ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հանուն այսօրվա երջանիկ օրերի
20:00 08.06.2019

Հանուն այսօրվա երջանիկ օրերի

Ռուբիկ Սերյոժայի Աբրահամյան

Կենսագրական

Ռուբիկ Աբրահամյանը ծնվել է 1961թ․ Քաջարանում։ Տարիք է առել վարորդ Սերգեյի և հաշվապահ Ռիմա Մարությանի ընտանիքում։ Տան կրտսերն է, ունի մեկ եղբայր՝ Ռաֆիկը, ու մեկ քույր՝ Ռիտան։ 1968-78թթ․ սովորել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է ԶՊՄԿ-ում՝ որպես փականագործ։ Այնուհետև ուսանել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարանի լեռնային ճարտարագիտության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո ուղեգրով աշխատանքի է անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես լեռնային արտադրամասի պետ, այժմ նույնպես կոմբինատում է աշխատում՝ որպես հատուկ ծրագրերի բաժնի պետ։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մարտական ուղի

Ռուբիկ Աբրահամյանը 1993-ին զորակոչվել է բանակ։ Նույն տարում նշանակվել է 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար։ Փետրվարից սկսել է մասնակցել Կապանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանության մարտական գործողություններին, այդ թվում՝ Եղվարդ, Ագարակ, Ծավ, Սրաշեն և այլն։ «Այնուհետև անցել ենք Զանգիլան, Կուբաթլի, ապա իջել ենք ադրբեջանական ուժերից ազատագրված տարածքներ ու այդպես մինչև Հորադիզ կայարան։ Այնտեղ մի քիչ կենտրոնացել ենք, այսինքն՝ Արաքսի ափից մինչև Հորադիզ գյուղ։ Սկսել ենք մարտական գործողությունները և ունեցել հինգ, հետո՝ յոթ տանկ։ Հորադիզ հասնելու ժամանակ դրանց թիվը հասնում էր 17-ի»։ Այդ ընթացքում մի քանի անգամ ծանր վիրավորվել է։ «Կապանից 15-20 կմ այն կողմ թուրքական գյուղ կար, թշնամին այդտեղ ականապատել էր ճանապարհը, մեր տեխնիկան պայթեց։ Հետո հրաման ստացանք տանկերով ականազերծել։ Այնպես է ստացվել, որ իմ տղաները, Հանդ, Ծավ գյուղերն անցնելով, Զանգիլանը շրջանցելով, եկել են այն հատվածով, որ պետք է տանկով ականազերծեին։ Նախապես նրանց իջեցրել եմ, ես նստել, քանի որ ենթադրում էինք, որ այդտեղ էլ ականներ կան։ Էլի պայթեց, տանկի տակ մի սենյակի չափով փոս էր առաջացել»։ Հորադիզ գյուղում արկը պայթել է մի քանի մետր հեռավորության վրա, իրեն շպրտել ու հողակույտով ծածկել։ 1994-ի մայիսյան զինադադարից հետո եղել է արևելյան զորքերի օպերատիվ շտաբի սպառազինության պետ մինչև 1995-ի փետրվարը։ Այնուհետև վերադարձել է հայրենի քաղաք։

Մի դրվագ 94-ի հունվարից

«Երբ տեղակայվեցինք Հորադիզ կայարանում, մի քանի կմ էլ առաջ ընթացանք, սակայն հետո արգելեցին առաջ գնալ։ Այդ ժամանակ Հորադիզում Ղարաբաղի տղաների փոխարեն մերոնք կանգնեցին, տարածքը դեռ լավ չէինք ուսումնասիրել։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը հակահարձակման հետևանքով ունեցանք կորուստ ու նահանջ»։

Նաև քառօրյային

Մասնակցել է նաև ապրիլյան քառօրյային։ Որդիները կամավոր ցանկություն հայտնեցին իր հետ գնալու,ավագը՝ Սերգեյը, և այն ժամանակ 16-ամյա Վախթանգը։ «Ինչպես այն ժամանակ, այնպես էլ ապրիլյանին ունեցել ենք նվիրյալներ, ովքեր չեն ունեցել այլընտրանք, քան թուրքին անվարան հեռացնելը, ժամանակ չեն ունեցել դիրքավորվելու, պարզելու, թե հարձակումը թուրքերի կողմից որ ուղղությամբ է լինելու, քառօրյայի տղաների համար ամեն գործողություն եղել է անսպասելի»։

Մեկ քայլը՝ վճռորոշ

Կռվի ժամանակ յուրաքանչյուր անմիտ արարք ճակատագրական կարող է լինել՝ հղի ողբերգական հետևանքներով։ «Թշնամուն երբևէ թերագնահատել չի կարելի, դա կնշանակի ինքդ քեզ դատապարտել պարտության։ Միաժամանակ չպետք է թույլ տաս թշնամուն կարծել, թե տկար ես ու անկարող, որ կարող է քեզ նվաստացնել։ Մեկ քայլ առաջ կամ հետ՝ որոշիչ է մարտի դաշտում։ Ամեն վայրկյան դու կարող ես տեսնել զինակցիդ մահը։ Կարևոր է հստակեցնել, թե ինչի համար ես կռվում։ Ես մասնակցեցի մարտերին հանուն հողիս ու ընտանիքիս»։ Մեզ թողած 29․8 հազար քառակուսի կմ տարածքը իրենց սերունդը դարձրել է 44 հազար քառ․ կմ, ինչի համար հպարտ է։ Հավելում է, որ այն մարդիկ, ովքեր թեկուզ մեկ ժամ մասնակցել են պատերազմին, կնշանակի, որ լումա են ունեցել այդ պատմական պահին, ուստի յուրաքանչյուր ազատամարտիկ պետք է գնահատվի ըստ արժանվույն։ Այս հարցում էլ կարծում է՝ դեռ պետությունն անելիքներ ունի։

Հանուն այսօրվա

Ռուբիկ Աբրահամյանն այսօր երջանիկ ապրում է իր ընտանիքի հետ՝ սիրված երեխաների, շրջապատված թոռների կողմից։ 1987թ․ ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր Սաթենիկ Դավթյանի հետ։ Ունեն երեք երեխա։ Վախթանգն այժմ ծառայում է բանակում, իսկ Սերգեյն ունի երեք աղջիկ։ Դուստրը՝ Ռիման, ով մասնագիտությամբ բնապահպան-էկոլոգ է, ասում է, որ հայրն իր համար տղամարդու իդեալ է թե՛ արտաքնապես, թե՛ կամային հատկանիշներով։ «Հիմա մեկ դուստր ունեմ, կցանկանայի հայրիկիս նմանվող որդի ունենալ։ Շատ խստապահանջ է ու սկզբունքային։ Ինձ համար կշեռքի մի նժարին մայրս ու եղբայրներս են, մյուսին՝ հայրս։ Մշտապես կարելի է նրանից սովորել։ Սիրում է կարգուկանոն, հստակություն։ Կռվի տարիներին ես շատ փոքր էի, բայց հիշում եմ ՝ կարոտում էի նրան»։ Իսկ տիկին Սաթենիկի խոսքով՝ ամուսինը  թեև երբեմն դյուրագրգիռ է դառնում, այնուհանդերձ օրինակելի ամուսին է․ «Սթափ է դատում մշտապես ու ցանկացած հարցում աջակցում է, ներող է ու զիջող, ինչը կարևորում եմ ընտանիքում»։

Ռուբիկ Աբրահամյանը սիրում է ոչ միայն իր աշխատանքը կոմբինատում, այլև սիրում է այգեգործությունը, յուրահատուկ վերաբերմունք ունի բնության նկատմամբ։ Նաև հոբբի ունի․ տարատեսակ մեքենաների մոդելներ է հավաքում։ Նրա բոլոր ժամանակների երազանքն ու մեծ ցանկությունը եղել ու մնում են ընտանիքն ու երկիրը տեսնել բարեկեցիկ։

Անուշ Միրզոյան

20:00 08.06.2019