Հասարակական
MEN. Մխիթարյանն Արսենալի հետ չի մեկնել Մանչեսթեր
Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, «զինագործների» հետ չի մեկնել Մանչեսթեր, որտեղ այսօր` փետրվարի 3-ին, Էմերիի թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը` ընդգծելով, որ գուցե Մխիթարյանը պարզապես դուրս է մնացել ֆոտոլրագրողների տեսադաշտից, ովքեր լուսանկարել են «Արսենալի» անձնակազմին` Մանչեսթեր ժամանելուց հետո:
Հաղորդվում է, որ Մխիթարյանը, գուցե, Մանչեսթեր է ժամանել թիմից անկախ: Ամեն դեպքում, այս վարկածը քիչ հավանական է:
Փոխարենը, նկատել են «Արսենալի» նորեկ Դենիս Սուարեսին, որն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, «Մանչեսթեր Սիթիի»` իր նախկին թիմի հետ խաղում կարող է նշել նորամուտը «զինագործների» կազմում:
Հավելենք, որ բացի Մխիթարյանից, Մանչեսթերի հյուրանոցի մոտ չեն նկատել նաև Գրանիտ Ջակային և Էյնսլի Մեյտլենդ-Նայլսին: «Արսենալի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մխիթարյանի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին մասնակցելու հնարավորությունը կգնահատվի խաղից առաջ:
Աղբյուր՝ armsport.am