ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ազգերի գավաթ» առցանց մրցաշար. Օրվա հերոսը՝ Լևոն Արոնյան
18:00 07.05.2020

«Ազգերի գավաթ» առցանց մրցաշար. Օրվա հերոսը՝ Լևոն Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում երկու հաղթանակ է տարել։ Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Հնդկաստանի թիմի անդամ Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթանակ է գրանցել 2,5։1,5 հաշվով։

Չորրորդ տուրում Եվրոպայի թիմը մրցել է ամերիկացիների հետ։ Արոնյանը սևերով պարտության է մատնել կուբացի Լենիեր Դոմինգեսին։ Եվրոպայի թիմը հաղթանակ է տարել 3։1 հաշվով։
ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին  ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է խաղարկային երկու օրերի արդյունքները։

«Ավարտվեց Ազգերի գավաթի խաղարկության երկրորդ  օրը: Առջևում է Չինաստանը` 8 հնարավորից 7 միավորով: ԱՄՆ-ը և Եվրոպան 5-ական միավոր ունեն. Ռուսաստանը՝ 4. Մնացածը աշխարհը՝ 2. Հնդկաստանը՝ 1:

Օրվա հերոսը Լևոն Արոնյանն է, որը հաղթեց Դոմինգեսին և Վիդիտին:

Առջևում դեռ վեց տուր կա, բայց ակնհայտ է, որ սուպեր եզրափակչի երկու ուղեգիր նվաճելու պայքարը կսկսվի չորս առաջատարների միջև»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ  «Ազգերի գավաթ» առցանց թիմային  մրցաշարը մեկնարկել է մայիսի  5-ին։ 180  հազար ԱՄՆ  դոլար մրցանակային հիմանդրամով  ստուգատեսում հանդես են գալիս  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած  հավաքականները:

Եվրոպայի հավաքականում ընդգրկված  է  Լևոն Արոնյանը։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։

Աղբյուր` Panorama.am

18:00 07.05.2020