ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանին կարող են զրկել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից«»
17:15 28.03.2018

Վրաստանին կարող են զրկել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից«»

Վրաստանը, որի քաղաքացիները 2017-ի մարտի 28-ից առանց մուտքի արտոնագրի Եվրամիության շենգեն գոտում մնալու իրավունք ունեն, կարող են զրկվել այդ հնարավորությունից:

Ինչպես գրում է Deutsche Welle-ն՝ այդ իրավունքի տրամադրումից մեկ տարի անց ԵՄ անդամ որոշ երկրներ, մասնավորապես Գերմանիան ու Շվեդիան խոսում են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հնարավոր կասեցման մասին:

Նշվում է, որ պատճառը Շենգենի գոտու երկրներում վրացիների կատարած հանցագործությունների, ինչպես նաև ներգաղթյալների քանակի աճն է:

Ըստ փախստականների հարցերով զբաղվող եվրոպական գործակալության՝ ԵՄ երկրները 2018-ի հունվարին 1859 հայտ են ստացել Վրաստանի քաղաքացիներից փախստականի կարգավիճակ ստանալու համար, ինչը կրկնակի ավելի է, քան 2017-ի հունվարին: Հայտերի կեսը՝ 745-ը, ներկայացվել է հունվարին Գերմանիայում:

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգել է Վրաստանի իշխանություններին: Նրանք խոստանում են ամեն հնարավորն անել խախտումները կասեցնելու համար:

Այս տարվա փետրվարից երկրում իրազեկման արշավ է սկսվել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի կանոնների մասին: Վրաստանի քաղաքացիների համար նույնիսկ բջջային հավելված են մշակել, որը հաշվում է, թե որքան օր կա Շենգենի գոտում մնալու համար: Թբիլիսին նաև մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռեժիմը խախտողների համար:

Թբիլիսին, համաձայն Ռեադիմիսիայի պայմանագրի, առանց ձգձգելու ընդունում է բոլոր վտարվածներին: Օրինակ՝ մարտի 21-ին Գերմանիայից 52 վրացի է արտաքսվել: Արտաքսվում են նույնիսկ նրանք, ում երեխաները ծնվել են Գերմանիայում:

Բանն այն է, որ ԵՄ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո վիզաների ազատականացման տարիներ տևած գործընթացը կարող է «ջուրն ընկնել», եթե Բրյուսելում գտնեն, որ այդ պետություններից մարդկանց հոսքը ԵՄ գերազանցում է առկա սպասումները: Այսինքն՝ մարդիկ գալիս են, ոչ թե հանգստանալու, այլ ապրելու և աշխատանք գտնելու հույսով: Այդ դեպքում ԵՄ-ը միանգամից կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը և վերադառնալ հին աշխատակարգին:

Վերջին մեկ տարում ԵՄ-ից արտաքսել են Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների: Առավել շատ վրաստանցիներ արտաքսվել են Գերմանիայից, իսկ ամենաքիչը՝ սկանդինավյան երկրներից:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

17:15 28.03.2018