ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան
19:00 13.07.2020

Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան

«Հուլիսի 12-ին ժամը 12-ի սահմաններում Տավուշի հատվածում հայկական դիրքերին է մոտեցել «Ուազ» մակնիշի մեքենա, և անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են գալիս այդ մեքենայից ու շարժվում դեպի հայկական դիրքերի ուղղությամբ»,- կառավարության այսօրվա նիստում զեկուցեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ նախարարի, դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում, ՀՀ սահմանի վրա և քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, վերադասին զեկուցելուց հետո նրանք ստանում են հրահանգ՝ ադրբեջանցիներին կոչ անել լքել տարածքը։

«Ադրբեջանական ուժերը հեռանում են՝ թողնելով մեքենան։ Դրանից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը։ Այդ շարժումը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ Հակառակորդը կրելով կորուստներ նահանջել է»,- հայտնեց է Դավիթ Տոնոյանը և նկատեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-25 րոպեն մեկ հրադադարը խախտվում է, որի դադարը եղել է միայն գիշերը 3:30-ից 5:30-ը։

Նախարարի խոսքով, բոլոր հրետակոծությունները թիրախավորովում են և դիպուկահար կրակով լռեցվում, ինչի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։

Տեղեկացնելով, որ զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը՝ պաշտպանության նախարարը շեշտեց, որ օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկելի ու կառավարելի է։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը էլ հայտնեց, որ, երեկվանից նախարարությունը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Ըստ Մնացականյանի, Հայաստանը նաև կապի մեջ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, և սա նույնպես շարունակական է:

«Բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը մնացած բոլոր գործընկերների հետ շարունակական է, ընթացիկ է, և մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի և բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ»,- հայտնեց Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. որ զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը:

Աղբյուր` Panorama.am

 
 
19:00 13.07.2020