ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գնահատվեցին թատերարվեստի ներկայացուցիչները
18:00 16.10.2018

Գնահատվեցին թատերարվեստի ներկայացուցիչները

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետին փոխարինող Գոռ Թադեւոսյանն ընդունել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներին եւ դերասան, բեմադրիչ Գրիշա Մարգարյանին: Թատրոնը սեպտեմբերի 11-16-ը արդեն երկրորդ անգամ մասնակցել է Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված միջազգային «Սպիտակ աշտարակ» թատերական փառատոնին, որին մասնակցում էին 27 թատրոն ու թատերական խումբ 19 երկրներից։ Կապանի թատրոնը փառատոնի ժամանակ ներկայացրեց Անտոն Չեխովի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Կարապի երգը» ներկայացումը. բեմադրությունը, նկարչական, երաժշտական ձեւավորումը՝ Գրիշա Մարգարյանի, դերակատար՝ Արամ Հայրապետյան։ 

Թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը փառատոնում արժանացավ մրցանակի՝ «Հայ թատերական արվեստի զարգացման համար», դիպլոմի արժանացավ դերասան Արամ Հայրապետյանը:

Գոռ Թադեւոսյանը շնորհավորեց հյուրերին՝ գրանցած հաջողությունների համար եւ կարեւորելով ու գնահատելով թատրոնի դերը մեր մարզի մշակութային կյանքում՝ շնորհակալություն հայտնեց Սյունիքի պատիվը դրսում բարձր պահելու համար: Նա, միջազգային փառատոնում հայ թատերական արվեստն ըստ արժանվույն ներկայացնելու համար շնորհակալագրեր հանձնեց ներկայացման բեմադրիչ Գրիշա Մրագարյանին, դերասան Արամ Հայրապետյանին, օպերատոր Նարեկ Իսրայելյանին, եւ քանի որ թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր, նրա շնորհակալագիրը փոխանցվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց մարզպետարանին՝ իրենց արվեստն ու աշխատանքը գնահատելու համար: 

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը «Սպիտակ աշտարակ» փառատոնին առաջին անգամ մասնակցել էր 2016-ին՝ Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակի մոտիվներով ստեղծված բեմադրությամբ:

Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

18:00 16.10.2018