ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսի ամֆիթատրոնում կբեմադրվի «Միրհավը»
15:00 04.07.2020

Գորիսի ամֆիթատրոնում կբեմադրվի «Միրհավը»

Հին Գորիսը հայտնի է իր ամֆիթատրոնով, որտեղ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը բացօթյա ներկայացումների կազմակերպման և ցուցադրման բազում տարիների փորձ ունի։ Համաճարակի հենց առաջին օրերից որոշում է կայացվել ներկայացումների համար օգտագործել այդ քարանձավ-թատրոնը։ Ընտրվել է Լ.Մանյանի «Միրհավ» պիեսը (ըստ Ա.Բակունցի համանուն պատմվածքի)։

Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ամֆիթատրոնում բեմադրություններ անելու փորձեր ունեն, հանդիսատեսը շատ լավ է արձագանքել է. «Հիմնականում զբոսաշրջիկների համար էինք անում,  իրենց համար նորություն ու հետաքրքիր էր այդ քարանձավային  բնական իրավիճակների մեջ գործողություն տեսնելը, հին կոլորիտային միջավայր էինք ստեղծում»։

Նա նշեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ արդեն սկսվել են «Միրհավ» ներկայացման բացօթյա փորձերը, բեմադրական փուլում է։ Ընտրել են հենց  «Միրհավը», որովհետև, Շ.Հովհաննիսյանի խոսքով, սիրո պատմությունը բոլոր ժամանակների համար հետաքրքիր է՝ հատկապես համեմված  կոլորիտային գեղագիտությամբ։

Ըստ թատրոնի տնօրենի, որպես առանձին գործ «Միրհավն» առաջին անգամ են բեմադրում։  Նա ասաց, որ այս պահին չի կարող հստակ նշել պրեմիերայի օրը։

Շ.Հովհաննիսյանը նշեց, որ բացօթյա ներկայացումներն անում են ամֆիթատրոնի դիմացի բացօթյա տարածքում, քանի որ ամֆիթատրոնը փոքր է, 15-20 հոգու համար նախատեսված փոքրիկ ժայռափոր բեմանման տեղ է, ավելի շատ  մոնոներկայացումներ, պոեզիայի ժամեր կազմակերպելու համար է հետաքրքիր, բայց քարանձավային վիճակն օգտագործում են որպես տաղավար։

Լուանկարները՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից։ 

Աղբյուր` Panorama.am

15:00 04.07.2020