ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի նախագահ. Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի
17:00 19.06.2020

Արցախի նախագահ. Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ 

Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում նախագահ Հարությունյանն ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների հարգարժա՛ն անդամներ,

Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդական դարձած այս ձևաչափը: Այն կարևորագույն ձևաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար: Արդեն նկատելի են այս ձևաչափով աշխատանքների առաջին ձեռքբերումները, և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդպիսի ձեռքբերումներն անընդհատ ավելանալու են՝ բարձրացնելով հայրենիքի անվտանգության մակարդակը:

Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում:

Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից:

Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ:

Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը:

Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում:

Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Եթե հակիրճ ձևակերպելու լինենք, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները: Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:

Բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում մեզ բոլորիս»:

Աղբյուր` Panorama.am

17:00 19.06.2020

Ամենաշատ ընթերցվածները