ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 2–րդ տարին
14:35 02.04.2018

Այսօր լրանում է Ապրիլյան պատերազմի 2–րդ տարին

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտերը եղան առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Այս մասին գրում է Tert.am-ը:

Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իսկ ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 08:18-ին:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ:

Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ:

Հակառակորդի հարվածներից ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ: Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունները։

Ապրիլի 3-ին Ադրբեջանը հայտարարություն է տարածում, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակում է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը: Այդ օրը նաև հայկական ստորաբաժանումներին հաջողվում է Թալիշի ուղղությամբ հետ վերցնել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը:

Ապրիլի 4-ին ադրբեջանական զինուժը կիրառում է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։  Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծում է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվում է 5 կամավորական:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվում են ռազմական գործողությունները:

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական: 

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել:

Հայ զինծառայողներն ադրբեջանական բացահայտ ու լայնածավալ հարձակման ժամանակ չեն նահանջել դիրքերից ու մինչև իրենց կյանքի վերջին րոպեները պայքարել են հակառակորդի դեմ:

Նրանցից Ռոբերտ Աբաջյանը հակառակորդի կողմից շրջապատվելուց հետո նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ ոչնչացնելով նաև հարձակվող հակառակորդի մի քանի զինծառայողի: Այս քայլի համար զինծառայողը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման:

Զինտեխնիկայի կորուստների մասով նույնպես հակառակորդն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ավելի մեծ թվով և տեսակի կորուստներ է ունեցել:

Հայկական կողմը կարողացել է խոցել Ադրբեջանի 24 տանկ, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ (ԲՄՊ), 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, 4 ՀՄՄ (ԲՄՊ), 1 «Շիլկա» ինքնագնաց զենիթային կայան:

Լուսանկարը՝ Photolure-ի

14:35 02.04.2018

Ամենաշատ ընթերցվածները