ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
18:00 13.06.2019

Պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ

«Երեխային բերեք, պոլիոմելիտի դեմ պատվաստեք», - մայրիկներին այս օրերին զանգահարում են Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնագետները և հորդորում իրենց փոքրիկին ներկայացնել առողջապահական կենտրոն։ Առաջին պահին զանգը իրարանցում է առաջացնում, քանի որ ոմանք ազգային օրացույցով նախատեսված պոլիոմելիտի պատվաստումը ստացած են լինում, և անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել փոքրիկին ևս մեկ անգամ պատվաստել։

Անհանգստանալու կարիք չկա․ բացատրում են բուժաշխատողները և նշում, որ Հայաստանում  2019թ. մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում իրականացվում  են  պոլիոմելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման հետևանքով այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմելիտի 4-5-րդ դեղաչափը ստանալու կենդանի պատվաստանյութով:

Ինչ հիվանդություն է պոլիոմելիտը

Պոլիոմելիտը վիրուսային բարձր վարակելիության հիվանդություն է, հիվանդ մարդուց փոխանցվում է ինչպես օդակաթիլային՝ հազալու, փռշտալու ճանապարհով, այնպես էլ՝ բերանակղանքային։ Գաղտնի շրջանը միջինը 9-14 օր է, կարող է տևել մինչև 28 օր, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարմամբ։ «Պոլիոմելիտի հարուցիչը կոչվում է էնտերովիրուս, երեխաների մոտ առաջանում է կայուն հաշմանդամություն, այսինքն՝ այս հարուցիչը առաջացնում է ողնուղեղի գոտկային հատվածի շարժիչ նեյրոնների ախտահարում։ Երեխան կարող է առավոտյան արթնանալ, նստել գիշերանոթին և այլևս վեր չկենալ», - ներկայացնում է պոլիկլինիկայի իմունիզացիայի պատասխանատու Զարինե Բաբայանը։ Պոլիոմելիտով կարող են հիվանդանալ  ցանկացած տարիքում, առավել խոցելի են համարվում մինչև երեք տարեկան երեխաները: Վնասված նյարդային բջիջները այլևս չեն վերականգնվում, չի վերականգնվում նաև վնասված մկանների  ֆունկցիան:

Առաջին պատվաստումը երեխան պետք է ստանա երեք ամսական հասակում, երկրորդ պատվաստումը` 4,5 ամսականում, երրորդը` 6 ամսականում: Միայն երեք դեղաչափ ստանալուց հետո է, որ երեխայի մեջ առաջանում է կայուն անընկալություն տվյալ հիվանդության նկատմամբ, որը հետագայում ամրապնդվում է կրկնապատվաստումների միջոցով:

Պոլիոմելիտի տեղային դեպքեր ՀՀ-ում չեն գրանցվել, հիմնականում բերովի են։ Անցած ամիս հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է մեր հարևան Իրանում։ «Եվրոպական երկրներից վտանգ չկա, այնտեղ պատվաստվողները մեծ թիվ են կազմում, իսկ ահա Վրաստանից կարող է հարուցիչ բերվել», - ասում է Զարինե Բաբայանը։

Թվերը խոսուն են

Լրացուցիչ պատվաստման ենթակա երեխաների թիվը Կապանում հասնում է 1200-ի։ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ՝ 2 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 95%, 2018թ.՝ 93%, իսկ 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: Նույն իրավիճակն է նաև 1 և 6 տարեկանների շրջանում՝ 1 տարեկան երեխաների շրջանում 2017թ. կազմել է 96%, 2018թ.՝ 94%, իսկ 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում՝ 93.7%, 6 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 97%, 2018թ. և 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում՝ 96%: Իմունիզացիայի պատասխանատուն վստահեցնում է, որ Կապանում հանրապետական միջինից ընդգրկվածության բարձր ցուցանիշ է, հատկապես 6 և 2 տարեկանների շրջանում համապատասխանաբար 97 և 96 տոկոս է։

Նելլի Միրզախանյան

18:00 13.06.2019

Ամենաշատ ընթերցվածները