ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կրթական համակարգի բացերը
14:00 06.10.2019

Կրթական համակարգի բացերը

Բարձրագույն կրթության ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 60-րդ տեղը։ Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Ավստրալիան և Դանիան։ Իսկ վերջին՝ 189-րդ տեղը զբաղեցնում է Նիգերի Հանրապետությունը։

Առհասարակ կրթությունը կարևոր չափանիշ է երիտասարդների զարգացման և անձնական աճի համար։

HeadHunter աշխատանքի տեղավորման խոշորագույն գործակալությունը, խոսելով ավելի քան 12000 աշխատակցի հետ, եկել է այն եզրահանգման, որ նրանք, ովքեր ստացել են բարձրագույն կրթություն, առաջին հերթին բարելավել են իրենց ընդհանուր մտավոր զարգացումը․ սա նշել է հարցվածների 60%-ը։

Իսկ միջին մասնագիտական կրթություն ստացածները նշում են, որ առաջին հերթին սովորել են մասնագիտական հմտություններ (15%):

Կրթական համակարգի ազդեցությունը աշխատանքային շուկայի վրա

Բուհերն ավարտելուց հետո շատերը կանգնում են աշխատանք ունենալու խնդրի առաջ։ Չնայած աշխատանքային շուկայում կան մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ, այնուամենայնիվ կա մասնագետների պակաս։

«Այսօր մեծ պահանջարկ ունեն վաճառքի մասնագետները, դիզայներները, ծրագրավորողները։ Գլոբալ՝ բոլոր ոլորտներում էլ պահանջարկ կա՝ ինժեներից մինչև վերանորոգման աշխատանք կատարող վարպետ», - նշում է շուկայագետ (մարքեթոլոգ) Վահրամ Միրաքյանը։ Նրա կարծիքով՝ մասնագետների պակասը պայմանավորված է Հայաստանի բուհական համակարգով, քանի որ այն չի համապատասխանում մեր տնտեսության պահանջներին։

«Մեր բուհերը ընդհանուր առմամբ կառուցվածքով, քանակով, իրենց բաժիններով ավելի շատ համապատասխանում են Խորհրդային Հայաստանի տնտեսության պահանջներին, իսկ այն այսօր գոյություն չունի։ Այդ պատճառով էլ չեն կարողանում ապահովել համապատասխան մասնագետներ», - նշում է Վ.Միրաքյանը

Մյուս պատճառը բուհերի մրցունակ չլինելն է, իսկ որպես կանոն լավ մասնագետները նման բուհերում չեն դասավանդում։ Շուկայագետը նշում է, որ համալսարաններում ամենաբարձր աշխատավարձը կազմում է 250000 դրամ, իսկ լավ մասնագետը նման աշխատավարձով չի դասավանդի։

Կրթություն առանց աշխատանքի

Հարցումները ցույց տվեցին, որ տարբեր համալսարանների շրջանավարտների շուրջ 70%-ը աշխատանք է փնտրում։ Վ․Միրաքյանը նշում է, որ Հայաստանում տարեկան 100000 ուսանող է ավարտում, բայց լավագույն դեպքում ըստ մասնագիտության աշխատում է ընդամենը 10%-ը։ Կարինե Հովսեփյանը ավարտել է ԵՊԼՀ-ի Ռուսաց և օտար լեզուների բաժինը։ «Բարձրագույն կրթությունս հնարավորություն է տալիս աշխատել պետական մարմիններում և բոլոր այն հիմնարկներում, որտեղ գլխավոր պահանջը անգլերենի իմացությունն է։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտել եմ, բայց դեռ աշխատանք չեմ կարողանում գտնել։ Հիմնականում աշխատանքային փորձ են պահանջում»։

Յուրի Ավանեսյանը սովորում է ՀԱՊՀ-ում։ Սովորելու հետ մեկտեղ ցանկանում է նաև աշխատել։ «Չնայած ուսանող եմ, բայց աշխատանք եմ փնտրում։ Գիտեմ, որ դժվար է այսօր աշխատանք գտնելը։ Ընկերներիս մեծ մասը արդեն ավարտել է, բայց նրանցից շատ քչերն են իրենց մասնագիտությամբ աշխատում», - նշում է Յուրան։

Իսկ Արմինե Աթանեսյանը երկու տարի է, ինչ ավարտել է։ Աշխատում է, բայց ոչ իր մասնագիտությամբ։

«Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց այսօր վաճառողուհի եմ աշխատում։ Ուսանողության տարիներին պրակտիկա անցել եմ, բայց հետագայում աշխատանքով չապահովեցին», - նշում է Արմինեն։

«Ինչ վերաբերում է աշխատանքային փորձին, կարծում եմ՝ մի քիչ չափազանցնում են։ Իհարկե, եթե ուսանողը գործատուից պահանջում է 200000 դրամ աշխատավարձ, գործատուն էլ պետք է պահանջի աշխատանքային փորձ։ Իսկ մյուս բոլոր դեպքերում կարելի է պրակտիկա անցնել բոլոր  հաստատություններում», - նշում է Վահրամ Միրաքյանը։

Շուկայագետի կարծիքով Հայաստանի կրթական համակարգը փոխելով՝ կփոխվի նաև աշխատանքային շուկայի ներկա վիճակը։ Իսկ այսօր բուհերը լավագույն դեպքում միայն զարգացվածություն են ապահովում։

Մանե Բաբայան

14:00 06.10.2019

Ամենաշատ ընթերցվածները