ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ագապե» ՍՊԸ-ն 5 տարվա արտոնագիր կստանա՞
18:00 12.12.2018

«Ագապե» ՍՊԸ-ն 5 տարվա արտոնագիր կստանա՞

Խոշորացված Կապան համայնքում նավթ ու գազ որոնելու արտոնագիր ստանալու «Ագապե» ՍՊԸ-ի պայքարը հանրության հետ շարունակվում  է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 5 տարվա սեյսմահետախուզական աշխատանքների համար օրենքով երկու հանրային քննարկում պետք է կայանար։ Առաջինը կայացավ ամիսներ առաջ առանց խոչընդոտների, իսկ երկրորդ հանրային քննարկումը երկու անգամ բոյկոտվելուց հետո դեկտեմբերի 11-ին համարվեց կայացած։

Կապանում և շրջակա 32 համայնքում նավթ ու գազ որոնելուն դեմ մի խումբ կապանցիներ այս անգամ էլ համայնքապետարանում դեմ արտահայտվեցին՝ շեշտելով, որ Կապանը զարգանալու այլ ուղիներ ունի. պետք  է վերջ տալ նոր հորատումներին ու հանքերին։ Իսկ «Ագապեի» ներկայացուցիչները, ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, առաջարկեցին փաստերով խոսել։ Իսկ փաստեր բոյկոտողները ձեռքի տակ չունեն։ Ի տարբերություն նախորդ հանրային քննարկումների՝ այս անգամ Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում հնչեցին նավթի ու գազի որոնմանը ավելի շատ կողմ կարծիքներ։ «Ագապեի» ներկայացրած նախագծին մի խումբ երիտասարդներ, ովքեր հանքարդյունաբերության ոլորտում հաջողությունների են հասել, նշեցին, որ քանի որ տեղյակ են ոլորտին, վստահ են, որ հետախուզումը  շրջակա միջավայրի վրա  վնասակար ազդեցություն չի ունենա։ Կարելի է թույլ տալ, որ ընկերությունը հետախուզում իրականացնի, իսկ երբ պարզվի, որ նավթի ու գազի պաշարներ կան, այն ժամանակ էլ կորոշեն, թույլ տալ հորատել, թե՝ ոչ։

Օրենքով հինգ օր հետո համայնքապետարանը պետք է կազմի հանրային քննարկման արձանագրություն ու հրապարակի կայքում, ըստ որի՝ ՀՀ ԲՆ փորձագետները կորոշեն՝ արտոնագիր տրամադրել «Ագապե» ՍՊԸ-ին, թե՝ ոչ։

Հերմինե Միքայելյան

18:00 12.12.2018

Ամենաշատ ընթերցվածները