբ սիսիանցիների միջև։

Ինչպես բողոքի նախաձեռնող խմբի անդամներից Սուրեն Վարդանյանն է նշում, նրանց վրդովմունքի պատճառը մինչ այժմ սիսիանցիների համար հպարտություն համարվող, 7500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարանում պեղումների իրականացումն է, ինչի հետևանքով հայտարարվում է, որ սա աստղադիտարան չէ. «Սա նշանակում է՝ ամբողջ կյանքում մեզ խաբե՞լ են։ Եթե մի բան ապացուցված է, նորից պետք չէ ապացուցել։ Սա աստղադիտարան եղել է, աստղադիտարան էլ պիտի մնա, ինչը վաղուց ապացուցված է»։ Ակտիվիստների խոսքով՝ անարդար և սխալ բան է կատարվում Սիսիանի ու նրա պատմության հանդեպ։ Նրանք դիմել են բոլոր պատկան մարմիններին, պահանջում են, որ չշարունակվեն պեղումները, հուշարձանը բերեն նախկին տեսքի՝ վերացնելով պեղումների հետքերը։

«Ըմբռնումով եմ մոտենում մեր հասցեին ասված նույնիսկ ամենավատ խոսքերին, ավելի լավ է ինչ-որ բան ասեն, քան անտարբեր լինեն, որովհետև անտարբերությունը սպանում է ամեն ինչ։ Կարծում եմ՝ մենք էլ մեր սխալն ունենք այս հարցում, պետք է մարդկանց հետ ավելի շատ զրուցեինք, բացատրական աշխատանք տանեինք, որ կատարվող պեղումները ոչ թե վնաս են հուշարձանին, այլ օգուտ», - նշեց հնագիտական արշավախբի ղեկավար, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Համացանցում մի քանի օր առաջ հայտնվեց մի լուսանկար, որում պատկերված էր, թե ինչպես են վերամբարձ կռունկով բարձրացնում «Զորաց քարերի» անցք ունեցող քարերից մեկը։ Դրա տարածողը գիտնական Պարիս Հերունու դուստր Նանե Հերունին էր, ով այդ քայլը որակել էր որպես դավադրանք ու հանցագործություն պատմամշակութային հուշարձանի ու ազգի հանդեպ։ Ավելի ուշ մշակույթի նախարարությունը պարզաբանում էր տվել լուսանկարի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ այն արվել է դեռ 2011թ․, երբ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցից 400-500մ հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի՝ չափերով ավելի փոքր մակետը (կրկնօրինակը): Այսինքն՝ ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ:

Արդեն 5 տարի է՝ այստեղ պեղումներ են կատարվում

ՀՀ կառավարության 2009թ. կայացված որոշմամբ «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։ ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի զարգացման ծրագրի շրջանակում տարեկան շուրջ 3 մլն դրամ գումարի չափով 2014թ-ից իրականացվում են հնավայրի պեղման և ուսումնասիրության աշխատանքները։

Նշենք, որ հուշարձանը 20-րդ դարի սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Այստեղ աշխատել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.) և այլք:Աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունին 1994-97թթ․ կատարած հետազոտությունների հիման վրա հայտարարեց, որ Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարանն է:

Պարզաբանում է արշավախմբի ղեկավարը

«Վերջերս անընդհատ շահարկվում է այն խնդիրը, որ այս աշխատանքները միտումնավոր իրականացվում են ընդդեմ երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունու, ով ժամանակին իր հետազոտություններն է կատարել և ունեցել անձնական կարծիքը հնավայրի վերաբերյալ։ Քավ լիցի, մեր աշխատանքները բոլորովին էլ միտված չեն Հերունու վարկածը հաստատելուն կամ ժխտելուն։ Իրական նպատակը՝ տարածաշրջանի բրոնզեդարյան-երկաթեդարյան եզակի մեգալիթյան հուշարձանի նյութական մշակույթի վերհանումն է, նրա տնտեսական, սոցիալական, ռազմական, հնամարդաբանական, ծիսական և այլ ոլորտների ու գործընթացների համակողմանի ուսումնասիրությունը, և ուրիշ ոչինչ: Ուստի պետք չէ մեկը մյուսի հետ շփոթել կամ օգտագործել մեկը մյուսի դեմ։ Ավելին ասեմ՝ կան մարդիկ, ովքեր որոշակի շահ ունեն «Զորաց քարեր» հնավայրից, որովհետև զբոսաշրջային խմբերին վճարովի ծառայություններ են մատուցում, ինչպես օրինակ, առաջարկում են որոշակի վճարի դիմաց հնավայրից մեքենայով տեղափոխել Ուղտասար, և այլն։ Նրանց թվում է, թե մեր պեղումներից ստացած պատկերը հրապարակելուց հետո հետաքրքրությունը հնավայրի նկատմամբ կնվազի։ Բայց հավատացնում եմ, որ նրանց այդ աշխատանքին ոչինչ չի խոչընդոտի, քանի որ, անկախ հնավայրի տեսակից, հուշարձանը եզակի է ողջ տարածաշրջանի համար», - մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Փիլիպոսյանը։

Հնագետի տեղեկացմամբ՝ 2014թ․ ամերիկյան «Սփրինգեր ռեֆերենս» պարբերականը հրատարակեց հնաաստղագիտության և էթնոաստղագիտության պաշտոնական ձեռնարկ, որում 1453-1460 էջերը նվիրված են Քարահունջին (հնավայրի անունն այդպես է նշվել)։ Իսպանացի աստղաբան Սեզար Գոնսալես Գարսիան, ով մանրամասն դիտարկել է Զորաց քարերը, սկսած Ստ․ Լիսիցյանի ուսումնասիրություններից մինչ մեր օրերը, եկել է այն եզրակացության, որ հուշարձանում արած հաշվարկները մեթոդական առումով չեն համապատասխանում կոնկերտ նպատակներին, և այն աննպատակահարմար է աստղադիտարան համարել։

«Տարածքը մոտ 10 հա է զբաղեցնում, որի հյուսիսային մասը Զորաց քարեր հրաշալի բնակավայրն է՝ պաշտպանական պարիսպներով, իսկ հարավային մասը բնակավայրի դամբարանադաշտն է։ Ե՛վ բնակավայրը, և՛ դամբարանադաշտը արևելյան կողմից՝ հյուսիսից հարավ, սահմանազատվել են պաշտպանական հենապատով, որի մոտ կամ վրա ուղղահայաց դիրքով տեղադրվել են բազմաթիվ մեծածավալ ու փոքրածավալ, այդ թվում նաև անցքավոր քարեր: Ըստ որում այս տարվա պեղումները փաստեցին, որ քարերն ուղղաձիգ դրվել են ինչպես անցքերով դեպի վեր, այնպես էլ դեպի վար: Դրանք սկզբնապես՝ մ.թ.ա. 14-8-րդ դարերում, եղել են դամբարանախցերի ծածկասալեր, որոնք երկրորդ անգամ վերաօգտագործվել են պատը կառուցելիս, իրենց նախնական վայրից տեղափոխման միջոցով։ Ենթադրում եմ, որ պատը կառուցվել է մ․թ․ա․ 7-6-րդ դարերում, որովհետև այս տարի պատի մի հատվածում պեղումների ընթացքում բացվեց դամբարան, որն ուներ մարդու թաղում, խեցու բեկորներ, բրոնզե զարդերի մնացորդներ։ Խեցու բեկորները վերաբերում են մ․թ․ա․ 7-6-րդ դարերին», - նշում է Ա․Փիլիպոսյանը։

Այս ժամանակահատվածում ուսումնասիրել են կենտրոնական դամբարանը, որը գտնվում է հուշարձանի կենտրոնական մասում և այն պատը, որը ձգվում է հարավից հյուսիս։ Դամբարանի պեղումները մի քանի տարի տևեցին, որովհետև գումարները սահմանափակ էին։ Դրանք ցույց տվեցին, որ դամբարանախուցն ընդգծված արևելք-արևմուտք կողմնորոշում ունի և մուտք՝ դրոմոս, արևմտյան կողմից։ Հանգուցյալին այդ դրոմոսով ստորգետնյա ճանապարհով մոտ 7 մ տեղափոխել են, իջեցրել դամբարանախուց, տեղադրել այնտեղ և կատարել թաղման արարողությունը։ Դամբարանը թալանված էր, այնտեղ նկատվում էին 4 առանձին, տարաժամանակյա թաղումներ, որոնցից ամենահինը վերաբերում էր մոտ մ․թ․ա․ 17-16-րդ դարերին: Պահպանվել են այդ ժամանակաշրջանի գունազարդ խեցանոթների մի քանի բեկորներ, որ վերաբերում են միջինբրոնզեդարյան՝ կարմիրբերդյան մշակույթին: Այս հին թաղման մնացորդների վրա մ.թ.ա. 14-13-րդ դարերում կառուցվել է նոր դամբարանախուց, որում մ.թ.ա. 14-13-րդ, 10-8-րդ և 4-3-րդ դարերում հաջորդաբար կատարվել են վերաթաղումներ։ Չնայած այն հանգամանքին, որ դամբարանախցի պարունակությունը վերաթաղումների ժամանակ հնում պարբերաբար ենթարկվել է խաթարումների ու թալանի, այս 4 թաղումներն առանձին-առանձին ֆիքսվում են։ Ուստի կարելի է հիմնավորել, որ դամբարանը կառուցվել է մոտ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կեսերին և պարբերաբար վերաօգտագործվել շուրջ հազար տարի՝ նոր թաղումներ իրականացնելու նպատակով։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել է 5 մարդու կմախք: Ըստ նախնական տվյալների՝ մարդաբաններն առանձնացնում են 2 տղամարդու, 2 կնոջ և 1 երեխայի ոսկորների մնացորդներ: Երեխայի թաղումն ամենավերջինն է և վերաբերում է մ․թ․ա 4-3-րդ դարերին։ Կենտրոնական դամբարանում հայտնաբերվել են 20-ից ավելի տարբեր ժամանակների խեղեղենի մնացորդներ և ամբողջացող կավանոթներ, 10-ից ավելի բրոնզե ապարանջան, 5 երկաթե նիզակ, 2 երկաթե դանակ, 1 բրոնզե մազխիլ և բազմաթիվ պերճանքի առարկաներ։ Դամբարանը պեղելիս փաստվել է մի կարևոր հանգամանք ևս: Բանն այն է, որ դամբանախցի վերին շերտում հայտնաբերվել են զարգացած միջնադարի (11-13-րդ դարեր) կավանոթների բեկորներ և կապույտ ապակուց պատրաստված ապարանջանի մաս: Ուստի, չի բացառվում, որ միջնադարում, սելջուկների կամ մոնղոլների արշավանքների ընթացքում այս դամբարանները որոշակի ժամանակահատված որպես թաքստոցներ են ծառայել տեղաբնակների համար:

Ինչպես տեղեկացրեց հնագետը, հուշարձանի ամենահետաքրքիր հատվածում՝ կոնկրետ բնակավայրի տարածքում, ֆինանսական միջոցների սղության պատճառով հետազոտություններ առայժմ չեն իրականացվել: Այն պեղելիս, հետագայում հնարավոր է բացվեն և՛ տնտեսական, և՛ վարչական, և՛ ծիսական սենյակներ ու կառույցներ։ Խնդիրը դեռ բաց է մնում, միայն պեղումներից հետո գիտական ու հավաստի եզրակացություններ կարվեն։

Պեղումները գոհացուցիչ էին

«Այս տարի պեղեցինք ևս մի դամբարան՝ կենտրոնական դամբարանից 100 մ դեպի հյուսիս գտնվող, որը նույնպես ունի արևելք-արևմուտք կողմնորոշում, հյուսիսարևմտյան մասում՝ մուտք, բայց դամբարանն ամբողջովին դեռ պեղված չէ։ Հուսով եմ՝ հրաշալի նյութ կունենանք, որովհետև կարծես թե այս դամբարանն այնքան էլ խաթարված չէ․ խառնված շերտը պեղելիս նյութ քիչ է դուրս գալիս», - տեղեկացրեց արշավախմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ այն գումարը, որն իր սահմանափակ միջոցներից այնուամենայնիվ կարողանում է Գիտության պետական կոմիտեն ամեն տարի հատկացնել պեղումների համար, թույլ կտա առնվազն 50 տարի պեղել հուշարձանը։ Իսկ ընդդիմախոսների այն վարկածը, թե իբր միջազգային տարբեր կազմակերպություններից են ֆինանսավորում ստանում, Ա․ Փիլիպոսյանը միանգամից հերքեց․ «Միայն այս տարի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Արեշյանի տրամադրած հավելյալ գումարի շնորհիվ կարողացանք վերջնականապես անել հուշարձանի հանույթը, որը 1945թ․-ից հետո ոչ ոք չէր արել, այսինքն՝ վերջապես ստացել ենք հուշարձանի վերջնական հանույթը և մեր պեղած հուշարձանների հատվածները տեղադրել վերջինիս վրա: Այս առումով ուզում եմ, որ հանրությունն իմանա նաև, որ վերջերս անազնիվ խաղ է սկսվել հուշաձանի պեղման աշխատանքների, մեր կողմից իբր արտասահմանյան կենտրոններից փողեր ստանալու և  հնավայրում «լվանալու», մեզ հայրենասիրության դասեր տալու և, ընդհանրապես, ամեն կերպ կատարվող աշխատանքը վարկաբեկելու ուղղությամբ: Ուստի ես առաջարկում եմ իմ բոլոր ընդդիմախոսներին, բոլոր թերահավատներին և կասկածողներին մյուս տարի մասնակցել արշավախմբի աշխատանքներին, անձամբ պեղել մեր նախնիների երեքհազարամյա ժառանգության մասունքներն ու աջակցել այդ հարստության ի հայտ գալուն ու պահպանմանը: Սա, կարծում եմ անտեղյակությունից և աննպատակ արված ու գրված արտահայտություններից ավելի գործնական և ազնիվ ներդրում կլինի»։

Մինչ այժմ հայտնաբերված նյութի վերաբերյալ գիտնականը Ռուսաստանում, Վրաստանում հոդվածներ է տպագրել, զեկուցում կարդացել Լեհաստանում․ «Գիտական աշխարհը լուրջ է վերաբերում մեր կատարած ուսումնասիրություններին, նույնիսկ զարմանում, որ Հայաստանում կա նման եզակի մեգալիթյան հուշարձան, որոշները պատրաստակամություն են հայտնել տուրիստական խմբեր բերել՝ ծանոթանալու այդ հուշարձանին, իրենց հասու միջոցներով հանրահռչակել այն»։

«Այս տարի արդեն ավարտվել են պեղումները, կշարունակենք հաջորդ տարի: Կատարված աշխատանքի արդյունքները գոհացուցիչ են։ Ամփոփելով՝ ևս մեկ անգամ ասեմ, որ Զորաց քարերը, ըստ ստացված փաստացի տվյալների, միջինբրոնզեդարյան-երկաթեդարյան հզոր բնակատեղի է եղել և հարավային կողմում ունեցել է համայնքի սոցիալական ամենաբարձր խավի ներկայացուցիչների համար առանձնացված դամբարանադաշտ, որում այսօր առկա է շուրջ 30 մեծածավալ, տարբեր աստիճանի պահպանվածության դամբարանային համալիր։ Ապագայում կպեղենք նաև բնակատեղին և արդյունքում կունենանք հետաքրքիր տվյալներ Հայաստանի հարավային հատվածի միջին բրոնզի -  երկաթի դարաշրջանների ամենակարևոր մեգալիթյան հուշարձաններից մեկի մասին, որը եզակի է ամբողջ Մերձավոր Արևելքի սահմաններում։ Այս տարի մեր արշավախմբի աշխատանքներին մասնակցել է շվեդ հնագետ Ռիչարդ Հոլմգրենը, պեղումները դիտելու և մեկնաբանելու է եկել 9 հնագետ՝ ԱՄՆ-ից և Ավստրալիայից: Նոր բացահայտումներն առջևում են»։

Արմինե Հարությունյան


19:00 09.10.2018

Ամենաշատ ընթերցվածները