ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չարլի Լադերմանի՝ Հայոց ցեղասպանությանն անդրադարձող գիրքն՝ Արթուր Միլլերի ինստիտուտի մրցանակակիր
15:00 04.05.2020

Չարլի Լադերմանի՝ Հայոց ցեղասպանությանն անդրադարձող գիրքն՝ Արթուր Միլլերի ինստիտուտի մրցանակակիր

Չարլի Լադերմանը ստացել է Արթուր Միլլերի ինստիտուտի «Առաջին գիրք մրցանակը»՝ իր «Բեռի փոխանակում. Հայկական հարցը, մարդասիրական միջամտությունը և համաշխարհային կարգի անգլո-ամերիկյան տեսլականները» (Sharing the Burden: The Armenian Question, Humanitarian Intervention, and Anglo-American Visions of Global Order)  գրքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Լոնդոնի Քինգի քոլեջի կայքը:

Լադերմանը նշել է, որ իր գիրքը վերաբերվում է մի ամբողջ համայնքի զանգվածային սպանությանը և այն կանխելու ռազմավարություններին: «Շնորհակալ եմ Արթուր Միլլերի ինստիտուտին այս մրցանակի համար և ընդունելու համար, որ պատմությունը կարող է լուսավորել, պարզաբանել ժամանակակից մարտահրավերները. մի սկզբունք, որը առանցքային է Պատերազմի հետազոտությունների դեպարտամենտի առաքելության համար»,-ասել է Լադերմանը:

Քննելով, թե ինչպես են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արձագանքել  Հայոց ցեղասպանությանը, Լադերմանի գրքում ուսումնասիրվում են մարդասիրական միջամտության հնարավորությունները, սահմանափակումները և շարունակական երկընտրանքները:

Արթուր Միլլերի ինստիտուտն իր ամենամյա մրցանակը շնորհում է Ամերիկյան ուսումնասիրությունների բրիտանական ասոցիացիայի հետ միասին:

Աննա Գրիգորյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 04.05.2020