ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հիմա ի՞նչ, հանդիպե՞նք դատարանում
20:00 17.04.2019

Հիմա ի՞նչ, հանդիպե՞նք դատարանում

Նախաբան

Գորայք խոշորացված համայնքում հունվարի չորսից սկսած մինչև մարտ ցույցեր էին տեղի ունենում ընդդեմ համայնքապետ Առուստամ Առուստամյանի։ Ցուցարար գյուղացիներն անգամ միջպետական ճանապարհ էին փակում։ Համայնքում կազմակերպվել էր նաև ստորագրահավաք։ Արդյունքում մարտի մեկին համայնքապետը և ավագանին ներկայացրին հրաժարական։ Կառավարության որոշմամբ հունիսի իննին այստեղ կկայանան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Հանուն «Ֆերմայի»

Համայնքի նախկին ղեկավար Առուստամ Առուստամյանի խոսքով՝ անձնական խնդիրներ են եղել ավագանու անդամների հետ։ Դեկտեմբեր ամսից սկսած չէր կարողանում ավագանու նիստ հրավիրել՝ 2019թ․ բյուջեն հաստատելու համար։ Ավագանու երկու անդամ անընդհատ ձախողում էր ընթացքը․ կամ քվորում չէր ապահովվում, կամ գալիս դեմ էին քվեարկում՝ նույնիսկ առանց կարդալու կամ թղթին նայելու։ «Մեկը վիրավորվել է, որ տղային աշխատանք չեմ տվել համայնքապետարանում, մինչդեռ այլ տեղ, օրինակ՝ հէկերում, առաջարկել եմ՝ հրաժարվել է։ Հիվանդանոց են ընկնում, ասում են՝ փող տուր, կամ անասունը սատկել է, ինձնից փոխհատուցում են ուզում, ասում են՝ ավագանու անդամ են, իրենց հողի հարկը վճարեմ, ինչո՞ւ պետք է ես իրենց հողի հարկը վճարեմ։ Շատ այլ այսպիսի հարցեր կային ավագանու անդամների հետ։ Սառնակունքում և Սպանդարյանում պետք է լուսավորության ցանց անցկացվեր, Ծղուկում կոյուղագիծ քաշվեր, Գորայքում իրականացվեին ասֆալտապատման աշխատանքներ, ավագանին դեմ է քվեարկել, բայց միաժամանակ բարձրաձայնել, որ այս կամ այն խնդիրն ունեն համայնքում։ Որպեսզի բյուջեն հաստատվեր, ես ու ավագանին եկանք համաձայնության՝ հրաժարական տալ, որ հետագայում վերոնշյալ ծրագրերը իրականացվեին համայնքում»։ Նշենք, որ առաջիկա ընտրություններին Առուստամ Առուստամյանն իր թեկնածությունը չի առաջադրի։

Ավագանին «աթոռ» է ուզում

Նախ նշենք, որ ցույցերի ու ստորագրահավաքի կազմակերպիչներն ավագանու երկու անդամ են՝ գորայքցի Աշոտ Աղաջանյանն ու ծղուկցի Հրայր Թորոսյանը։ Մի դրվագ մեր և նախկին ավագանու անդամ Աշոտի հետ ունեցած զրույցից․

- Ինչո՞ւ էիք ցանկանում Առուստամ Առուստամյանի հրաժարականը։

- Որովհետև մեր գյուղում շատ խնդիրներ կան, որոնք նա չէր լուծում։

- Ի՞նչ խնդիրներ։

- Ճանապարհները վատ են, կոյուղագիծ չկա, լուսավորություն՝ ևս։ Ծղուկում ճանապարհը ասֆալտապատեց, որը հիմա պետք է քանդվի՝ կոյուղագիծը սարքելու համար։

- Սրանք խնդիրներ են, որոնք հանրապետության գրեթե ողջ տարածքում առկա են, բացի սրանից, այլ խնդիրներ կա՞ն։

- Իհարկե, շատ են։

- Օրինակ։

-Դե շատ են։

Աշոտին հարցրինք, թե կա՞ն մարդիկ, ովքեր նախնական տվյալներով ցանկանում են առաջադրվել առաջիկա ընտրություններում, ասաց՝ ե՛ս։

Այս խնդիրները լոզունգ սարքած, նշեց նաև նախկին ավագանու անդամ Հրայր Թորոսյանը, ով ոչ մի նոր խնդիր չավելացրեց և ասաց, որ ինքն է կազմակերպել ստորագրահավաքը, որին մասնակցել է համայնքի մեծ մասը։

Իսկ գյուղի մի մասը՝ անդեմ

Համայնքում Առուստամ Առուստամյանի վերաբերյալ կարծիքները տարբեր էին։ Ծղուկի բնակիչ Օվսաննա Սահակյանը կրկնեց այն, ինչ ասացին նախկին ավագանու անդամները, ոչ մի նոր խնդիր։ Հարցին, թե դրա համար արժե՞ պահանջել համայնքապետի հրաժարականը, պատասխանեց․ «Դե ոչ, պետք չէ, բայց ստորագրել եմ՝ պահանջել հրաժարականը, թող մեր խնդիրները լուծեր», հետո հավելեց․ «Ով էլ գա, մեկ է, մեր խնդիրները չեն լուծվելու»։ Իսկ Մարիետա Միքայելյանն ընդհանրապես տեղյակ չէ, թե համայնքում ինչ է կատարվել, ասում է՝ գյուղի կյանքին չի խառնվում։ Խոսեցինք նաև Գորայքում բնակվող Ռուբեն Կարապետյանի հետ․ «Առուստամյանը մեծ աշխատանք է կատարել, լուսավորություն է փոխել, կոյուղագիծ է նորոգել և շատ այլ առաջնային ու երկրորդական խնդիրներ լուծել, իսկ ինչ վերաբերում է նրա դեմ ցույցերին, առնվազն հիմարություն է, նրա դեմ պայքարողները շահի հետևից են ընկել, նրանց աչքը համայնքի բյուջեի վրա է»։

Հիմա ի՞նչ, հանդիպե՞նք դատարանում

Համայնքի նախկին ղեկավարի կարծիքով՝ ժողովրդի մի մասը չի հասկացել, թե ինչի համար դեմ է ստորագրել․ «Մեկին ասել են, որ գյուղերն են իրարից առանձնացնում, մյուսին՝ օգնություն են տալիս, հաջորդին՝ հողեր են տեղափոխում գյուղից գյուղ, և այսպես շարունակ»։ Նախկին ավագանու անդամ Աշոտ Աղաջանյանին հարցրինք, թե հնարավո՞ր է վերոնշյալը, պատասխանեց հետևյալը․ «Եթե բերեք որևէ փաստ, որ որևէ մեկը տեղյակ չի եղել, թե ինչի համար է ստորագրել, որ տեղյակ չի եղել, որ դա Առուստամյանի հրաժարականի համար է, ապա մենք կհանդիպենք դատարանում»։ Այնուհանդերձ, մենք գտանք այդ մեկին՝ Արտակ Դավթյանին, ով սոցիալապես անապահով է, բազմազավակ հայր։ Պատմում է․ «Երկու հոգի եկան, ասացին, որ օգնություն են տալիս, պետք է ստորագրեմ, դե Առուստամյանը մեզ մշտապես օգնել է, կարծել եմ՝ հերթական աջակցությունն է։ Հետո պարզվել է՝ հրաժարականի համար եմ ստորագրել, ինչի համար փոշմանել եմ ու հետ-դիմում-ստորագրություն եմ տվել, որ չենք ուզում հրաժարական տա։ Մենք այդ մարդուն ընտրել ենք և որևէ վատ բան չենք տեսել»։

Ոչ ձերոնցից, ոչ մերոնցից

Մարտի յոթին մարզպետ Հունան Պողոսյանի որոշմամբ Գորայքի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը։ Վերջինիս գնահատմամբ՝ Առուստամ Առուստամյանի հրաժարականը մեծահոգություն էր ժողովրդի հանդեպ։ Հարցին, թե պատրաստվու՞մ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա ընտրություններին, ասաց․ «Չեմ պատրաստվում և չեմ էլ կարող ապագայում այս համայնքի ղեկավարը լինել, ես Սիսիանի հաշվառում ունեմ։ Որպեսզի կողմնակալություն չլինի, և ավելորդ խոսակցություններ չլինեն, նշանակվել եմ ես»։

Ստացվում է՝

Համայնքի նախկին ավագանու հատկապես երկու անդամները, բնակավայրերի որոշ բնակիչների նաև խաբելով՝ ստորագրություն են վերցրել և ճանապարհ փակելով (ինչն արդեն մեզանում խաղ ու պար է դարձել)՝ ստիպել համայնքի ղեկավարին հրաժարական տալ։ Աշոտ Աղաջանյանն ասաց, որ ցանկություն ունի առաջադրել իր թեկնածությունը, դրանից կարելի է ենթադրել, որ այս ամենը աթոռատենչություն է։ Կամ գուցե այլ ցանկություն կա․․․

Անուշ Միրզոյան

20:00 17.04.2019