ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վիկտորյան՝ արբեցած արվեստով
14:00 09.06.2019

Վիկտորյան՝ արբեցած արվեստով

«Դերասանն ավելի փոքր երևույթ է, քան տղամարդը, դերասանուհին՝  ավելի մեծ երևույթ, քան կինը»։

                                                                                                Ռիչարդ Բարթոն

Մեր զրուցակիցը ծնունդով կապանցի 23-ամյա Վիկտորյա Սահակյանն է՝ մասնագիտությամբ դերասանուհի։ Ուսանել է մայրաքաղաքում, ավարտել է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցը։ Այժմ աշխատում է Երևանի կամերային թատրոնում։ Չնայած դեռ երիտասարդ է, բայց մի շարք դերեր է մարմնավորել թատրոնում և կինոյում։

Երիտասարդ դերասանուհին պատմում է՝ շատ մեծ էր ցանկությունը դերասանուհի դառնալու, այլ կերպ լինել, կարծես, չէր կարող։ «Վերջին դասարանում գնում էի անգլերենի պարապմունքի, զուգահեռ խաղում էի ինչ-որ փոքրիկ դերեր Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում ու բաց էի թողնում պարապմունքներս ներկայացման պատճառով, հիմա կասեմ՝ ներկայացման շնորհիվ։ Անգլերենի ուսուցիչն էլ տանել չէր կարողանում անպատասխանատու աշակերտներին, և ես սիրով հրաժարվեցի մայրիկի՝  իմ տնտեսագետ դառնալու մտքից ու հստակ որոշեցի դառնալ դերասանուհի»։ Վիկտորյան հավելում է՝ մայրը, քույրը, հորաքույրը նույնպես դերասանուհիներ են, կեսկատակ-կեսլուրջ էլ ասում է՝ զարմանում է՝ հայրիկը ոնց է դիմանում։

Ասում է՝ դեռ չի փոշմանել ու երբեք չի փոշմանի, որ ընտրել է այս ուղին, պաշտում է իր մասնագիտությունը։ Հարցին՝ ինչ է դերասանական արվեստն իր համար, պատասխանում է՝ այն  փորձ է ապրելու շատ ու շատ կյանքեր, բացի այն մյուսից, որ տրվել է ի սկզբանե։ Ուսանողական ծանր կյանք է ունեցել՝ լի դժվարություններով, հիասթափություններով, սիրով, սիրո պակասով․ «Իմ սկզբունքային ու համառ լինելու պատճառով զրկվել եմ շատ լավ դերերից ու ներկայացումներից: Առաջին կուրսում «Համլետ» ողբերգության մեջ Գերտրուդ եմ խաղացել, երկրորդ կուրսում «Երկու տիրոջ ծառա» ներկայացման մեջ՝ Բեատրիչե։ Նանե Շուշանյանի «Ետ նայիր զայրացած» ներկայացման մեջ Էլիսոնի դերը»:

Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից սկսվեց իր անհաջող ու սև գիծը՝ համեմված տարատեսակ խնդիրներով։ Իսկ չորրորդ կուրսում Արա Երնջակյանը բեմադրեց «ՀՀՖՇ» ներկայացումը, որը և եղավ վերջինը իր ուսումնական կյանքում։ «Այնուհետև մեծ դժվարությամբ, արժեհամակարգի որոշակի փոփոխություններով (նախկինում առաջնայինը երկրորդականից չէի տարբերում) ընդունվեցի Կամերային թատրոն»։ Այնտեղ խաղացել է «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» և «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումներում։ Իսկ կինոարվեստում գործունեությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Մի շարք նախագծերում է  հանդես եկել, այդ թվում՝ «Տանդեմ», «Բալենի», «Հանդիպման վայր», «Մահվան ջոկատը»:

Երազում է խաղալ կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանի «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ Ջիլի դերը․ «Երևի դա անհնար է, բայց երազում եմ այդ մասին․ ես երազող եմ էությամբ»։ Վիկտորյայի խոսքով՝ դերասանությունը շատ բարդ մասնագիտություն է։ Էմոցիոնալ մարդ է, դա էլ ավելի է բարդացնում կյանքը: Թերություն և առավելություն չկա, կամ դու քեզ լավ ես զգում այդ  մասնագիտության մեջ ու ընդունում ես դրա կանոնները, կամ այդտեղ անելիք չունես։ Իսկ թե ինչ դերերում հանդես չի գա, ասում է՝ չի ցանկանա սահմանափակել իրեն մասնագիտության մեջ, դա սխալ է։

Հաճելի դրվագ հանդիսականից

Պատմում է վերջերս տեղի ունեցած մի դեպքի մասին: «Խաղում ենք «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ինտերակտիվ ներկայացումը, որի ժամանակ ուղղակիորեն ներկայացմանը մասնակից ենք դարձնում մի քանի տղամարդ հանդիսականի։ Մեկը բավականին ակտիվ էր, աչքի էր ընկնում ու ամբողջ ներկայացման ընթացքում շփվում էր մեզ հետ: Կեսից մի պահ դուրս եկավ, մտածեցինք՝ գնաց, վերջ,  մի քանի րոպեից հետո եկավ, նստեց: Ներկայացումն ավարտվեց, նայեցինք՝ չկա: Դե գալիս ենք հերթով, գլուխ ենք տալիս, արդեն պիտի դուրս գանք բեմից, շնչակտուր մտնում է դահլիճ՝ ձեռքին 4 ծաղկեփունջ (չորս հոգով ենք խաղում): Շատ հաճելի իրարանցում էր»:

Դերասանուհին երազանքների մասին չի ցանկանում բարձրաձայնել, այլ մատնանշում է սիրելի ֆիլմի՝ Գասպար Նոեի «Կլիմաքսը» նկարի դերասաններին՝ Լեոնարդո  դի Կապրիոյին և Լուի Գարրելին, ռեժիսորներից՝ Ջարմուշին, Նոեին, Տարանտինոյին։ Վիկտորյան հանդես է եկել նաև «Գոյ» թատրոնի բեմում, իսկ Կապանի թատրոն վերադառնալու մասին ասում է․ «Չնայած սիրում եմ քաղաքս ու կապանցիներին, այնուհանդերձ նախընտրում եմ մնալ այստեղ, քանի որ մայրաքաղաքը մասնագիտության մեջ զարգանալու առումով ավելի լայն հնարավորություններ է ընձեռում»։

Անուշ Միրզոյան

14:00 09.06.2019

Ամենաշատ ընթերցվածները