ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՌԴ-ում ՀՀ դեսպանը դատապարտել է ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնտևի խոսքերը
17:35 07.05.2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանը դատապարտել է ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնտևի խոսքերը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ է արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտել է Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը՝  «Մի քանի խոսք ռադիո «Կոմսոմոլսկայա պրավդա» եթերում (2018թ. մայիսի 3-ի) «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտությունների մասին» վերնագրով, որը մեջբերում է «Հայկական ժամանակ»-ը:

Տողանյանի անունից ներկայացված հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններից Լեոնտևը ակնհայտորեն դադարել է գլուխ հանել, առավել ևս Հայաստանում ձևավորված ներքին քաղաքական իրադրության մասին։

«Միխայիլ Լեոնտևին ես անձնապես գիտեմ ավելի քան քսան տարի և մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը դուրս է տվել նա այդ եթերի ընթացքում, կարելի է գնահատել որպես սադրանք բացարձակ առանց կուլտուրայի դրսևորումների ուղեկցության։

Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները և  կսահմանափակվեմ 1 հարցով. ինչի՞ մասին եք խոսում դուք, պարոն մամուլի քարտուղար։

Նորից ուզում եմ կրկնել՝ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երևույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և Հանրապետության արտաքին քաղաքականության փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները անթիվ են։

Այս իրավիճակում մնում է մտածել, որ Միխայիլ Լեոնտևն ունի իր կարծիքի սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չէ հասկանալ։

Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան՝ պարոն մամուլի քարտուղարի արտահայտությունները փորձ են՝ սևացնելու Հայաստանը, վերաբերմունք են ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։

Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, և խնդիրը միայն ձևակերպումների մեջ չէ։ Սակայն միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների, էլ չասած Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին եզրակացություններ չարժե անել՝ մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել, այսպես կոչված, «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին և ներողամիտ չլինել Հայաստանում իրադարձությունների ֆոնի վրա իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»։

Օրաթերթը հիշեցնում է, որ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռադիոեթերում, «Գլավտեմա» հաղորդման շրջանակներում Միխայիլ Լեոնտևը նշել էր, որ Ռուսաստանի համար շատ ավելի ճիշտ ու շահեկան կլինի Ադրբեջանի տեսակետը պաշտպանելը, բացի այդ, նա կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը զորքեր մտցնել Հայաստան ու դաժանորեն ճնշել անհանգստությունը.«Ինչի՞ց կաշկանդվենք: Ինչ-որ տեղ գունավոր հեղափոխությու՞ն է տեղի ունեցել: Երկու զորագունդ ուղարկել ու խորտակել ամեն ինչ արյան մեջ, եթե նրանց ռիսկը չի բավականացնում: Եվ պետք չէ վախենալ Արևմուտքի արձագանքից: Եվ պետք չէ վախենալ, ինչ կասեն այդ ժողովուրդները...»:

Եթերից հետո դժգոհության հսկայական ալիք էր բարձրացել, ինչին հաջորդել էր Լեոնտևի պարզաբանումը.«Հայ հասարակության առանձին ներկայացուցիչների նկատմամբ անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պարոն Փաշինյանի նկատմամբ նման անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես պարոն Նավալնու նկատմամբ անբարյացակամությունը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք ռուս ժողովրդի նկատմամբ։ Խոստովանում եմ, որ ուզում էի նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել։ Ասվածը չափազանց տհաճ է»,- ասել էր նա։

Հաղորդաշարի վերոնշյալ թողարկումը կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարը՝ Navalny.com-ի

17:35 07.05.2018