ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների
13:55 10.05.2018

Բաքուն հայտարարել է, թե պատրաստ է ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների

Ադրբեջանը պատրաստ է բանակցել ղարաբաղյան կարգավորման շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն կոչ է անում ՀՀ քաղաքական ղեկավարությանը «չկրկնել իր նախորդների սխալները»:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում է առաջարկում։ Նրա խոսքով Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի։

«Մենք դեռ հուսով ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, կվարի առողջ քաղաքականություն և կաշխատի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ գոյակցության համար»,- ասել է Հաջիևը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ըստ նրա՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության հաստատմանը, հնարավորություններ կստեղծի բազմակողմ տարածաշրջանային գործակցության համար»,- ասել է նա:

«Այնպես որ գնդակը հայկական կողմում է և պետք չէ նորից հեծանիվ հորինել: Մեկ անգամ ևս ցանկանում ենք ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ գոյություն ունեցող օրակարգի շուրջ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»,- ասել է Հաջիևը:

Փաշինյանի խոսքով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

«Հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն ու դատապարտում ենք ագրեսիայի ցանկացած դրսևորում։ Կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ ելնելով Արցախի ժողովրդի շահերից»,- ընդգծել է Փաշինյանը։

Լուսանկարը՝ En.apa.az-ի

13:55 10.05.2018