ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աստերոիդների միջազգային օրն է
16:00 30.06.2020

Աստերոիդների միջազգային օրն է

2016 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը  հռչակել է հունիսի 30-ը Աստերոիդների միջազգային օր, որպեսզի «ամեն տարի հունիսի 30-ին հիշատակվի 1908 թ. Սիբիրում (ՌԴ)՝ Տունգուսկա գետի տարածքում ընկած աստերոիդի դեպքը և բարձրացվի հանրության իրազեկվածությունը աստերոիդների ունեցած վտանգավոր ազդեցության մասին»:

Նոր օր ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Տիեզերական հետազոտողների ասոցիացիային, այն աջակցել  է Խաղաղ նպատակներով տիեզերական տարածքն օգտագործելու կոմիտեն: Իսկ օրվա հիմնական գաղափարախոսներն են ռոք երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը և ռեժիսոր Գրիգ Ռիխթերսը: Նրանց համագործակցությունը սկսվել է 2014-ի փետրվարին, երբ Բրայան Մեյը Լոնդոնի վրա ընկած խոշոր աստերոիդի մասին Ռիխթերսի ֆիլմի համար երաժշտություն  է գրել: Արդյունքում էլ ծնվել է Աստերոիդի օրվա գաղափարը:

Տունգուսյան երկնաքար

1908 թվականի հունիսի 17-ին (30-ին) առավոտյան ժամը 7-ին Ենիսեյ գետի ավազանի տարածքի երկնքում հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք մեծ արագությամբ անցել է մեծ հրե գունդ, որը պայթել է 7-10 կմ բարձրության վրա տայգայի անմարդաբնակ շրջանի վերևում: Պայթյունի ալիքը ֆիքսվել է ամբողջ աշխարհի աստղադիտարանների կողմից, այդ թվում նաև Արևմտյան կիսագնդում: Պայթյունի արդյունքում ավելի քան 2000 կմ² տարածքում արմատախիլ են արվել ծառեր, պայթյունի էպիկենտրոնի հարյուրավոր կիլոմետրերի վրա կոտրվել են բնակավայրերի պատուհանները: Մի քանի օրվա ընթացքում Ատլանտյան օվկիանոսից մինչև կենտրոնական Սիբիր ընկած տարածքում դիտվել է երկնքի ինտենսիվ ճառագում և արծաթափայլ ամպեր: Աղետի գոտի են ուղարկվել մի քանի հետազոտական արշավախմբեր: 

Աստերոիդը Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որը ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ։ Աստերոիդները չափով և զանգվածով զգալիորեն զիջում են մոլորակներին, ունեն ոչ կանոնավոր ձև, չունեն մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ:

Աստերոիդ անվանումը ներդրվել է Ուիլիամ Հերշելի կողմից այն բանի հիման վրա, որ այդ մարմինները դիտարկումների ժամանակ երևում են որպես աստղեր՝ ի տարբերություն մոլորակների, որոնք աստղադիտակով դիտարկման ժամանակ երևում են սկավառակի նման։ «Աստերոիդ»-ի առավել ճշգրիտ սահմանում մինչ այժմ չի տրվել։ Մինչև 2006 թվականը աստերոիդները նույնպես անվանում էին փոքր մոլորակներ:

Հիմնական հայտանիշը, ըստ որի կատարվում է աստերոիդների դասակարգումը, մարմնի չափերն են։ Աստերոիդ են համարվում այն մարմինները, որոնց տրամագիծը մեծ է 30 մետրից, դրանից փոքր մարմինները անվանում են աստղաքարեր
Տվյալ պահին Արեգակնային համակարգում հայտնաբերվել են հարյուր հազարավոր աստերոիդներ։ Ենթադրվում է, որ Արեգակնային համակարգում գոյություն ունեն 1,1-ից 1,9 միլիոն մարմիններ, որոնք ունեն 1 կմ-ից մեծ չափեր։

Աղբյուր` Panorama.am

16:00 30.06.2020

Ամենաշատ ընթերցվածները