ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Համակարգչային խաղերի վնասները
15:00 21.04.2019

Համակարգչային խաղերի վնասները

Համակարգչայնացումը դարձել է մեր հասարակության անբաժան մասը՝ իր հետ բերելով մի շարք բացասական երևույթներ: Վերջինը հատկապես վերաբերում է համակարգչային խաղերին: Շատ մարդիկ օրվա մեջ նվազագույնը 3 ժամ տրամադրում են օնլայն խաղերին։

Հիմա դժվար են բակերում հանդիպում երեխաներ, ովքեր պարզապես խաղում են իրար հետ, շատ դեպքերում երեխաները նույնիսկ բակ իջնում են սմարթֆոնով և ռեալ կյանքում խաղալու փոխարեն խաղում դրանցով:

Երկիր մոլորակի վրա մարդկանց մոտ 25 տոկոսը խաղում է օնլայն խաղեր, նրանց մեջ ներառված են տարբեր տարիքային խմբեր ՝ ինչպես 6 տարեկան դպրոցականը, այնպես էլ՝ 40 տարեկան գործարարը։ Բայց հիմնական խումբը երեխաները և դեռահասներն են: Հասարակության մեջ օրեցօր ավելի է տարածվում այն կարծիքը, որ համակարգչային խաղերը վտանգավոր են երեխայի հոգեբանության համար՝ դարձնում են նրան ագրեսիվ, փոքրացնում հետաքրքրությունների շրջանակը և նվազեցնում զգացմունքայնությունը: Երեխաների մի մասի համար սա ընդամենը ժամանակավոր զբաղմունք է և մի քանի օր խաղալուց հետո հրաժարվում են դրանից, իսկ մյուս մասը պարզապես դառնում է խաղի «գերի» և իր ողջ ժամանակը տրամադրում դրան:

Իսկ համակարգչային խաղերի մասնագետները կարծում են, որ միայն այդ խաղերից չհասկացողներն են շարունակ պնդում, թե դրանք միայն վնասակար են: Հոգեբաններն էլ իրենց հերթին փաստում են, որ ծնողներից շատերը համակարգչային խաղերի վրա են բարդում երեխայի դաստիարակության մեջ իրենց ունեցած սխալները:

Ինչպես նշում է հոգեբան Հ. Հովհաննիսյանը, համակարգչային խաղերի վնասակարությունը կապված է խաղի բնույթի և մի շարք այլ հանգամանքների հետ: «Մանկական տարիքում համակարգչային խաղերն իրենց գունավոր աշխարհներով, հերոսներով, հաղթանակներով և պարտություններով, վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային: Բայց հիմնականում վտանգավոր են համարվում այն խաղերը, որոնցում ագրեսիվ վարքի մոդելներ են դրսևորվում: Իսկ երեխաները, յուրացնելով այդ վարքագիծը, նմանակում են դրանք՝ փորձելով իրական կյանքում նմանվել խաղային հերոսներին: Այդպիսով նրանք դառնում են ագրեսիվ, նյարդային, դյուրագրգիռ և կոնֆլիկտային: Իսկ երբ ծնողները փորձում են նրանց հեռացնել համակարգչից, սկսվում է մեծ ագրեսիա: Բայց այս ամբողջը մեծ մասամբ հենց ծնողների սխալն է: Հիմա շատ են հանդիպում ծնողներ, ովքեր պարզապես իրենց համար ազատ ժամանակ ստեղծելու համար երեխաներին տալիս են սմարթֆոն (կամ համակարգիչ) և զբաղվում իրենց աշխատանքով՝ վստահ լինելով, որ երեխաները դրանից չեն հոգնի: Այսպիսով երեխաները ողջ ժամանակը անց են կացնում վիրտուալ տիրույթում: Արդյունքում երեխաների մոտ կարող է առաջանալ այն տպավորությունը, որ, եթե վիրտուալ դաշտում թույլատրելի է սպանել, քանդել և վնասել, ապա դա կարելի է անել նաև իրական կյանքում, ինչը մի կողմից վախեցնում է երեխային, մյուս կողմից՝ ստեղծում ամենաթողության մթնոլորտ»։

Ըստ հոգեբանի՝ համակարգչային խաղերի ներկայացրած ամենամեծ ու ակնառու վտանգը այն է, որ դրանք շատ արագ կախվածություն են առաջացնում: Որոշ ժամանակ անց երեխային արդեն անհնար է լինում հեռացնել համակարգչից:

Լարված խաղալը կարող է հանգեցնել տեսողական ֆունկցիայի խանգարումների, կարճատեսության, որը հատկապես կարող է ծագել և զարգանալ դեռահասային, երիտասարդ տարիքում: Համակարգչի առջև շատ նստելիս առաջանում է չոր աչքի սինդրոմ, որն արտահայտվում է աչքի մեջ օտար մարմնի զգացումով, հատկապես երեկոյան ժամերին, իսկ էկրանին աչքերը հառած նայելը և չթարթելը բերում են աչքի մակերևույթի հեղուկային զանգվածի գոլորշիացմանը:

Հոգեբանը համարում է, որ երեխային համակարգչային խաղերից հեռու պահելու լավագույն միջոցը նրանց հետ շատ ժամանակ անցկացնելն է, բայց ոչ թե միայն ֆիզիկապես ներկայություն ապահովելը, այլ համատեղ որևէ բանով զբաղվելը: «Այսօր նույնիսկ մեծահասակները չեն կարողանում կառավարել իրենց կախվածությունը համակարգչից և խաղերից: Երեխաների դեպքում, բնականաբար, սա ավելի բարդ է: Երեխայի վարքային յուրաքանչյուր դրսևորում գալիս է հենց ծնող-երեխա հարաբերություններից: Շատ կարևոր է օրվա մեջ երեխային տրամադրել բավական ժամանակ: Պետք է ցույց տալ երեխային, որ կյանքում, բացի խաղերից, կան մի շարք այլ հետաքրքրություններ: Իսկ այն ժամանակը, որ նա պետք է մենակ մնա, կարելի է օգտագործել ավելի արդյունավետ: Օրինակ՝ երեխաներին տանել մարզվելու կամ պարի, կամ թույլ տալ երեխային զբաղվել իր նախասիրությամբ։ Նախասիրությունը հաշվի առնելը շատ կարևոր է, որպեսզի պարապմունքները նրա համար չվերածվեն անցանկալի գործընթացի: Ծնողները պետք է շատ զրուցեն իրենց երեխաների հետ, բացատրեն՝ որն է ճիշտ և որը՝ սխալ, և թե ինչպես տարբերել մեկը մյուսից: Իհարկե, ծնողը կարող է դեն նետել համակարգիչը կամ արգելել ընդհանրապես մոտենալ դրան, բայց նման կերպ հարցը կարգավորում չի ստանա: Բացատրելով համակարգչային խաղերի վտանգի և էկրանի դիմաց շատ նստելու հետևանքների մասին՝ ավելի հեշտ նրան հնարավոր կլինի հեռու պահել դրանցից, քանի որ պարզապես արգելելով երեխային խաղալ՝ նրա մեջ կմեծացնեք ագրեսիան և խաղալու ցանկությունը», - ամփոփեց հոգեբանը։

Սոնա Օհանջանյան

15:00 21.04.2019

Ամենաշատ ընթերցվածները