ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անելիքներ աժիոտաժից հետո
20:00 13.12.2018

Անելիքներ աժիոտաժից հետո

Շնորհավորելով պատգամավորի պաշտոնը ստանձնած բոլորին՝ այնուամենայնիվ պետք է հիշեցնել, որ ՀՀԿ ուրվականն այլևս չի կարող և չպետք է մեզ ուղեկցի՝ ԱԺ առաջին նիստից սկսած: Եվ ուրեմն, փորձենք այս հոդվածում նախանշել այն խնդիրները, որոնք անտեսվել էին կամ իրենց վերջնական լուծումն այդպես էլ չէին ստացել:

Արցախ

Ի վերջո, Արցախը Հայաստանի մարզերից մե՞կն է, թե՞ անկախ պետություն: Եթե անկախ պետություն է, ապա ինչպե՞ս է վարչապետի որդին ծառայում Արցախում: Նախկին իշխանություններն Արցախի անվտանգության հիմնախնդիրը լայնորեն օգտագործեցին իրենց քարոզարշավի ընթացքում նաև այն պատճառով, որ նորընտիր Ազգային ժողովն ուղղակի պարտավոր է շեշտադրել իր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ: Նորաթուխ պատգամավորներից պետք է կազմվի Արտաքին հարցերի հանձնաժողով, որտեղ պետք է ներգրավված լինեն միջազգային մակարդակի մասնագետներ: «Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» խաղաքարտը երկար չի կարող աշխատել թե՛ ներսում, թե՛ դրսում:

Դատաիրավական համակարգ

Հայաստանում գործող 234 դատավորները նշանակվել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Իհարկե, Բարձրագույն դատական խորհուրդը ոմանց վերանշանակում է, իսկ ոմանց՝ ոչ, բայց այս «դամոկլյան սուրը» կախված է նորընտիր պառլամենտի վրա: Եթե դատական իշխանությունում կառուցվածքային ռեֆորմներ չլինեն, ապա բանկերն իրենց տոկոսները չեն իջեցնի (ռիսկայնությունը բարձր է նաև դատարանների գերբեռնվածության պատճառով), օտարերկրյա ներդրողներն էլ պարզապես ոտք չեն դնի մեր երկիր: Ամուլսարի խնդիրը փայլուն օրինակ է այն բանի, որ երկակի մոտեցումները չեն աշխատում: Նոր կառավարությունը և ԱԺ-ն պետք է որոշեն՝ ներդրողների իրավունքնե՞րն են կարևոր, թե՞ առողջ միջավայրը: Ինչպե՞ս են նոր իշխանությունները լուծելու դատաիրավական համակարգի խնդիրները, անհայտ է: Այս ոլորտը բարդ է նաև այն առումով, որ նույնիսկ դատավորների աշխատավարձերը տասնապատկելով՝ հնարավոր է չլուծվի այս խնդիրը: Մեզ նոր մոտեցում և նոր չափորոշիչներ են պետք, որոնք հավասար ընկալելի կլինեն թե՛ համակարգում աշխատողների համար, թե՛ քաղաքացիների և իրավապաշտպանների համար:

Բիզնես և տնտեսություն

Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորել է: Այո՛, ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ կարծես թե կասկածներ չկան, իսկ չափորոշիչների վերաբերյալ հարցերը շատ են: Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգայինով անցած թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի պատգամավոր լինելը չի ձևախեղում պատգամավորության ինստիտուտն առհասարակ: Այս մարդու հետ կապված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է: Չեմ նախանձում նորընտիր ԱԺ ներկայացուցիչներին, քանզի մենք՝ լրագրողներս, չենք վարանելու պարբերաբար զուգահեռներ տանել Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի կամ Էդուարդ Բաբայանի և Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև:

Ի վերջո, բիզնեսը և քաղաքականությունը տարանջատվա՞ծ են, ինչպես որ խոստանում էին տարբեր հարթակներում, թե՞ այս խնդիրը մնալու է օդում:

Աշխատանք և մասնագետներ

Ստում են բոլոր քաղաքական գործիչները, երբ խոստանում են աշխատատեղեր ստեղծել: Միգուցե հյուսիս-հարավ մայրուղում կամ մեկ այլ, ասենք, ջրամբար կառուցելու համար մեկ տարով որոշ աշխատատեղեր բացվեն: Գլոբալ առումով սրանք հարցի լուծում չեն: Իշխանությունը ընդամենը պետք է պայմաններ ստեղծի բիզնեսի համար, իսկ վերջինս ձեռնարկի գործունեություն, որի շնորհիվ կստեղծվեն երկարաժամկետ աշխատատեղեր: Սա է նորմալ զարգացող երկրի քաղաքականությունը: Ասում էին՝ նախարարությունների թիվը կրճատվելու է: Այո՛, համաձայն եմ, պետական մարմիններում աշխատանքի իմիտացիա անողներ շատ կան, բայց այդ մարդկանց անգործ թողնելն արդարացի չէ սոցիալական պետության համար: Իսկ մենք սահմանադրությամբ այդպիսին ենք հռչակված: Իշխանությունները պարտավոր են վերապատրաստել այդ մարդկանց՝ ստեղծել այլընտրանքային ապրուստի միջոցներ, միայն դրանից հետո պետական ապարատը կարելի է կրճատել: Ի դեպ, ասել եմ, էլի եմ ասելու, այսօրվա աշխատավարձային դրույքաչափերով նորմալ, բանիմաց մասնագետներ չեն գալու պետական սեկտոր, իսկ դա նշանակում է, որ զարգացում չի լինելու, եթե չկարողանանք մասնավոր ոլորտից լավ մասնագետներին լծել պետականաշինության:

Որպես վերջաբան

Ծանոթ բիզնեսմեն ընկերս արդեն վարձել է մի քանի հնդիկ՝ բանվորություն անելու համար: Պատճառը մեկն էր: Տեղացիները վատ են աշխատում նույնիսկ 200 000 դրամ աշխատավարձով և պարբերաբար խոսում են աշխատավարձի բարձրացումից, իսկ հնդիկները երջանիկ աշխատում են 150 000 դրամով, դեռ փող են ուղարկում տուն: Արդեն մի քանի հայ բիզնեսմեններ այս կերպ են լուծում իրենց խնդիրները: Բիզնեսը ոչ մի բանի առջև չի կանգնի, եթե կա հնարավորություն իջեցնելու ապրանքի ինքնարժեքը:

Նախորդ իշխանությունները ներքին կարգով արգելում էին ավելի մրցակցային աշխատուժի՝ հնդիկների ներհոսքը, որպեսզի պաշտպանեն մեր աշխատատեղերը: Չեմ ասում՝ լավ էին անում կամ վատ, բայց որ այսպիսի խնդիրները օր օրի շատանալու են, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ այսօրինակ պատմությունները կարող են չավարտվել հնդկական կլասիկ ֆիլմի երջանիկ ավարտով:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նորաթուխ պատգամավորներին՝ մաղթում եմ խելքով կառավարել: Միայն դուխով որոշումներ կայացնելը հեռանկարային չէ:

Արման Սուլեյմանյան

20:00 13.12.2018