ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ձգտումը՝ միշտ առաջնագծում լինել
18:00 12.10.2018

Ձգտումը՝ միշտ առաջնագծում լինել

Լյուդվիգ Լենդրուշի Ստեփանյան

Ծնվել է 1957 թվականի ապրիլի 9-ին հանքափորի ընտանիքում։

1964 թվականին հաճախել է Կապանի թիվ 9 դպրոց։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Կապանի պրոֆտեխուսումնարան, ձեռք բերել փականագործի մասնագիտություն։ 1973 թվականին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Գերմանիայում, աչքի ընկել սպորտային կարողություններով, արժանացել «ոսկե նշան»-ի։ Ծառայությունից հետո վերադարձել է Կապան՝ անցնելով աշխատանքի ավտոնորոգման գործարանում որպես փականագործ։

1981 թվականին ամուսնացել է, ունի երկու երեխա՝ մեկ աղջիկ և մեկ տղա։

1982 թվականից աշխատել է Կապանի լեռնահարստացման կոմբինատում որպես հորատող բանվոր, մինչև 1992 թվականի ապրիլ ամիսը՝ չարաբաստիկ չհայտարարված ընդհարումները ազերիների հետ։ Լյուդվիգը վայր դրեց իր աշխատանքային գործիքները և կամավոր գնաց պաշտպանելու հայրենիքը։

Մարտական ուղի

Ապրիլի 26-ին մեկնում է Ն․Հանդ սահմանային գյուղ։ 7 օր մնում են մեկուսացման մեջ՝ մինչև օգնության են գալիս ընկերները։ Ապա երրորդ գումարտակը տեղափոխվում է մի բարձունք, այնտեղից սկսում հալածել Աղքենդ գյուղում տեղավորված թուրքերին։ Լյուդվիգը գիշերով գնում է տուն, վերցնում մոտ 30 ապակե շիշ, լցնում դիզվառելիք, վառում ու գցում միջանկյալ տարածք, որպեսզի առատ խոտածածակը վառելու միջոցով բացեն ու տեսանելի դարձնեն դաշտը, հետևապես և թշնամու շարժը։ 

Լյուդվիգը միշտ եղել է առաջին գծում, շատ ուշադիր էր և փորձված, դիպուկ նշանառու էր։ Ապրիլի 24-ին առաջին արկը Սյունիքի ուղղությամբ 9 երիտասարդի կյանք խլեց, որից 2-ը շահումյանցի էին՝ Լյուդվիգի ընկերները։ Այդ դեպքից հետո նա ինքն իրեն խոստացել էր , որ վրեժխնդիր կլինի ընկերների մահվան համար։ Այդ նպատակով միշտ առաջնագծում էր լինում։ Օգոստոսի 5-ին ականներ վնասազերծելու ընթացքում չհասցրեց հանել վերջին ականը․․․

Սերը ապրում է

Կինը այսքան տարի հետո էլ չի համակերպվում ամուսնու մահվան հետ։ Հպարտությունը և սերը զգացվում էին ամեն բառում։ Այնպես էր պատմում ամուսնու մասին, որ մի պահ թվաց, թե իրապես ճանաչել եմ նրան։ «12 տարվա համատեղ կյանքում հասցրել էինք իրար շատ կապվել։ Լյուդվիգը հոգատար, բարեհամբույր, համեստ ամուսին էր և մեծատառով մարդ։ Ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Ուներ պատասխանատվության բարձր զգացում։ Հենց այդ պատասխանատվությունն էլ նրան հասցրեց առաջնագիծ, որտեղ էլ որպես ավագ ընկեր հանձն էր առել տղաների կյանքի համար պատասխանատվությունը։ Շատ էր սիրում երեխաներին, միշտ ասում էր՝ լավ կլիներ մի զույգ ունենայինք, ես էլ պատասխանում էի, որ երբ կթողնի մարտական կյանքը, այդ ժամանակ անպայման կունենանք, այդպես էլ անկատար մնաց ցանկությունը․․․», - ասում է տիկին Մարգարիտան։ Նրա խոսքով՝ երեխաները նույնպես հոր նման են բնավորության որոշ գծերով՝ համեստ են, զուսպ, քչախոս։

Հանդիպում և հրաժեշտ՝ մեկ օրում

Աղջիկը հիշում է․ հոր մահվան օրը ուներ ներքին անհանգստություն, կարծես զգում էր, որ այդ օրը վերջինն է լինելու հոր համար։ «Վերջին օրը, երբ հայրս սովորականի պես պետք է դիրքեր գնար, ես Մեղրիում էի՝ տատիկի տանը։ Մի տեսակ ներքին տագնապ ունեի և անընդհատ ուզում էի Կապան գալ։ Տատիկիս համոզեցի, և ինձ ուղարկեց տուն։ Հայրիկիս հանդիպեցի կանգառում․ ես վերադառնում էի տուն, իսկ նա գնում էր դիրքեր։ Դա մեր  վերջին հանդիպումը և հրաժեշտն էր․․․», - ասում է աղջիկը։

Ներքին ձայն

«Լյուդվիգի մահից հետո ես չհասկացա՝ ինչպես անցան հաջորդող 11 ամիսները։ Անընդհատ լսում էի նրա ձայնը և թվում էր, թե կանչում է ինձ։ Գրեթե ամեն օր, օրվա տարբեր ժամերի բարձրանում էի Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դնում, լացում, հանգստանում և տուն գալիս։ Մի օր էլ կրկին բարձրացել էի հուշահամալիր, էլի ինձ թվաց, թե նա կանչում է ինձ, բայց կարծես բարկացած։ Արագ իջա տուն և հասա հենց այն պահին, երբ երեխաները տնից գտել էին կրակած փամփուշտների պարկուճներ, որոնք Լյուդվիգը իր հետ մարտերից էր բերել, և մուրճով ուզում էին ջարդել դրանք։ Այդ պահին ըմբռնեցի, որ այդուհետ երկու երեխայի պատասխանատվությունը միայն ինձ վրա է, պետք է զգացմունքները կառավարել հանուն երեխաների։ Տարիներ շարունակ նկուղային հարկում միայնակ մեծացրի երեխաներին՝ ոչ մեկից երբևէ ակնկալիքներ չունենալով», - արցունքները հազիվ զսպելով՝ պատմում է կինը։

Լյուդվիգը քչախոս էր, բայց միշտ ճիշտ պահին գտնում էր անհրաժեշտ բառեր։ Դրա մասին միշտ խոսել են նրա շրջապատի մարդիկ։ Նա քիչ էր խոսում, բայց ամեն ինչ ցույց էր տալիս գործով։

Ընտանիքը այսօր

Այսօր Լյուդվիգի ընտանիքը ապրում է Կապանում։ Տղան՝ Վարդանը, ունի երկու զավակ՝ մեկ աղջիկ և մեկ տղա, իսկ աղջիկը՝ Աննան՝ երեք երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։

«Այնքան լավ կլիներ, որ նա  ողջ լիներ և տեսներ իր թոռներին, նրանց հպարտությունը պապիկի մասին խոսելիս։ Մենք թոռներիս պատմում ենք, որ իրենց պապիկը հերոս է», - ասում  է տիկին Մարգարիտան։

Նա միայն մի մտահոգություն ունի, այսօր հերոսների ընտանիքները կարծես անտեսված են։ «Ես երկար տարիներ աշխատել եմ Կապանի ազատամարտի կոմիտեում։ Ամեն օր հերոսների ընտանիքներից գալիս էին և հետաքրքրվում, թե ինչ է պետությունը նախատեսում իրենց ընտանիքների համար։ Արդեն չգիտեինք՝ ինչ պատասխան տանք այդ մարդկանց։ Պետությունից ֆինանսական աջակցություն եթե նույնիսկ չկա, գոնե ուշադրության կենտրոնում պահեն մեր հերոս տղաներին, հիշեն նրանց թեկուզ  առիթներին։ Այդ տղաները իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի, բայց այսօր շատերն են մոռացել նրանց գործը։ Եթե մի քանի տարի անց չեն հիշում, ի՞նչ ենք մենք փոխանցելու նոր սերնդին», - ասում է կինը։

Սոնա Օհանջանյան

18:00 12.10.2018

Ամենաշատ ընթերցվածները