ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Եվ այդ մեկ մարդը ո՞վ է
17:00 07.12.2018

Եվ այդ մեկ մարդը ո՞վ է

Երկու օրից, դուք, հարգելի՛ ընթերցող, գնալու եք ընտրատարածք՝ ստանալու 11 քվեաթերթիկ, որպեսզի ընտրեք կուսակցություն և ռեյտինգային թեկնածու: Այս պատասխանատու որոշումը ընդունելուց առաջ հաշվի առեք ընդամենը երկու հանգամանք:

Արդյո՞ք այն կուսակցությունը, ում քվեաթերթիկը դուք պինդ կսեղմեք ձեր ձեռքում մինչ քվեատուփ հասնելը, ձեզ իրազեկել է երկու կարևորագույն հանգամանքի մասին: Առաջինը՝ ովքեր են լինելու այդ կուսակցության կառավարության անդամները, և երկրորդը՝ ինչ են պատրաստվում անել-ավարտել գալիք 2, 5, 10 տարվա ընթացքում: Ինչու՞ է սա կարևոր: Սա կարևոր է այն պարզ պատճառով, որ նոր, հետհեղափոխական Հայաստանում մենք՝ լրագրողներս, քննադատելու ենք ոչ միայն ընտրվածներին, այլև նրանց անխոհեմ իշխանության բերողներին նույնպես: Այլևս անընդունելի են լինելու ձեր արդարացումները, թե կաշառեցին, ալարեցի ընտրել, չխորացա խոստումների մեջ, չպատկերացրի ընտրության լրջությունը:

Վերոգրյալը շատ կարևոր է նաև այն առումով, որ Ազգային ժողովում ընտրվածները պատեհ- անպատեհ ձեր անունը տալու են: Ասելու են՝ այսպես ենք անում, քանզի մեզ ձայն է տվել ժողովուրդը: Նրանք չարաշահելու են ձեր վստահությունը ԱԺ-ում, չկասկածեք գեթ մեկ վայրկյան:

Իսկ դուք, ձեր հերթին մի՛ թողեք մեր կողմից նշված հանգամանքների պարզաբանումը, քանի որ, եթե դուք մանկավարժ եք, ապա ձեզ պետք է կողմնորոշի հնարավոր ԿԳ նախարարի թեկնածությունը և կրթության ոլորտում փոփոխություններ անելու նրա պոտենցիալ կարողությունը։ Դուք պետք է համոզված լինեք, որ այդ կուսակցության, կոնկրետ այդ նախարարի թեկնածուն տիրապետում է ոլորտին և տեսնում է այդ ոլորտի զարգացումը ինչ-որ կերպ, կարճաժամկետ և երկարաժամկետ առումով:

Ուստի ստացվում է, որ շատ կարևոր է, թե ով է այդ մեկ մարդը և նրա ձայնը: Ինչպես Նիկոլն է ասում՝ այդ մեկ մարդը դու ես:

«Զանգեզուր պրես»

17:00 07.12.2018

Ամենաշատ ընթերցվածները