ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ապուշ անվանելը՝ ստիպված քայլ
18:00 17.06.2019

Ապուշ անվանելը՝ ստիպված քայլ

Անցած շաբաթ ստիպված էի Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ապուշ անվանել: Միանգամից ասեմ, առանձնապես չեմ հպարտանում այդ քայլովս: Ընդհանրապես տհաճ է, երբ մարդկային, գործնական հարաբերությունները պահի տակ դուրս են գալիս քաղաքակիրթ հարաբերությունների մակարդակից և վերածվում փողոցային ռազբորկայի: Գնացի այդ քայլին, քանի որ նախարարության աշխատակիցները նախարարի գլխավորությամբ վիրավորեցին ինտելեկտս: Այո, ոչ թե ինձ, դա կարող էի ներել, այլ հենց ինտելեկտս: Մի՞թե ես և հասարակությունը, ում համար փորձում եմ վավերագրական ֆիլմ նկարահանել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ, արժանի ենք ինչ-որ պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքի կոռուպցիոն չարաշահմանը, ասել է թե՝ հանրային բարիք հանդիսացող Սևանա լճին վերաբերող տեղեկատվությունը թաքցնելու փաստին: Վստահ եմ, որ ոչ:  

Մեծ հույսեր ունեմ, որ նախարարը կվիրավորվի, կդիմի դատարան, որտեղ ավելի ծանրակշիռ փաստեր կներկայացնեմ՝ էլ ավելի խայտառակելով իրենց աշխատաոճը, սակայն դա կլինի հետո, իսկ հիմա ուզում եմ խոսել իշխող ուժի չեզոքության մասին, որը շատ ավելի մեծ խնդիր է, քան նախարարի պահվածքը: Մի՞թե այսօրվա Հայաստանում հանրային կերպով հնարավոր է վիրավորանք հասցնել բարձրաստիճան պաշտոնատար անձի և մնալ ստվերում: Համենայն դեպս մեկ շաբաթ անց իրավիճակը հենց այդպիսին է: 87 իշխանական պատգամավորներից, պետության ղեկի անմիջապես առջևում նստած հարյուրավոր այլ մարդիկ գերադասում են լռել՝ թողնելով խնդիրը իմ ու նախարարի ներանձնական ռազբորկայի տիրույթում: Կարող է գալ ժամանակ, երբ նախարարը կգիտակցի իր սխալը, և մենք սկսենք համագործակցել, բայց երբեք չի գա այն ժամանակը, երբ ես շատ-շատերին կներեմ իրենց լռությունն ու անտարբերությունը, որը ահավոր վտանգավոր է պետականաշինության այս փուլում: Եթե այսպես շարունակվի, ապուշների ցուցակը կարող է կտրուկ աճել:

Արման Սուլեյմանյան

18:00 17.06.2019

Ամենաշատ ընթերցվածները