ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուսաստանն իր բուհերում Հայաստանին կրկին 200-ից ավելի տեղ է հատկացնելու
20:00 10.02.2020

Ռուսաստանն իր բուհերում Հայաստանին կրկին 200-ից ավելի տեղ է հատկացնելու

2018-2019 թվականներին ռուսական բուհերում ուսանելու համար Հայաստանի քաղաքացիների համար հատկացվել էր 210 տեղ, իսկ այս տարի այդ տեղը հաստատապես պակաս չի լինի՝ հաշվի առնելով, որ քվոտաներն ամեն տարի մեծանում են: Այս մասին փետրվարի 10-ին Մոսկվա – Երեւան – Բիշքեկ տեսակամրջի ժամանակ ասաց Ռուսաստանի գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը:

Նա հավելեց, որ ռուսական բուհերում ուսանում է Հայաստանի 2674 քաղաքացի, եւ նրանցից 740-ից ավելին Ռուսաստանի Դաշնության բյուջեի հաշվին: «Հայաստանից դիմորդները հիմնականում սովորում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Մոսկվայի եւ Ռոստովի մարզերում: Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ռուսական բուհեր ընդունվել հատուկ ծրագրերով՝ ինչպես ուսման վճարովի տեղերում, այնպես էլ բյուջետային: 2024 թվականին նախատեսվում է ԱՊՀ երկրներից դիմորդների համար քվոտաները կրկնապատկել, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»,- ասաց Ֆալկովը:

Նա շեշտեց, որ միջազգային համագործակցության շրջանակում կարեւոր է Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը, ինչպես նաեւ գիտատեխնիկական համագործակցությունը:

«Այս առումով սպասում ենք հայ գործընկերների առաջարկներին, քանի որ մենք չենք կարող պարտադրել, բայց կարող ենք նպաստել եւ աջակցել նման համագործակցությանը»,- նշեց նա:

Վալերի Ֆալկովի խոսքով՝ ամեն տարի աշխարհում ռուսական կրթության պահանջարկն աճում է, եւ պետությունն աշխատում է, որ այս գործընթացին աջակցի՝ իրականացնելով ծրագրեր եւ ձգտելով բարձրացնել աշխարհում ռուսական բուհերի վարկանիշը:

Աղբյուրը՝ NEWS.am

20:00 10.02.2020