ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախում կարող են 60 անձով միջոցառումներ անցկացնել
18:00 06.08.2020

Արցախում կարող են 60 անձով միջոցառումներ անցկացնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: 

Հանրապետությունում տիրող համավարակային իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ՀՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն նշել է, որ վերջին օրերին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է հանրապետությունում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ։

Պարետի խոսքով՝ հաշվի առնելով հիվանդության նոր դեպքերի բացակայությունը՝ շուտով կվերացվեն Մարտակերտի շրջանի Հաթերք և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների բնակիչների ազատ տեղաշարժման սահմանափակումները։

Երկրի ղեկավարը դրական է գնահատել համավարակի դեմ պայքարի ընթացքը և հանձնարարել շարունակել միջոցներ ձեռնարկել համավարակի կանխարգելման և հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել նաև պարետի առաջարկությունը, համաձայն որի՝ առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը:

Հանրապետության նախագահը միաժամանակ ընդգծել է, որ բացասական հետևանքներից զերծ մնալու համար սահմանափակումների որոշակի թուլացումը պետք է անվերապահորեն ուղեկցվի բոլոր օղակներում վերահսկողության խստացմամբ, և համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին։

Աղբյուր` Panorama.am
18:00 06.08.2020