ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կոնսերվատորիայում «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» է բացվել
20:15 06.04.2018

Կոնսերվատորիայում «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» է բացվել

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվել է «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա», որը տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած է նման բարձրորակ սարքավորումներով:

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այցելել է լաբորատորիա, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ:

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջ փոփոխություններ են նախատեսվում բուհական համակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտ կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Կոնկրետ այս պարագայում Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ որակյալ կրթություն:

«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» կնպաստի նաև բուհի զարգացմանը` խթանելով կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը որոշակի ծառայություններ մատուցելու առումով: Լաբորատորիան նաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման գործընթացին»,- նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհի ուսանողների համար գործնական կարողություններ և հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից զատ երաժշտագետների համար նաև կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին:

«Նորարական երաժշտական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Լաբորատորիան հագեցած է բարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,- նշել է նա:

Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն դոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհի:

«Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է 80,728,700 միլիոն դրամ. 14,531,166 դրամ պետբյուջեից, 58,124,664 ՀՀ դրամ համաշխարհային բանկից, 8,072,870 բուհի համաֆինանսավորմամբ:

20:15 06.04.2018

Ամենաշատ ընթերցվածները