ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանը Գերմանիայից դրամաշնորհ կստանա տարբեր ծրագրերի, այդ թվում՝ գյուղատնտեության ապահովագրության համար
18:00 03.10.2019

Հայաստանը Գերմանիայից դրամաշնորհ կստանա տարբեր ծրագրերի, այդ թվում՝ գյուղատնտեության ապահովագրության համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև  2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ֆինանսների նախարարն ասաց, որ ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն։

Վարկային միջոցներ և  ֆինանսական օժանդակությունը հետևյալ ծրագրերի համար է՝
«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

«Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

«Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,

«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրին՝ նշեց, որ հոկտեմբերի 1-ից ապահովագրական ընկերությունները 6 մարզում սկսել են գյուղատնտեսական ապահովագրությունը։ Ըստ նրա՝ դա կլինի համաֆինանսավորման եղանակնով։

Նախարարի խոսքով՝ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը շատ կարևոր է, և հույս ունեն, որ դրա շնորհիվ գյուղացիական տնտեսությունները կկարողանան կառավարել ռիսկերը։ «Առաջին արդյունքները կտեսնենք հաջորդ տարվա աշնանը»,- նշեց վարչապետը։

Խաչատրյանը հայտնեց՝ ապահովագրավճարի չափը կապ ունի գոտու ռիսկայնության հետ, որքան քիչ ռիսկային է գոտին, ապահովագրավճարն այնքան ցածր է:

«50 տոկոսից բացի, 10 տոկոս լրացուցիչ համաֆինանսավորում ենք կատարում այն գյուղացիական տնտեսություններին, որոնք որոշում են ապահովագրել միանգամից բոլոր ռիսկերից՝ կարկուտ, վաղաժամ ցրտահարություն և հրդեհ: Արդեն գարնանը կունենանք որոշակի պատկեր»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։

Աղբյուր` Panorama.am

18:00 03.10.2019

Ամենաշատ ընթերցվածները