ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հանուն Հունանի
16:00 16.10.2018

Հանուն Հունանի

Հանուն Հունան Պողոսյանի և արդարության պետք է ասել, որ վերջին օրերի թիվ մեկ նորությունը նախկին փոխոստիկանապետին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումն է։ Պաշտոնապես, ըստ իր կողմից տրամադրված հայտարարագրի, ամենահարուստ նախկին փոխոստիկանապետի նշանակումը չէր կարող իմիջիայլոց անցնել հասարակության լայն շրջանակների համար։ Համակարգում նրան հարգում էին, ասում էին՝ սկզբունքային ոստիկան է։ Իսկ քաղաքացիական հասարակությունը հակադարձում է տրամագծորեն հակառակ կերպով։ Ակտիվիստները համացանցում հիշեցրին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ Հունան Պողոսյանի բիրտ հրամանները։

Տարբեր հասարակական կազմակերպություններ առաջ քաշեցին դատական գործընթացներ ընդդեմ նախկին փոխոստիկանապետի, որոնք պարզապես ցնդեցին դատական համակարգի միջանցքներում։ Ակտիվիստները պատմեցին ոչ բարով հանդիպումների մասին, որտեղ ականատես եղան Հունան Պողոսյանի կացնային քաղաքականությանը, որի արդյունքում ոտնահարվեցին իրենց իրավունքները։

Կողմ և դեմ կարծիքների և փաստական օրինակներով արտահայտվողների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն։ Հունան Պողոսյանը քրեական հետախուզության գծով փոխոստիկանապետ էր նախկին, անպատիժ, չվերահսկվող իշխանական համակարգի բուրգում, իսկ այդտեղ մարդկանց նշանակում և պահում էին ոչ թե նրբագեղ մշակութային ճաշակի դրսևորումների համար, այլ բիրտ և կոնկրետ գործողությունների իրականացման համար, որոնք Հունան Պողոսյանի պարագայում շատ հեռու են միանշանակ լավը լինելուց։

Եվ ուրեմն, պի՛նդ կաց, ազա՛տ ու հպա՛րտ սյունեցի, քեզ ոչ միանշանակ ապագա է սպասվում նորանշանակ մարզպետի հետ։ Ամեն դեպքում «դըմփ, դըմփ, հու՛» անելիս նայե՛ք, որ Հունան Պողոսյանը ձեր թիկունքում կանգնած չլինի։

«Զանգեզուր պրես»

16:00 16.10.2018

Ամենաշատ ընթերցվածները