ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Այս տարի չընդունվեցիր, մյուս տարի փորձի՛ր
16:00 14.06.2019

Այս տարի չընդունվեցիր, մյուս տարի փորձի՛ր

Եթե ամառը շատերի համար հանգստյան շրջան է, ապա ուսանողների և աշակերտների համար լարված և սթրեսներով լի օրեր են: Ամռան այս երկու ամիսը կրթական համակարգում համարվում է քննական շրջան: Դպրոցներում միասնական քննությունների մեկնարկը տրված է, բուհերում՝ ևս: Եթե ուսանողների դեպքում սա պարզապես հերթական քննաշրջանն է, ապա աշակերտների համար կյանքում ամենակարևոր փուլերից մեկի հաղթահարումն է:

Երկրներ կան, որտեղ ընդունելության քննություններ ընդհանրապես գոյություն չունեն: Բոլոր ցանկացողները ընդունվում են, բայց ովքեր չեն կարողանում սովորել, դուրս են մնում: Սա ևս սթրեսի կրճատման ձև է, բայց Հայաստանում այս տարբերակը չի գործում:

Քննություններ հանձնելու շրջանում ուսանողները հաճախ են բախվում նախաքննական սթրեսի: Լարվածությունը, հուզմունքը, անհանգստությունը քննությունից առաջ բնական են, և առանց դրանց, կարելի է ասել, անհնար է: Սակայն երբեմն դրանք մեզ խանգարում են քննության ժամանակ մեզ դրսևորել լավագույն ձևով:

Որպես կանոն, սթրեսից հնարավոր չէ խուսափել, սակայն նրան կարելի է «խաբել»: Դրա համար պետք է այնպես խելամիտ կանոնակարգել աշխատանքն ու կյանքը, որ հնարավորինս պակասեն անիմաստ քաշքշուկները և անախորժությունները: Արդյունքում կբարձրանան անհատական դիմացկունությունը և սթրեսակայունությունը: Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ սթրեսի հիմնական աղբյուրը ժամանակի պակասը և անելիքների մեծ քանակն են: Սթրեսի լրացուցիչ աղբյուրներ են ֆինանսական խնդիրները, որոնք մարդուն անընդհատ լարվածության և տագնապի մեջ են պահում: Քննական շրջանում այս երկու գործոնները միասնաբար անդրադառնում են անձի հոգեվիճակին:

Շատերը կարևորում են քննությունների արդյունքները, որովհետև դրանցից են կախված ուսանողի վարձավճարի չափը, զեղչերը, անվճար համակարգում ուսուցումը: Նրանք չեն ցանկանում հիասթափեցնել իրենց ծնողներին, հարազատներին և, վերջապես, իրենք իրենց: Սակայն պետք է հիշել, որ քննությունը անցողիկ է և շուտով կմոռացվի, իսկ առողջության կորուստը կանհանգստացնի ողջ կյանքի ընթացքում:

«Բոլորս էլ գիտենք, որ քննությունը սթրեսածին գործոն է: Պատճառներից մեկն անորոշությունն է, մյուսը՝ այն, որ քննությունը հնարավորություն է տալիս գնահատել մարդու գիտելիքներն ու հնարավորությունները, ինչը ևս տագնապ և  անհանգստություն է առաջացնում մարդու մեջ: Սթրեսը մեծ ազդեցություն է ունենում և´ հուզական, և´ իմացական ոլորտների վրա: Այն խանգարում է ուշադրության կենտրոնացմանը, հիշողությանը, մտածողությանը:  Նախաքննական գերլարվածության պատճառներից մեկն էլ բուհ ընդունվելն իբրեւ միակ գերնպատակ տեսնելու մոլուցքն է: Սրանք գործոններ են, որոնք որոշիչ դեր կարող են խաղալ քննության ժամանակ: Քիչ չեն, չէ՞, դիմորդները, որոնք գիտելիքների առումով առավելագույնս պատրաստված են, բայց քննության ժամանակ որոշակի անհաջողություններ են ունենում : Քննության նախօրեին, հատկապես գիշերը, պետք չէ շատ կարդալ: Դա դիմորդները ընկալում են իբրև արդյունավետ տարբերակ, բայց իրականում հակառակն է: Ոչ միայն քննության նախօրեին, այլև առհասարակ, ցանկալի է առողջ, բնականոն քուն ապահովել», - ասում է հոգեբան Հասմիկ Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենք չեն կարող մեկ օրում կամ  մեկ ժամում, առավել ևս քննության նախօրեին լիարժեք օգտակար լինել դիմորդին, որպեսզի վերջինս քննության ժամանակ չունենա լարվածություն: Դա ժամանակատար գործընթաց է: Ընդհանրապես քննություններին պատրաստվելիս դիմորդներն առնվազն մեկ-երկու տարի տրամադրում են տվյալ առարկայից գիտելիքներ ձեռք բերելուն, բայց անտեսում են հոգեբանական պատրաստվածության կարևորությունը, մինչդեռ անհրաժեշտ է, որ նրանք նույնքան ժամանակ էլ տրամադրեն հոգեբանական որոշակի գիտելիքների տիրապետմանը:

Նախաքննական շրջանում հատկապես կարևորվում են ռեժիմով սնվելը, ճիշտ սննդակարգն ու կանոնավոր քունը: Մասնագետները խորհուրդ են տալիս լավ նախաճաշել, թարմ մրգեր և բանջարեղեն ուտել: Ոչ ոք չի կարող լավ մտածել միայն սուրճ խմելով և շոկոլադ ուտելով, ինչը հաճախ անում են ուսանողները: Վատ քնելը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում քննական պրոցեսի վրա, իսկ քննությունից առաջ մի ամբողջ արթուն գիշերվա հետևանքները հետքննական շրջանում բավական դժվար կլինի վերացնել:

Երբեմն քննությունը չհաջողելու պատճառով սթրեսային վիճակը մարդուն հասցնում է նույնիսկ ինքնասպանության: Տարիներ առաջ նման դեպք է գրանցվել նաև Հայաստանում: Հոգեբանը ծնողներին հորդորում է երեխային հուշել, որ կյանքում կան այլ նպատակներ, այլ արժեքներ ևս, որոնց համար պետք է պայքարել: Ի վերջո, կարելի է նաև հետաձգել նպատակի իրականացումը. այս տարի չընդունվեցիր, մյուս տարի փորձի՛ր:

Սոնա Օհանջանյան

16:00 14.06.2019