ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Երկու Կարենը մի լավ գումարտակ է»
18:00 08.12.2018

«Երկու Կարենը մի լավ գումարտակ է»

Կարեն Կիմի Սարգսյան

Ծնվել է 1968թ․ ապրիլի 25-ին Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղում, ծառայողի ընտանիքում։ Սովորել է Կապանի թիվ 7, այժմ հիմնական, նախկինում՝ միջնակարգ դպրոցում։ 1983թ․ ընդունվել և 1987թ․ ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը, ստացել շինարարի մասնագիտություն։

1987-1989թթ․ ծառայել է Բաթում քաղաքի մոտոհրաձգային գնդում՝ որպես տանկիստ։

1989թ․ աշխատանքի է ընդունվել Կապանի կոշիկի ֆաբրիկայում՝ որպես ձևող վարպետ։     

Մարտական ուղին

Արցախյան շարժման առաջին օրերից Կարենը անդամագրվեց Կապանի երկրապահ ջոկատին։  Նա առաջին մկրտությունը ստացավ Կապան-Գորիս մայրուղու անվտանգությունը պաշտպանելու ժամանակ, երբ երկրապահ ջոկատի կազմում թշնամու կրակի տակ ուղեկցում էր ավտոշարասյուները։  Պատերազմի առաջին օրերին Կապան եկավ գնդապետ Բաղդասարյանը։ Նա պահեստազորի սպա էր, հրետանու մասնագետ։ Կարենը մի խումբ տղաների հետ ընդգրկվեց գնդապետի կազմակերպած ջոկատում և մի քանի ամիս շարունակ գործնական պարապմունքի միջոցով տիրապետեց հրետանավորի մասնագիտությանը։ Տղաների առաջին մարտական փորձությունը Ճակատենում էր։ Կարենը, Վարուժան Մանուկյանը, Գագիկ Ալթունյանը, Գալուստը և Սպարտակը միասին խփեցին ռազմամթերք տեղափոխող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան։ Ավելի ուշ՝ հրանոթի վրա ծառայելու ժամանակ, Կարենը խփեց մեկ այլ ավտոմեքենա, որը նույնպես ռազմամթերք էր տեղափոխում։        

Չնայած նրան, որ Կարենը հրետանավոր էր, բայց երբ լռում էր հրետանին, վերցնում էր ինքնաձիգը և մեկնում առաջին գիծ կամ թշնամու թիկունք՝ հետախուզության։ Առաջին գիծը Կարենին ձգում էր, ուստի 1993թ․ հունվարին տեղափոխվեց Կապանի ինքնապաշտպանության գումարտակ՝ որպես հետախույզ։

Մասնակցել է Ղազանչիի, Աղքենդի, Ջամբարի, Սեիդլարի մարտերին, ինչպես նաև Սրաշեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ գյուղերի պաշտպանության մարտերին։

1993թ․ փետրվարի 25-ին գումարտակը հրաման ստացավ գրավել Պեխին խութ բարձունքը, որտեղ թշնամին պաշտպանական ամուր դիրքեր էր ստեղծել։

Կարենը, Արա Կոստանդյանը, Արամը, թիկունքից շրջանցելով հակառակորդի դիրքերը, հանկարծակի հարձակումով լռեցրին թշնամու հրանոթը։ Կես ժամ հետո տղաների բացած ուղիով ջոկատը առաջ շարժվեց։

Մայիսի 22-ին ստորաբաժանումը հրաման ստացավ գրավել «Տրիցատկա» բարձունքը։ Հետախուզական ջոկատը՝ թվով 9 հոգի, գիշերվա ժամը 1։30-ին մտավ թշնամու խրամատները։ Կարենը առգրաված «Գրադ» կայանքից կրակ բացեց թշնամու ուղղությամբ, նա ժամանակին հասցրել էր տիրապետել զենքի այս տեսակին ևս։

Մասնակցել է Ն․Հանդի և Սրաշենի մարտերին։ Այստեղ նա դարձյալ առաջին գծում էր։

Շիկահողի «Կռնան» կոչվող աղբյուրից ձախ բարձրանում է Շարուքար բարձունքը, որի գրավման ժամանակ նա փրկեց իր մարտական ընկերների կյանքը։ Տղաների մոտ վերջացել էին փամփուշտները, երբ դիմացից հանկարծակի դուրս եկավ զինված ադրբեջանցին՝ պատրաստվելով կրակի տակ առնել անզեն տղաներին։ Կարենի զենքը ավելի շուտ կրակեց, և տղաները հրաշքով փրկվեցին։

1993թ․ օգոստոսի 18-ին Կարենը և ընկերները առաջադրանք ստացան բարձրանալ Շուքուրաթաս-Բարթաս, որտեղից ադրբեջանական «գրադը» պարբերաբար կրակում էր գյուղերի, ճանապարհների վրա։ Տղաները խորացան մթնաձոր՝ անցնելով մոտ 38 կմ՝ թշնամու դիրքերը։ Մարտական ընկերների հետ Կարենը ժամը 6-ին հասավ «Արյան ծառ» կոչվող վայրը։ 1920թ․ այդ վայրից կրակում էր Նժդեհի հրետանին, իսկ 1993թ․ կրակում էր ադրբեջանական գրադը։ Հարձակումը սկսելուց առաջ հանկարծ լսեց երեխայի ձայն։ Կարեն Սարգսյանը կայացրեց կարևոր որոշում՝ սպասել այնքան, մինչև երեխան իջնի գյուղ, իսկ եթե երեխան մնա, ապա իրենք կհեռանան՝ առանց կրակոցի։ 40 րոպե անց երեխան իջավ խրամատից, ևս կես ժամ, և ադրբեջանական պահակակետը շրջապատված էր։ Առաջինը խրամատ մտավ Կարենը, թշնամու զինվորները թվով 8-ն էին, խրամատը գրավված էր․․․

Շրջափակման մեջ չընկնելու համար տղաները արագորեն հեռացան։ 1993թ․ Կարենը մասնակցել է Կուբաթլուի գրավմանը։

«Մարինե՛, մամային չասես․․․»

Մարինեն՝ Կարենի քույրը, հիշելով և դարձյալ վերապրելով անցյալը, պատմում է․ «Երբ տասնութը լրացավ, առողջական վիճակի պատճառով կարող էր ազատվել բանակից, սակայն ինքն ու հայրս չհամաձայնեցին։ Հայրս ծանր սրտային հիվանդ էր, ու Կարենը կարծես կանխազգում էր, որ նրան այլևս չի տեսնելու։ Հավաքակայանում հասկանալով, որ ծառայության են ուղարկում ԳԴՀ՝ փախավ բուժհանձնաժողովի ստուգումից ու հետո զինակոչիկների մեկ ուրիշ խմբի հետ ուղարկվեց Բաթումում տեղաբաշխված զորամաս։ Մի քանի ամիս անց, երբ հայրս մահացավ, չնայած ուղարկված երեք հեռագրերին, հրամանատարությունն իրեն բավական ուշ հայտնեց այդ լուրը, նա հայրիկի թաղմանը չկարողացավ հասնել։

Կարենը դեռ բանակում էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Զորացրվելուց մի քանի ամիս առաջ նամակներով տնից անընդհատ դրամ էր պահանջում՝ իրեն դուր եկած ինչ-որ կոստյում գնելու համար, ու մայրս զարմանում էր․ չէ՞ որ հայրս Կարենի համար ամեն ինչ վաղօրոք  գնել էր։ Նա դեռ չգիտեր, որ որդուն շատ դուր եկած այդ կոստյումի անունը «աֆղանկա» էր»։

Զորացրվելուց հետո  Կարենը որպես ձևարար աշխատանքի անցավ հոր՝ Կիմ Սարգսյանի հիմնադրած կոշիկի արտադրամասում, բայց շուտով սկսեց տուն գալ ուշ գիշերով։ Մայրս շատ էր անհանգստանում՝ կարծելով, թե որդին վատ շրջապատ է ընկել, ու միայն հետագայում իմացավ, որ աշխատանքից հետո տղան գնում է սահմանամերձ Կարմրաքար, կամավորների հետ ուղեկցում Կապանից Գորիս մեկնող ավտոշարասյուները։ Հետո, երբ մեկ-երկու օրով տուն էր գալիս, և սկսվում էր քաղաքի հրետակոծումը, անմիջապես վերադառնում էր դիրքեր, հաճախ նույնիսկ առանց ապաստարանում ինձ և մայրիկիս այցելելու։  Մի անգամ էլ՝ հրետակոծման կարճատև դադարին, երբ դուրս էի եկել փողոց՝ ջուր բերելու, ինձ տեսավ, խստիվ պատվիրեց․ «Մարինե՛, հանկարծ մամային չասես, ես հետ եմ գնում»։ Ու մինչ մայրս հասել էր շտաբ, կամավորների առաջին խմբի հետ Կարենն արդեն մեկնել էր Ագարակ։ Այդ օրը 1992թ․ դեկտեմբերի 24-ն էր, ադրբեջանական խուժանը մտել էր գյուղ։

Երբ թշնամին մտավ Սրաշեն, ու ինքնապաշտպանության գումարտակում ուշ գիշերով տագնապ հայտարարվեց, վերստին առաջիններից մեկը հասավ այնտեղ ու ընկերների հետ գնաց հետախուզության։ Հիմնական ուժերը տեղ հասան այն ժամանակ, երբ իրենք արդեն մարտի էին բռնվել թշնամու հետ։

Կարենը միջահասակ էր ու ամրակազմ, կարողանում էր արագ և ճիշտ դիրքավորվել, երբեք ցույց չէր տալիս, թե վախենում է։ Ընկերները պատմում էին, որ պայքարի սկզբում, երբ դեռ ողջ զինամթերքը շալակած էին տանում, ինքը հետևում էր բոլորին ու վերելքների ժամանակ դժվարանալիս օգնում, թեև սովորաբար ամենից ծանրը իր բեռն էր լինում։ Իսկ դիրքերում, երբ զգում էր, որ հացը չի հերիքում, ինչ-որ պատճառ գտնելով, մի կողմ էր հեռանում, որ ընկերները ուտեին։

Կարենը 1992-ի դեկտեմբերին մասնակցեց նաև Ղազանչիի հենակետի ոչնչացմանը, որտեղից թշնամին հրետանային տարբեր կայանքներով ու խոշոր տրամաչափի գնդացիրներով ավերում էր քաղաքը։ Ադրբեջանցիներին փախուստի մատնելուց հետո անմիջապես գնաց հետախուզության՝ առավել ստույգ տվյալներ ներկայացնելու համար։

Նա զոհվեց 1993 թվականի հոկտեմբերի 29-ին՝ թշնամական հենակետերի ոչնչացման ժամանակ, հակահետևակային ականի պայթյունից։ Իսկ զոհվելու հինգերորդ տարելիցի օրը հետախուզական դասակի հրամանատար Կարեն Սարգսյանին հետմահու շնորհվեց լեյտենանտի կոչում։

Այսօր Կապանի թիվ 7 դպրոցում Կարեն Սարգսյանի անունով անվանակոչված դասարան կա։ Նրա ծննդյան և զոհվելու օրերին աշակերտները այցի են գալիս՝ ծաղիկներ դնում շենքի բակում Կարենի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին։ Տուն միայն մարտական ընկերները և Մանվել Օհանյանն են գալիս՝ հետաքրքրվելու, թե ինչպես են ապրում մայրը և քույրը։ «Մենք գուցե շատ բանի կարիք ունենք, բայց սովոր չենք խնդրելու։ Պաշտոնյաներին ևս չենք դիմում, - ասում է Մարինեն, - Մանվելին չենք խնդրում, առիթ չի լինում, օգնում է՝ ինչով կարողանում է, իսկ Կարենի հայրենի Դավիթբեկ տարբեր առիթներով այցելելու համար մեքենա է տրամադրում»։

Կարենը ռազմական մեքենա էր

Վաղամեռիկ լեյտենանտ Վարուժան Մանուկյանը Կարենի մասին գրել է․ «Կարենը ռազմական մեքենա էր, նրան հնարավոր չէր երկար պահել հրետանու մոտ, նա շալակում էր զենքերը և մոտենում թշնամու  կրակակետերին։ Կարենը տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին։ Երբ նոր զենք էին բերում մեզ մոտ, նա շտապում էր այն գործի գցել։ Հրամանատար Գանոն նրան չէր արգելում  և ասում էր՝ թող ինչքան ուզում է կրակի և սովորի։ Գանոն շատ էր սիրում Կարենին և ասում էր․ «Երկու Կարենը մի լավ գումարտակ է»։

Սառա Ալավերդյան

18:00 08.12.2018