ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը. Մուրադ Փափազյան
17:35 08.05.2018

Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը. Մուրադ Փափազյան

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թե՛ միջազգային մամուլում, թե՛ քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացվեցին դրական լույսի ներքո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշել է, որ դա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա:

-Պարոն Փափազյան, այս օրերին Սփյուռքը ևս հետևում էր հայաստանյան զարգացումներին: Դուք, որպես Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, կխնդրեմ ներկայացնել Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ ձեր գնահատականը:

-Նախ պետք է գնահատել Հայաստանի ժողովրդի հաջողությունը: Հեղափոխությունը տեղի ունեցավ խաղաղ մթնոլորտում, և պետք է գնահատել թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների պահվածքը: Բոլոր կողմերում ընդհանուր հասկացողություն կար, որ տեղի ունեցող զարգացումը խաղաղ մթնոլորտում պետք է իրականացվի:

Մենք ուշադրությամբ հետևում էինք զարգացումներին: Պետք է ասեմ, որ մենք տարբեր առիթներով բազմիցս ենք ասել, որ փոփոխություններ են անհրաժեշտ, և համոզված էինք, որ դրանք համակարգի ներսից կարող են արվել: Թերևս դա էր պատճառը, որ Դաշնակցությունը կոալիցիա կազմեց: Բայց մենք այս օրերին տեսանք, որ հնարավոր եղավ փոփոխություն անել նաև դրսից: Այս փուլում պետք է շարժման հաջողությունն արձանագրել, սակայն պետք է հասկանալ, որ գործընթացը չի ավարտում: Շարունակությունը պետք է փաստի, որ այս ժողովուրդը փոփոխության իրավունք ունի: Հիմա ամենադժվար շրջանն է սկսվում:

-Սփյուռքը բոլոր տարիներին եղել է Հայաստանի կողքին, մշտապես տարբեր ձևաչափով աջակցություն է ցուցաբերել: Նոր քաղաքական իրողությունների պայմաններում, նոր իշխանության դեպքում Սփյուռքի աջակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր ուղղություններով պետք է այն լինի:

-Բոլորս մի սկզբունք պետք է ունենանք, այն է՝ Հայաստանը պետություն է և պետք է կանգնենք պետության կողքին: Կարող են կառավարությունները փոխվել, սակայն պետությունը պետք է մնա: Եվ Սփյուռքը պետք է պետության հետ ունենա կառուցողական, գործնական հարաբերություններ: Հետևաբար` նոր քաղաքական իրողությունների պայմաններում Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը, ամրապնդի միջնորդությունը Հայաստանի և այլ երկրների հետ: Ես Ֆրանսիայի օրինակով ասեմ, տեղի հայ համայնքը լուրջ դեր խաղաց, որ Ֆրանսիան համակրանք ունենա Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի հաջողությունն այն է, որ ունի կազմակերպված և զորավոր Սփյուռք: Այն ապրում է Հայաստանով, Հայաստանի ապահովությամբ և հաջողությամբ, սա է մեր նպատակը: Սփյուռքի դերն այն է, որ դրսից զորացնի Հայաստանը: Գիտեք որ Հայաստանը դրսից բավական վտանգներ ունի, հետևաբար Սփյուռքն իր կապերով պետք է ամրապնդի Հայաստանի դիրքերը: Հայաստանն էլ պետք է հասկանա, որ Սփյուռքն էլ զորակցության կարիք ունի:

-Պարզապես այս օրերին նշվում է, որ եթե նոր իշխանություն լինի, ու նոր կառավարությանը հաջողվի այնպես անել, որ տնտեսական դաշտը բարելավվի, ապա Սփյուռքից ներդրումների հոսք կլինի: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Իհարկե, եթե իրավական ապահովություն լինի, ներդրումները քաջալերվեն, Սփյուռքի համար հստակ լինի, թե Հայաստանն ուր է գնում, ինչ գաղափարախոսությամբ է առաջ շարժվում, անշուշտ ներդրումներ կլինեն: Նոր իշխանությունները պետք է արագ ներկայացնեն ուղղությունը, թե ուր են ուզում գնալ, ում հետ, ինչ մթնոլորտում: Հույս կա, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ կարող են լինել, սակայն կա մտահոգություն, չգիտենք թե Նիկոլ Փաշինյանը որ ուղղությամբ է ուզում գնալ, ինչ ծրագրով: Բոլորն էլ ուզում են իմանալ, թե որն է նոր իշխանության ծրագիրը սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններով: Հիմա նորմալ է, որ այդ ամենին վերաբերող հարցերի պատասխանները չկան, սակայն կարծում եմ, որ առաջիկայում կարճ ժամկետում պետք է ներկայացվի ծրագիրը:

Լավ կլինի, որ խորհրդարանական ուժերի հետ համաձայնեցված կառավարություն ձևավորվի, բոլորով այդ կառավարության ծրագրի մշակման գործում ներգրավվեն: Այսինքն՝ միասնականորեն կառավարվի երկիրը, և միասնականորեն Սփյուռքը հավաքվի Հայաստանի շուրջ:

Հարցազրույցի շարունակությունը կարող եք ընթերցել այստեղ:

Լուսանկարը՝ Tert.am-ի

17:35 08.05.2018