ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ուսուցանող հեքիաթը
20:00 16.02.2019

Ուսուցանող հեքիաթը

Մարդու ճանաչողությունը սկսվում է օրորոցայինով, շարունակվում հեքիաթներով ու մուլտֆիլմերով։ Շարունակվում է ու, հավատացե՛ք, չի ընդհատվում մինչև կյանքի վերջ, որովհետև ընկալումը նստում է ենթագիտակցության մեջ ու շարունակաբար արտացոլվում հասարակության հետ հարաբերություններում։ Մանավանդ եթե մատուցողը այնպիսի մի հսկա է, ինչպիսին Հովհաննես Թումանյանն է։

Երջանկություն է Թումանյանի հեքիաթներով մեծանալը, դժբախտություն՝ դրանց անհաղորդ լինելը։ Թումանյանական հեքիաթը հեշտ ընկալելի է, միշտ պարզ, միշտ խորիմաստ ու արդիական, հենց սրանում է նրա խորհուրդը։ Ամեն տարիքում հեքիաթից կարելի է դաս քաղել։

Դիցուք «Տերն ու ծառան», որի հիման վրա ֆիլմ էլ է նկարահանվել։ Աղքատ ընտանիքից ավագ եղբայրը տունը պահելու նպատակով ծառա է մտնում ունևորի մոտ՝ առաջարկված պայմաններով։ Գիշեր-ցերեկ աշխատում է, հոգնատանջ լինում և, ի վերջո, հազար մանեթի պարտմուրհակ թողնելով՝ վերադառնում տուն։ Ծառա մտնելու հերթը անցնում է ճարպիկ փոքր եղբորը, որը, այսօրվա պատկերացումներով, կարող է դատախազի պաշտոն վարել։ Եթե չեք կարդացել, գոնե հիմա կարդացեք «Տերն ու ծառան», Թումանյանից ավելի լավ պատմել հնարավոր չէ։ Մեր ապագա «դատախազը» նույն ունևորի տանը նմանատիպ պայմանով ծառա է մտնում, քնում մինչև կեսօր, կեսօրից հետո քնում հնձելու ենթակա արտի եզրի բուրումնավետ խոտերի մեջ մինչև արտի չորանալը, հարուստի պատվերով մեկ ոչխարի փոխարեն (որը պատահի) մորթում ամբողջ հոտը, հրացան քաշում ձմռան կեսին կկվի դեր ստանձնած տանտիրուհու վրա։ Ի վերջո, պայմանի համաձայն, փակում է եղբոր պարտքը և հազար մանեթով վերադառնում տուն։

Ինչ խորհուրդ եմ տեսնում այս հեքիաթում։

Այսօր մեր կյանքը դժվար է պատկերացնել առանց աշխատանքային պայմանագրի, առանց զանազան ծառայությունների մատուցման, վաճառքի, վարձակալության, վարկավորման և այլ տիպի պայմանագրերի։ Զրո տոկոս տոկոսադրույք, զեղչ գներ, վաճառք ինքնարժեքով․․․ Ուսումնասիրեք պայմանները, ուշադիր կադացեք առաջարկվող պայմանագրի ամեն մի բառը, անգամ՝ ստորակետը։ Ինչպես դպրոցում են սովորեցնում, չնչին թվացող ստորակետը մարդու կյանքի արժեք կարող է ունենալ։ Ահա դասական դարձած օրինակը․ «Այդ մարդուն ազատել չի կարելի սպանել»։ Եթե ստորակետը դնես «չի կարելի»-ից առաջ, լավ է, իսկ եթե դնես հետո, մեղք կգործես։ «Տերն ու ծառան» հեքիաթի պայմանագիրը իրեն խելոք կարծող հարուստի պայմանն է, որի զոհ է դառնում ավագ եղբայրը, բայց այդ նույն պայմանը գործում է ի վնաս հարուստի, երբ նրա դիմաց հայտնվում է «իրավաբանական կրթություն ստացած» փոքր եղբայրը։

Հեքիաթի մյուս խորհուրդը մարդու ընկալման հարցն է․ դու քեզ տե՞ր ես զգում, թե՞ ծառա։ Եթե ծառա ես զգում ու չես փորձում դուրս գալ այդ իրավիճակից, ուրեմն մինչև վերջ կմնաս այդպիսին ու անհետ կկորչես։ Իսկ եթե տեր ես զգում, ապա հաջողությունը մշտապես կուղեկցի քեզ, ընտանիքիդ։ Կդառնաս քո իրավունքների, քո գյուղի, քաղաքի, երկրի տերը։ Ու որքան շատ լինեն այդպիսի մարդիկ, այնքան ավելի շատ երջանիկներ կլինեն, այնքան ավելի շատ մեր կյանքը կնմանվի հեքիաթի։

Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր խորհուրդներ կարող են տեսնել ինչպես այս, այնպես էլ մյուս հեքիաթներում, պատմվածքներում, ցանկացած գրողի ստեղծագործության մեջ։ Թումանյանի մեծությունը հենց այն բանի մեջ է, որ հասանելի է բոլորին, ուսուցանող է, ազգային է, ժողովրդական ու համամարդկային, ինչի համար էլ ստացել է Ամենայն հայոց բանաստեղծ կոչումը, իսկ բանաստեղծ բառի արմատում Բան և Ստեղծել բառերն են։

Ի սկզբանե եղել է Բանը․․․

Սլավիկ Նավասարդյան         

20:00 16.02.2019