ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ներմուծենք մեքենա միասին
18:00 07.10.2019

Ներմուծենք մեքենա միասին

Եվս երեք ամիս, ու նորմալ որակի ավտոմեքենաների ներմուծումը դառնում է անիմաստ թանկ հաճույք Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցության պատճառով: Նախորդ իշխանությունները ստորագրել են համաձայնագիր առ այն, որ մենք 2020 թվականի հունվարի 1-ից արտոնյալ պայմաններով պետք է վարենք միայն ռուսական կացինով պատրաստված մեքենաներ: Նախկինները որոշել են մեր փոխարեն, իսկ ներկաները առանձնապես չեն ընդդիմացել: Ինչպես կասեր դասականը, նախկին ռեժիմից մեզ բախտ հասած հերթական պատուհասը: Պատուհաս դարձած իրողությունները օրեցօր շատանում են և կարծես թե վերանալու միտում չունեն: Բայց ես ձեզ առաջարկում եմ իմ օրինակով մեքենա ներմուծել և ինձ հետ միասին ապրել այդ նսեմացուցիչ գործընթացի ողջ «բերկրանքը»: Ինչու՞ էր դա նսեմացուցիչ Սերժի վախտ, պարզ էր, ինչու՞ է դա մնացել նույնը ցայսօր, վերլուծենք միասին:

Մեքենա պատվիրելու գործընթացը

Եթե դուք որոշել եք եվրոպական ավտոշուկայի դռները փակվելուց առաջ մեքենա պատվիրել, ապա ամենայն հավանականությամբ կդիմեք ներմուծող գրասենյակ: Այստեղ ձեզ այնպես կշփոթեցնեն գների մեջ, որ գլուխ չեք հանի, մինչև չներմուծեք վերջնական: Հիմնական համոզիչ պատճառը պարզ է: Ինչ էլ ներմուծեք, ինչքան թանկ էլ վճարեք, մեկ է, այսօրվա շուկայում եղած գներով 30-40 տոկոս քյար եք անելու: Դժվար է չհամաձայնել, սակայն հենց այստեղ էլ ձեր խառնաշփոթ պատվերի վրա էլ սկսում են փող աշխատել ներմուծող գրասենյակները, իսկ դուք, դուք, որ ուղղակի մեր պետության անմիտ քաղաքականության զոհ եք, թուլացեք և հաճույք ստացեք: Ժամանակը քիչ է, իսկ 21-րդ դարում «Լադա» մակնիշի մեքենա վարելը հիրավի խայտառակություն է:

Ներմուծում

Լրագրողական հետաքրքրությունը մղեց գնալ Փոթի և ինքնուրույն վարելով՝ բերել գնված մեքենան Հայաստան: Մարդատար միկրոավտոբուսը գնաց Գյումրի-Բավրա-Փոթի ճանապարհով: Մինչև Գյումրի Հյուսիս-հարավի կիսակառույց ճանապարհը, ինչպես նաև մինչև սահման, քանդված էր, ինչի պատճառով կորցրինք ներվեր ու ժամանակ: Հարցրի վարորդին, թե ինչու հնարավոր չէր գնալ Բագրատաշենով և խնայել ժամանակ: Պարզվեց՝ Վրաստանի տրանսպորտի նախարարը այդպես է տվել արտոնագիրը: Այսինքն՝ ո՛չ գծատերը, ո՛չ մեր պետությունը ի վիճակի չեն խնդրել օգտվել այլընտրանքային սարքին ճանապարհից, քանի դեռ այս մեկը վերանորոգվում է: Իմ տրամաբանությունը վարորդի վրա ոչ մի կերպ չազդեց, քանի որ վերջինս պարզ ասաց. «5000 լարի կտուգանեն, եթե էն մյուս, նորմալ ճանապարհի վրա բռնացնեն»: 2000 դոլարից ավելի տուգանքը վախեցնող է, սակայն ինչու՞ չի կարելի մարդավարի խնդիրը լուծել առանց տառապանքի, այդպես էլ չհասկացա:

Արդեն Վրաստանում մեքենան Փոթիից դուրս բերելուն պես, բառացիորեն մի քանի կիլոմետր քշելուց հետո, վրաց ՃՈ-ն ինձ տուգանեց 50 լարի՝ 8000դրամ: Մտածեցի, որ իսկապես թարթիչը չեմ միացրել: Որքան մեծ էր իմ զարմանքը, երբ սահմանին տուգանքը վճարելիս հանդիպեցի բոլոր այն վարորդներին, ովքեր ինձ նման մեքենա էին գնել ու ներմուծում էին: Հասկացա, որ մեզ ուղղակի շահագործել են: Հնարավոր չէ, որ բոլոր վարորդները աններելի խախտումներ կատարած լինեին, ինքն էլ բոլորը ոչ պակաս, քան 50 լարի տուգանքի արժանի: Բոլորս էլ խոստովանեցինք, որ վրացական տառեր չենք ընկալում ու չենք կարող ստուգել, թե արդյոք իսկապես մեր կատարած խախտումը այդքան արժեր ըստ իրենց օրենսդրության, թե՝ ոչ: 

Սահմանին

Ահա և վերջապես հայկական կողմում ենք, կարծես թե տառապանքները պետք է նվազեն: Ո՛չ, սահմանին արել են ամեն ինչ, որ դուք առնվազն 4-5 ժամ կորցնեք հերթերում ու վերջնականապես ուժասպառվեք: Սկզբից կանգնում եք մի անծայրածիր հերթ 3500 դրամ մաքսատուրք մուծելու համար: Պարտադիր բանկով ու հերթով: Եթե չմուծեք, տանջանքի մյուս օղակներին չեք հասնի: Հարցիս, թե արդյոք հնարավոր չէր տերմինալով այս չնչին գումարը առանց հերթի մուծել, հերթում կանգնած մարդիկ խեթ-խեթ նայեցին, կարծես ասում էին, որ Նարեկացու ժամանակներից այդպես եկել, այդպես էլ գնում է, խելոք տեղդ կանգնի՛ր: Հետո մաքսատան ինչ-որ անիմաստ ձևակերպումներն են, որոնցից հետո միևնույն է, պետք է գնաս մաքսատուն ու մաքսազերծես մեքենան: Վերջում ԱՊՊԱհովագրություն 10 օր տրանզիտ համարներով: Պատկերացնու՞մ եք, կրկին հերթեր, կրկին անիմաստ գործընթաց գիշերվա հազարին, քանի որ հնարավոր չէ այդ ամենը տերմինալով մուծել և ճանապարհ ընկնել: Բա ո՞նց կլինի, բա ամոթ չի՞ առանց տառապանքի շուտ տուն հասնեք: Ինձ խաբեցին, թե ախպեր ջան, մեկ է, քո անունով է, մի տարով արա ապահովագրությունը: Է հա, արեցի անիմաստ, մեկ է, համար հանելիս նորից պետք է ապահովագրել արդեն նոր պետհամարանիշով, այլ ոչ տրանզիտ համարանիշով: Այսինքն՝ մեկ է, նորից մտնելու էի ԱՊՊԱ ընկերություն, ինչու՞ էիք սահմանին տանջում:

Մաքսազերծման ու հաշվառման գործընթացն էլ չնկարագրեմ: Ինչպես կար անիմաստ քաշքշուկը, այդպես էլ մնաց: Ներվեր, ներվեր, ներվեր, ժամանակ, ժամանակ, ժամանակ, փող, փող, փող:

Վերջաբան

Ես հասկանում եմ՝ ինչու էր այս ամենը այսպես նախորդ հանցավոր ռեժիմի օրոք: Որքան շատ էր բյուրոկրատիան, այդքան շատ ու հաճախակի էին նոր մեքենա գնած վարորդի մաղարիչները: Բայց ինչու՞ է հեղափոխությունից 1.5 տարի անց նույնը մնացել, չեմ հասկանում: Մամուկա Բախտաձեի հետ Իջևաններում սուրճ, թեյ խմելու փոխարեն մի՞թե դժվար էր ասել, որ 2000 դոլարից ավելի մեր միկրոավտուբուսների վարորդներին չտուգանեն, ու մեր ուղևորները բարվոք ճանապարհով հասնեն Վրաստանի ցանկացած կետ: Ի վերջո, Հյուսիս-հարավը կարող է մի 5 տարի էլ չսարքվի: Կարելի՞ էր տեխնոլոգիական Հայաստանի մասին պաթոսային ելույթներից առաջ կանչել տերմինալները սպասարկող ընկերություններին, խնդրել մի կոճակ ավելացնել իրենց ծրագրերում, որպեսզի իրենք լրացուցիչ փող աշխատեին սպասարկման համար, իսկ մենք՝ վարորդներս, կտտանքների չենթարկվեինք: 

Իհարկե՛ կարելի էր, ո՛չ պետությունից գումար էր պետք, ո՛չ էլ բան: Ուղղակի Նիկոլ Փաշինյանը չի իմանում սրա մասին, իսկ մյուսները առանց Նիկոլի ոչ մի բանի պիտանի չեն, ինչպես տեսնում եք: Կեղտոտ դրոշի համար մաքսատան շարքային աշխատակցին վիրավորել, աշխատանքից հանելը՝ խնդրեմ, իսկ հազարավոր մարդկանց մատից փուշ հանելը, չէ, դժվար է, ժամանակատար է, դրա վախտը չի:

Արման Սուլեյմանյան

 

18:00 07.10.2019