ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Իսկ ես ուզում եմ քաշ ավելացնել
19:00 11.08.2019

Իսկ ես ուզում եմ քաշ ավելացնել

Շատերի մոտ իդեալական կազմվածքը ասոցացվում է քաշ կորցնելու՝ նիհարելու հետ: Թեև շատերի համար քաշը նվազեցնելն է համարվում գերխնդիր, փոքրամասնություն չեն կազմում նաև նրանք, ովքեր ունեն մարմնի ցածր կշիռ և ցանկանում են քաշ հավաքել: Նիհար լինելը որոշակի փուլում արդեն տգեղ է, մանավանդ, երբ հասնում է դիստրոֆիայի աստիճանի: Այս երևույթն ունի տարբեր պատճառներ, ինչպիսիք են՝ թերսնուցումը, ախորժակի պակասը, որոշակի հիվանդություններ կամ պարզապես ժառանգականություն: Քաշի հիմնական փոփոխությունները կապված են օրգանիզմում կալորիաների փոխհարաբերությունից, ինչը ենթադրում է, որ քաշ ավելացնելու համար պետք է ընդունել ավելի շատ կալորիա, քան հավաքում եք: Բայց նախ՝ եթե ձեր մարմնի քաշը նորմայից քիչ է, ապա ինքնուրույն գիրանալու փորձեր անելուց առաջ արժե խորհրդակցել բժշկի հետ: Մինչև  միջոցների դիմելը պետք է հասկանալ նիհարելու կամ քաշ չհավաքելու պատճառը։ Ինչպես ասում է բժիշկ Գայանե Ստեփանյանը՝ շատ հաճախ միայն սննդակարգի կարգավորումը բավական է լինում քաշ հավաքելու համար։

«Սնունդը քաշ ավելացնելու և պակասեցնելու համար գրեթե նույնն է։ Ճիշտ սնվելու դեպքում չես ունենա ո՛չ ավելորդ քաշ, ո՛չ էլ քաշի դեֆիցիտ։ Որպեսզի կիլոգրամներ հավաքեք, հարկավոր է խթանել ախորժակը: Եթե դուք ստիպեք ձեզ ուտել, ապա անհրաժեշտ արդյունք չի տա: Բացի դրանից՝ հարկավոր է վերանայել ձեր օրվա սննդակարգը, այնտեղ ավելացնել կալորիական սննդատեսակները, միաժամանակ չփոխելով այն քանակը, որը ուտում էիք մինչև այդ: Այս դիետայի միակ առավելությունը այն է, որ այլևս ստիպված չեք լինի սահմանափակվել սննդի ընտրության հարցում: Կարող եք ուտել  չափավոր յուղոտ ուտելիքներ, հացաբուլկեղեն ու քաղցրեղեն: Սակայն այս ամենը պետք է հավասարաչափ բաշխվի սննդակարգում: Պետք է ուտել հաճախակի՝ օրը  5-6 անգամ, ու պահել որոշակի պարբերականություն: Ամեն անգամ պետք է ուտել քիչ քանակությամբ, բայց կալորիաներով հարուստ սնունդ: Ուտելուց առաջ ցանկալի է, որ խմեք որևէ բնական հյութ, օրինակ` մրգերից կամ բանջարեղենից պատրաստված: Դա խթանում է ձեր ախորժակը, և ստամոքսը սկսում է մարսողության համար ստամոքսահյութ արտադրել: Այս ընթացքում սոված լինելն արգելված է, հակառակ դեպքում ձեր ջանքերը ջուրը կգնան: Երբ սոված եք, օրգանիզմը օգտագործում է այն ճարպերն ու կալորիաները, որոնք մինչև այդ ընդունել էիք, իսկ դա հենց այն է, ինչ պետք է ավելացնի ձեր քաշը», - ասում է բժշկուհին:

Դիետայի ընթացքում շեշտը անհրաժեշտ է դնել ածխաջրով ու սպիտակուցներով հարուստ սննդի վրա: Սպիտակուցների դեպքում ցանկալի է, որ դրանք լինեն բնական սպիտակուցներ. ձուկ, միս, հավի միս ու հավկիթ: Հատկապես թռչնամիսը օգտակար է: Այն հեշտ է մարսվում և օգնում է մկանային ծավալի ավելացմանը: Մյուս սննդատեսակը կաթնամթերքն է. հարկավոր է ուտել կաթնաշոռ, կարագ, խմել բարձր յուղայնությամբ կաթ:

Կան նաև հատուկ կոկտեյլներ: Օրինակ, 200 գրամ կաթնաշոռը կարող եք խառնել մեկ մեծ գդալ մեղրի և որևէ մրգի հետ, ստանալ համասեռ զանգված ու խմել:

Ածխաջրերով հարուստ սննդից կարող եք ուտել բուլկիներ, հաց, մածուկներ, կարտոֆիլ, քաղցրեղենից` շոկոլադ և այլ կոնֆետներ: Հարկավոր է օրը նվազագույնը 2 լիտր ջուր խմել: Կարող եք խմել նաև թեյ, կաթով սուրճ, կակաո, կաթով ու մեղրով թեյ:

Քաշ կարելի է ավելացնել մեծացնելով մկանային զանգվածը: Մարզումները կօգնեն ոչ միայն ձեռք բերել մկանային զանգված, այլև կնպաստեն ախորժակի բարձրացմանը: Անհրաժեշտ է կատարել մկանները մարզող, ուժային վարժություններ: 

Չպետք է մոռանալ նաև քնի մասին: Օրական պետք է քնել 8-9 ժամ: Բավարար քունը ցանկացած դեպքում կարևոր է: Քնի ընթացքում է մեր օրգանիզմը վերակարգավորվում, ապաքինվում և կառուցում մկանային զանգված:

Սոնա Օհանջանյան

19:00 11.08.2019

Ամենաշատ ընթերցվածները