ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ
20:00 12.08.2020

Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ

«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ առաջինը՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն գործունեության, և երկրորդ՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային կանոններ»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին Կառավարության որոշումը։

Նրա խոսքով, երկրորդ սկզբունքի կատարմամբ է պայմանավորված, թե որքան արագ և լիարժեք կարող ենք անցնել բնականոն կյանքին։

«Այս փուլում վերանայել ենք նաև թեստավորման մարտավարությունը։ Եթե նախկինում այն իրականացվում էր բարձր ռիսկի գոտում անձանց  շրջանում, ապա այժմ ընդլայնվել են ռիսկային խմբերը։ Առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է իրականացնում այդ խմբերում։ Պարետատունը, հիմնվելով անցած ամիսների կուտակված փորձի և քաղված դասերի վրա, մշակել է համավարակի կառավարման պլան, որն ուղենշային և խորհրդատվական դեր ունի կառավարման համար։ Պետք է սովորենք աշխատել և ապրել COVID-19-ի առկայության պայմաններում»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետի կարծիքով, շատ կարևոր է, որ տնտեսվարողները կարողանան ավելի պատրաստված լինել և ադապտանալ նոր իրավիճակին։

Նա նշեց, որ որոշակի սահմանափակումներ վերացվել կամ մեղմացվել են։

«Այսուհետ թույլատրվում է բողոքի ակցիայի և հավաքների անցկացումը՝ դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու պայմանով։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ որևէ քանակային կամ ժամային սահմանափակումներ այս առումով նախատեսված չեն։ Երկրորդ, հստակեցումներ են արվել միջոցառումների հետ կապված։ Թույլատրվում է ընտանեկան միջոցառումների և ժամանցային ծրագրերի իրականացում՝ պարետի կողմից սահմանված կարգով։ Այսպիսի միջոցառումների կարող է մասնակցել առավելագույնը 40 հոգի։ Ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները՝ ներառյալ տարեդարձի, հարսանյաց արարողություններն ու հուղարկավարությունները»,- ներկայացրեց պարետը։

Նա նշեց նաև, որ հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։

Այս պահին դադարեցված է մուտքի վիզայի տրամադրումը, և երկիր մուտք գործող քաղաքացիները պետք է վիզա ստանան արտերկրում գործող մեր հյուպատոսարաններից, կամ կարող են մուտք գործել էլեկտրոնային վիզայի միջոցով։ Այս ամենն, ըստ Տիգրան Ավինյանի,  արվում է, որպեսզի դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի տեմպերն արագանան։

«Փոփոխություններ են կատարվել նաև արտերկրից ժամանող անձանց ինքնամեկուսացման ընթացակարգերում։ Այսուհետ ՀՀ տարածք մուտք գործող անձի մոտ եթե ախտանշաններ առկա չեն, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասաց Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 15-ից առկա ուսուցմամբ դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, արվեստի դպրոցներում՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։ Բուհերի առնչությամբ որոշումը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

«Գրադարաններն ու թանգարանները նույնպես բացվում են։ Առաջիկա օրերին կհրապարակվեն ուղեցույցներ, թե ինչ կարգով են գործելու այս հաստատությունները։ Ինչ վերաբերում է թատրններին, ապա այս փուլում դրանց գործունեությունը լինելու է միայն բացօթյա տարբերակով։ Այս փոփոխությունները վերաբերում են նաև անհատ (ռեստորանային) կատարողներին, որոնց հնարավորություն կտրվի բացօթյա հատվածներում գործունեություն ծավալել»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների՝ այլ երկրներ մեկնելու հնարավորությանը, ապա պարետը նշեց, որ նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է։

«Հանվելու է նաև անձնական մեքենաներում դիմակ կրելու պահանջը, սակայն հանրային տրանսպորտում և տաքսիներում պետք է դիմակ կրել։ Հանրային որոշ վայրերում՝ անտառ, բնություն, հանվելու է դիմակ դնելու պահանջը։ Վերանայվելու է հանրային սննդի կետերում յուրաքանչյուր սեղանի մոտ նստող անձանց թույլատրելի քանակը»,- շեշտեց Տիգրան Ավինյանը։

Աղբյուր` Panorama.am

 
 
20:00 12.08.2020

Ամենաշատ ընթերցվածները