ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ուղղահայաց անկում
17:00 16.10.2018

Ուղղահայաց անկում

2010թ․ սեպտեմբերին ՀՀ նախագահ Ս․Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Մ․Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռ․Հայրապետյանը հանդիավորությամբ բացել են Ավանի տեխնիկական կենտրոն ֆուտբոլային ակադեմիան, որը կոչված էր նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Համացանցում այսօր էլ գրառում կա այն մասին, որ հինգ ֆուտբոլային խաղադաշտ ունեցող և բազմաթիվ ծառայություններ մառուցող համալիրը խոշորագույնն է Հարավային Կովկասում և լավագույններից մեկը՝ Եվրոպայում։

Հոկտեմբերի 13-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ազգերի լիգայի մրցաշարում իր հերթական խաղն անցկացրեց ֆուտբոլային աշխարհում նորածին համարվող Ջիբրալթարի հավաքականի հետ և պարտվեց 0։1 հաշվով։ Նախօրեին մեր թիմից մի քանի հոգի ֆուտբոլասերներին կոչ են արել գալ մարզադաշտ և աջակցել՝ խոստանալով ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար, իսկ արդեն պարտությունից հետո սկսեցին արդարանալ, թե մրցակցին չեն թերագնահատել, ուղղակի չստացվեց, դարպասապահը փրկում էր թիմին։

Բանն ամենևին էլ այն չէ, որ թիմը պարտություն կրեց։ Պարտություններ կրել են Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Իսպանիայի՝ ֆավորիտ համարված հավաքականները, պարտություններ կրել են «Բարսելոնան», «Ռեալը», «Չելսին», «Լիվերպուլը»․․․ Բայց մի բան է պարտվել՝ հաղթանակի համար բոլոր ուժերը ներդնելով, մի այլ բան՝ խաղադաշտ մտնել օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է։ Ի վերջո, գնդակը կլոր է, կարող է հայտնվել և՛ այս, և՛ մյուս դարպասում։ Ես  չեմ հիշում, թե Երևանի «Արարատը» ինչ հաշվով է ավարտել իր խաղը այսինչ թվականի այսինչ օրը Մոսկվայի «Սպարտակի» կամ «Տորպեդոյի» հետ, բայց հիշում եմ Ա․Անդրեասյանի թեթևաքայլ խաբսերը, Է․Մարգարովի շրջադարձ հարվածները, Հ․Զանազանյանի կամ Ս․Բոնդարենկոյի դիպուկ կրակոցները։ Հիշում եմ նաև Լ․Իշտոյանի խփած գոլերը Կիևի «Դինամոյին» ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում։

Իսկ ի՞նչ կարելի է հիշել Ջիբրալթարի՝ հիմնականում սիրողական մարզիկներից կազմված ընտրանու հետ խաղից․ գնդակի աննպատակ ու ոչ ճշգրիտ փոխանցումնե՞րը, հեռվից կատարված չափազանց բարձր հարվածնե՞րը, թե՞ ունեցած հնարավորությունների իրացման անկարողությունը։ Եվ պետք չէ խաղի ամբողջ ծանրությունը թողնել միայն Հ․Մխիթարյանի ուսերին։ Մի ծաղկով գարուն չի՛ լինում։ Կոլեկտիվ խաղում ամենամեծ վարպետներն անգամ ձախողվում են, եթե ամեն ինչ բարդվում է  նրանց վրա։

Մեր հավաքականին պակասում է ֆիզիկական պատրաստությունը, տեխնիկական պատրաստությունը, եռանդը, նվիրումը, կոլեկտիվիզմը։ Առջևում չկա պաշտպաններին շփոթեցնող տեղաշարժ, գնդակ ընդունելու առաջարկ, իսկ եթե որևէ մեկը հայտնվում է նպաստավոր դիրքում, ապա կատարած հարվածը անչափ շեղ է ստացվում, մինչդեռ միայն հարվածի ուժն ու դիպուկությունը համատեղելով՝ կարելի է դարպասի գրավում ակնկալել։

Մի քանի տարի առաջ մեր ազգային հավաքականը դասակարգման աղյուսակում տեղ էր զբաղեցնում 4-5-րդ տասնյակի սահմանագծին։ Պատվաբեր հաշիվ է գրանցվել Դանիայի, Սլովակիայի, Պորտուգալիայի ուժեղ թիմերի հետ խաղերում, իսկ որ ավելի կարևոր է, այս հաջողությունները մրցակիցները չեն նվիրել մեզ, այլ ինքներս ենք վաստակել։

Հոդվածը սկսեցինք Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու կոչված իրադարձության հիշեցումով։ Մարզաձևի զարգացմանն ուղղված այլ ձեռնարկումներ էլ են եղել, բայց բուն հայկական ֆուտբոլը, փաստորեն, ոչ մի զարգացում էլ չի ապրել։ Այլապես այսօր մեր հավաքականը պիտի համալրված տեսնեինք տեղում աճած նոր մխիթարյաններով, մովսիսյաններով, Մարգարովով ու Իշտոյանով։ Միայն այսպես մեր հավաքականը հրաժեշտ կտա գաճաճների խմբին ու երբեք պարտություն չի կրի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղը զբաղեցնող իսկապես գաճաճ Ջիբրալթարի հավաքականից։

Անկախ այսօր Մակեդոնիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման արդյունքից՝ ջիբրալթարյան մեր մարզական ողբերգության տպավորությունը դեռ կշարունակի ապրել մինչև․․․

Սլավիկ Նավասարդյան

17:00 16.10.2018