ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով
15:00 10.06.2019

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով

Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կառույցին անդամակցելուց ի վեր զգալիորեն աճել է: Աճել է նաև Հայաստանից վերջնական սպառման ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, նախորդ տարի արտահանումն, ընդհանուր առմամբ, աճել է 20.7 տոկոսով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ: Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Եվ կարող ենք արձանագրել, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան  աճել են 34.5 տոկոսով: Ընդ որում` ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում  Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Կարևոր է արձանագրել, որ այս արտահանումն իրենից ներկայացնում է վերջնական սպառման ապրանքներ »,-ներկայացրեց Խաչատրյանը:

Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: Մնացած 99 տոկոսը վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են: Խաչատրյանը սրանք համարեց կարևոր թվեր, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանի արտադրության ապրանքները մրցունակ և պահանջված են ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար:

2018 թվականին  դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվել են ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր և այլն:

2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: Նախարարը նշեց՝ կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 10.06.2019

Ամենաշատ ընթերցվածները