ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դասախոսություն, որն ուղղորդում է քոլեջի ուսանողին
20:00 05.12.2018

Դասախոսություն, որն ուղղորդում է քոլեջի ուսանողին

Տնտեսագիտության միջազգային դպրոցի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանի մարզերի  ուսումնական հաստատություններում կազմակերպվում են փորձի փոխանակման դասախոսություններ տնտեսագիտության եւ բանկային ոլոտների վերաբերյալ: Նմանօրինակ դասախոսություն էին կազմակերպել նաեւ Սիսիանի պետական քոլեջում, որտեղ, ինչպես նշեց ծրագրի մասնակից Վահե Հովհաննիսյանը, դասավանդվում են տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում, աուդիտ մասնագիտությունները, որոնց անմիջապես առնչվում է այս ծրագիրը: 

«Ինքս տնտեսագիտության միջազգային դպրոցի շրջանավարտ եմ, կրթություն ստացել եմ Հայաստանից դուրս, վերապատրաստվել Պրագայում, հիմա դասավանդում եմ Ամերիկյան համալսարանում, աշխատում ՌԶԳ գրասենյակում որպես ծրագրի ղեկավար, եւ սիրով կիսվում եմ իմ փորձն ու գիտելիքները քոլեջի ուսանողների հետ միկրոէկոնամիկայի, մակրոէկոնոմիկայի եւ տնտեսագիտության հետ կապված հարցերի շուրջ, քանի որ սրանք այն ոլորտներն են, որտեղ խնդիրներ կան, այսինքն` մատուցման ձեւերը այլեւս արդիական չեն, եւ մենք փորձում ենք մեր այցերի միջոցով ուսումնական հաստատություններում տնտեսագիտության մատուցման մակարդակը մի քիչ ավելի բարձրացնել»,-ասում է Վահե Հովհաննիսյանը եւ հավելում, որ ուսանողները հետաքրքրությամբ են ունկնդրել նոր մեթոդներով մատուցվող դասախոսությունը, տվել հետաքրքրող հարցեր, ստացել անհրաժեշտ պատասխաններ:

Ծրագրի մասնակից Նարեկ Մկրտչյանը, ով Յունիբանկի աշխատակից է, կարեւորեց նման հանդիպումները ուսանողների հետ, նշելով, որ այս հանդիպումների նպատակը տնտեսագիտության տարբեր ոլորտների հետ առնչվող հարցերի քննարկումն է:

«Հարցերը, որ քննարկում էինք, մեր սովորելու տարիներին անցնում էին անհետաքրքիր մեթոդներով, կյանքը ամեն օր փոխվում է, իսկ տնտեսագիտության մեթոդները մնում են նույնը, ինչը արդյունավետ չի կարող լինել ժամանակակից աշխարհում եւ նոր ժամանակների ուսանողների համար, ուստի մենք փորձում ենք դրանք համադրել իրական կյանքի հետ, որպեսզի  հետաքրքիր լինի, իրական կյանքի հետ պրակտիկ գիտելիքներ տալով` կարողանանք տեսությունն ամրապնդել ուսանողի ուղեղում: Կարծում եմ` նրանք յուրացրեցին, քանի որ թեման հետաքրքրում էր իրենց: Մենք խոսում էինք մակրոէկոնոմիկայի ոլորտներից մեկից, որը հիմնականում մաթեմատիկական ֆորմուլաներ է ներառում իր մեջ, այն բնականաբար հետաքրքիր չէր լինի, լսարանը կեսից կդատարկվեր, ուստի փորձեցի ի սկզբանե ներկայացնել բազային այն հիմքը, ինչն անհրաժեշտ է հաջորդ քայլի համար` պրակտիկայում օգտագործելու նպատակով»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Սիսիանի պետական քոլեջի ուսանողների հետ նոր մեթոդներով տնտեսագիտական թեմաներով դասախոսություններ անցկացնելը կարեւորեց նաեւ քոլեջի տնօրեն Վարոս Սիմոնյանը, նշելով, որ քոլեջում գործում է կարիերայի կենտրոն, որը զբաղվում է ուսանողների հետագա աշխատանքի ապահովվածության խնդրով, այցելեություններ են կազմակերպում արդյունաբերական, գյուղատնտեսական ձեռնարկություններ, տուրիտական հյուրանոցներ, որպեսզի ուսանողները կարողանան կողմնորոշվել, մասնագիտություն ընտրել, իսկ այսօրվա հանդիպումը տնտեսագետի եւ բանկային մասնագետի հետ ուսանողներին ուղղորդող նմանատիպ ծրագրերից մեկն է եւ ցանկություն հայտնեց շարունակել այդպիսի հանդիպումները քոլեջի ուսանողների հետ:

Աղբյուր՝ vorotan.am

20:00 05.12.2018

Ամենաշատ ընթերցվածները