ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տարարժեք միավորներ
16:00 15.04.2019

Տարարժեք միավորներ

Անցած շաբաթվա ընթացքում «Գանձասարը» անցկացրեց բարձրագույն խմբի առաջնության երկու հանդիպում և վաստակեց չորս միավոր։ Մեր թիմը նախ խաղաց Վանաձորում և հասավ ոչ-ոքի արդյունքի։ Եթե համեմատելու լինենք նախորդ հանդիպումների հետ, ապա պիտի արձանագրենք խաղային ակտիվության որոշ մեծացում։ Կողմերն ունեին գոլ խփելու հնարավորություններ, որ ստեղծվեցին թե՛ հնարամիտ գրոհների, թե՛ պաշտպանվողների սխալների հետևանքով, սակայն վճռական հարված դարպասին այդպես էլ չտեսանք։

Երկրորդ խաղը Երևանի «Արարատի» հետ էր, որ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Այս հանդիպումը ևս կապանցի ֆուտբոլիստները ակտիվ սկսեցին, հատկապես հստակ էին խաղում պաշտպանությունում և դաշտի միջին մասում։ Այնուհանդերձ երկար սպասված գոլը ծնվեց միայն խաղակեսի վերջնամասում։ Աջ անկյունային դրոշակի մոտից կատարված հարվածը պաշտպանները հեռացրին դեպի «Գանձասարի» գրոհային գոտու ձախ եզրը, որտեղ հայտնված Անգուլո Վբեյմարը հաշվենկատ փոխանցում կատարեց տուգանայինի կենտրոն։ Օդային պայքարում հաղթող դուրս եկավ Գեղամ Հարությունյանը և գնդակն ուղարկեց «Արարատի» դարպասի անկյունը՝ 1։0։

Ցավոք, երկրորդ խաղակեսում կապանցիները նվազեցրին ակտիվությունը և հիմնականում ձգտում էին պահպանել ձեռք բերած առավելությունը, իհարկե, առիթի դեպքում նաև անցնում հակագրոհի։ Նոր գոլ խփելու ևս մի քանի հնարավորություն կար, բայց մեր ֆուտբոլիստները չկարողացան օգտագործել դրանք։

Թեև այս հաղթանակը թիմին երեք միավոր պարգևեց, այնուամենայնիվ, խաղային գնահատականի տեսանկյունից պիտի ավելի բարձր գնահատել «Լոռու» հետ հանդիպումը։

Սլավիկ Նավասարդյան

16:00 15.04.2019