ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ողջ մի կյանք՝ խոհանոցում
18:00 20.04.2019

Ողջ մի կյանք՝ խոհանոցում

Վաթսուներկուամյա տիկին Ռիման խոհարարուհու գործը սկսել է 40 տարի առաջ ԳԴՀ Դեսաու քաղաքի խորհրդային զորախմբի զորամասային ճաշարանից, երբ ընդամենը քսան տարեկան էր:

Պատմում է. «Ֆանտաստիկ էին անցնում Գերմանիայում հատկապես նոր տարվա երեկոները: Դրանք տարբերվում էին հայկականից նախևառաջ նրանով, որ սեղանին ոչ թե «մսային շքեղություն» էր, այլ շամպինիոնով ապուր, որի միջից դուրս ելնող տաք գոլորշին մոռացության էր մատնում գերմանական ձմռան սառնությունը»:

Տիկին Ռիման զորամասում խոհարար էր աշխատում 400 մարկի դիմաց, ինչը բավարարում էր իրեն ու ծառայող ամուսնուն. «Այնտեղ գնացել էինք գումար վաստակելու, բայց այնքան լուսավոր ու բազմազան էր այդ երկիրը, որ ամենաքիչը դրա մասին էինք մտածում»:

«Սկզբում կարծում էի, թե օտար երկրում դժվար կլինի աշխատելը։ Գերմանացիք շատ ճշտապահ են, բնավորության լավ հատկանիշներ ունեն, - պատմում է խոհարարուհին, - մեծ բավականություն էի ստանում հատկապես մեծահասակ կանանց հետ շփվելիս, ճիշտ խորհուրդներ էին տալիս,  հետաքրքիր ձևով ներկայացնում գերմանական խոհանոցը, որը մեծ տեղ է հատկացնում բանջարեղենային ուտեստներին: Կյանքիս լավագույն տարիներն էին, ցավոք, կարճ տևեցին»:

Տիկին Ռիման այժմ աշխատում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին պատկանող «Գտնված երազ» մանկապարտեզում: Այստեղ վաստակում է 160 հազար դրամ: Իհարկե, ամեն ինչ տարբեր է`թե՛ աշխատանքային պայմանները, թե՛ թերություններն ու առավելությունները, բայց չի դժգոհում. «Պատրաստում եմ երեխաների համար, իսկ դրանից ավելի պատասխանատու գործ չգիտեմ»:

Մանկապարտեզի դաստիարակչուհի Գալյա Քարամյանի խոսքով՝ տիկին Ռիման ոչ միայն համեղ է պատրաստում, այլև լավ մարդ է, շատ համբերատար, միևնույն ժամանակ՝ պահանջկոտ խոհանոցում: Մինչև դույլերը տասը անգամ չի ստուգում, չի ուղարկում խմբասենյակ:

«Հաճախ է պատահում, երբ երեխաները բակից վերադառնալիս վազում են ինձ մոտ, հարցնում, թե ինչ են ուտելու: Վաթսուներկուամյա տիկնոջս համար դա այնքան հաճելի և ուրախալի է», - միջամտեց տիկին Ռիման:

Իսկ դաստիարակչուհին ավելացրեց. «Խոհանոցում նրա հաջողության գաղտնիքը այն է, որ յուրաքանչյուր պատրաստածի մեջ հոգի է դնում»:

Զրույցի վերջում տիկին Ռիման հրավիրեց իրենց տուն`գազարով և շամպինիոնով ապուր ուտելու և ավելացրեց․ «Խոհանոցը լավագույն վայրն է, որտեղ թոթափում եմ առօրյա հոգսերը, միաժամանակ լցվում հետաքրքիր մտքերով և դրական էներգիայով,փորձում կենտրոնանալ հիմնականում ազգայինի վրա, բայց և հաճախ Դեսաուն հաղթում է»:

Անուշ Միրզոյան

18:00 20.04.2019