ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գերմանիան խստիվ սահմանափակել է սպառազինության վաճառքը Թուրքիային
12:55 10.05.2018

Գերմանիան խստիվ սահմանափակել է սպառազինության վաճառքը Թուրքիային

Գերմանիան նվազագույնի է հասցրել Թուրքիային վաճառվող զինատեսակների քանակը։

Ինչպես հայտնի է` նման պահանջով ավելի վաղ բազմիցս հանդես էին եկել Բունդեսթագի պատգամավորները։ Նրանք մտահոգություն էին հայտնել, որ Թուրքիային վաճառվող զինտեխնիկան օգտագործվում է Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի կողմից անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում։

Ermenihaber-ի փոխանցմամբ, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը, մարտի 14-ին Գերմանիայում Մերկելի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարությունը խստորեն սահմանափակել է զենքի վաճառքը ռազմական ակտիվ գործողություններ կազմակերպող Թուրքիային և Սաուդյան Արաբիային։

Գերմանիայի Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է, որ մարտի 14-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիան հաստատել է այս երկրներին միայն մեկական զինատեսակի վաճառքը։

Թուրքիայի դեպքում թույլատրված զենքի վաճառքի արժեքը կազմել է 1․926 եվրո, Սաուդյան Արաբիայի դեպքում՝ 28․563 եվրո։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Թուրքիային վաճառվել էր 3 մլն 300․000 եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինություն, իսկ Սաուդյան Արաբիային վաճառված զինամթերքի արժեքը կազմել էր 24 մլն 500․000 եվրո։

Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը բազմիցս հանդես են եկել Թուրքիային զենք ու զինամթերքի վաճառքի դադարեցման պահանջով։

Լուսանկարը՝ HurriyetDailyNews.com.tr-ի 
12:55 10.05.2018