ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կապանում պե՞տք է լինի ցեմենտի արտադրամաս, թե՞ ոչ
15:00 01.08.2018

Կապանում պե՞տք է լինի ցեմենտի արտադրամաս, թե՞ ոչ

Երրորդ հանրային լսումը երկրորդ անգամ մերժվեց

Հուլիսի 26-ին Կապանի համայնքապետարանում հերթական հանրային լսումն էր նախատեսվել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման վերաբերյալ։ Պետք է տեղի ունենար աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երրորդ քննարկումը։ Հիշեցնենք, որ հունիսի 27-ին նախատեսված լսումը  կապանցիները բոյկոտել էին։ Այս անգամ ևս այն չկայացավ։ Կապանցիները հրաժարվեցին լսել «Արարատցեմենտի» ներկայացուցիչներին։ Կապան ժամանած «Մուլտի գրուպ» կոնցեռնի  փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը, նախատեսված ժամին չկարողանալով մուտք գործել համայնքապետարանի նիստերի դահլիճ (մի խումբ ակտիվիստներ աթոռներով փակել էին մուտքը), համայնքապետարանին մեղադրեց օրենքը խախտելու մեջ և այդ հայտարարությունը հնչեցնելուց հետո հեռացավ։

«Մենք պատրաստ ենք լսել ժողովրդին անհանգստացնող բոլոր հարցերը, քննարկել։ Հանրային լսումն էլ հենց դրա համար է։ Նախորդ փորձը  հաշվի առնելով, որ հնարավոր է այս անգամ էլ խոչընդոտեն մեր աշխատանքը, դիմումով նախապես տեղեկացրել էինք համայնքապետի պաշտոնակատարին, որպեսզի ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ հանրային լսման բնականոն ընթացքն ապահովելու համար, սակայն չկատարեցին մեր պահանջը», - նշեց Արայիկ Կեսոյանը։

Կապանի համայնքապետի պաշտոնակատարի օգնական Արմեն Սարգսյանը, ում վերապահվել էր վարել հանրային լսումը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, տեղեկացրեց․ «Սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, kapan.am կայքէջում տեղադրվել էր համապատասխան հայտարարությունը կայանալիք լսման վերաբերյալ, հատկացրել ենք դահլիճը, բայց մի խումբ ակտիվիստներ անհնազանդության ակցիա կազմակերպեցին և թույլ չտվեցին մտնել դահլիճ։ Համայնքը որևէ խախտում չի արել։ Ի՞նչ պիտի աներ համայնքը, թույլ տար, որ իրար քաշքշեի՞ն, ավելի բարդացնեի՞ն իրավիճակը», - եզրափակեց խոսքը Սարգսյանը։

Օդի աղտոտվածության հնարավոր ռիսկերը 

Ցեմենտի աղացման արտադրամասի գործունեության ընթացքում, ինչպես արդեն մի շարք անգամ բարձրաձայնել ենք, մթնոլորտ տարեկան փոշու արտանետումների քանակը 32 տոննա է լինելու։ «Ընդ որում, օգտագործվող զտիչների ՕԳԳ-ն, որը կազմում է 95 տոկոս, մաշվելու պատճառով աստիճանաբար նվազելու է, որը բերելու է ավելի մեծաքանակ փոշու արտանետման։ Ոլորտին ծանոթ մասնագետները ընդհուպ մինչև 40 տոննա և ավելի փոշու արտանետում են կանխատեսում։ Այստեղ հարցը բոլորովին էլ արտանետված փոշու թույլատրելի զանգվածի մեջ չէ։ Իրենց ներկայացրած տվյալներով այն թույլատրելիի սահմաններում է, սակայն, նախ և առաջ, բոլորիս ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մենք իրավունք ունենք չվստահելու մի ընկերության, որը, չունենալով ՇՄԱԳ դրական եզրակացություն, դիմել էր համայնքին՝ նախագծման թույլտվություն ստանալու համար, և ըստ էության, չստանալով համապատասխան թույլտվությունը, հանձն են առել սկսելու շինարարություն՝ չունենալով շինարարության թույլտվություն, ինչի համար համայնքապետարանը ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության և տուգանել 600 հազար դրամի չափով՝ ինքնակամ շինարարություն իրականացնելու և հողազավթման համար», - ասում է «Կապան» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ արտադրամասը պատրաստ է շահագործման։ Ըստ մեր զրուցակցի՝ ներկայացված գնահատման հայտին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ «Արարատցեմենտը» անտեսել է արդեն իսկ եղած բնապահպանական ռիսկերը տարածաշրջանում, այն է՝ Կավարտի բաց հանքի բացվածքը, ծանրաբեռնված տրանսպորտով քաղաքը, որի միջով են անցնում ոչ միայն Իրան-Հայաստան միջպետական մայրուղով երթևեկող բազմաթիվ բեռնատարներ, այլև Ագարակի, Քաջարանի և Կապանի կոմբինատների, ինչպես նաև այլ մանր-մունր հանքեր սպասարկող բեռնատարներ, որոնք ինքնին փոշու, ընդ որում չգնահատված, աղբյուր են։ «Ես սրան կավելացնեի նաև Քաջարանի բաց հանքը, որից նույնպես դեպի Կապան փոշու հոսքեր են հնարավոր։ Ավելորդ ենք համարում սրան ավելացնել նաև Արծվանիկի, Գեղանուշի պոչամբարները, որոնք էլ իրենց հերթին թեկուզ այլ, բայց բնապահպանական ահռելի բեռնվածություն են մեր համայնքի վրա։ Ակնհայտ է դառնում, որ տվյալ նախագծի մասնագետները, գրասենյակներում նստած, արտադրամաս են նախագծել՝ առանց եղած և իրական էկոլոգիական ռիսկերը համադրության մեջ գնահատելու»,-նշում է Հովհաննիսյանը։

Տվյալ արտադրամասի գործունեության բացասական ազդեցությունն էլ տնտեսության վրա, իրենց իսկ հաշվարկներով, տարեկան 5 մլն դրամից ավելին է կազմելու։ Իսկ թե ինչպես է այն դրսևորվելու, և ինչպես են պատրաստվում վերացնել իրենց իսկ հաշվարկած այդ վնասը (որն իրականում տասնապատիկ և հարյուրապատիկ մեծ է լինելու), անհասկանալի է։

Արտադրամասի տեղանքի  ընտրություն

Օդանավակայանի հարևանությամբ գտնվելու փաստի մասին ևս բարձրաձայնել են։ Իրենք դրան հակադարձում են ավիացիայի վարչությունից ստացված գրությամբ, համաձայն որի՝ արտադրամասը չի խանգարելու օդանավակայանի գործունեությանը։ «Այստեղ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ պատասխան նամակը նրանք ստացել էին դեռևս այն ժամանակ, երբ երկրի բարձրագույն իշխանությունը պահանջում էր ամեն ինչ «փաստաթղթով ճիշտ» անել։ Ներկայացված հայտում իրական ազդեցության գնահատման որևէ վերլուծություն այս մասով ևս բացակայում է», - նշում է Է․Հովհաննիսյանը։ Արայիկ Կեսոյանը վստահեցրեց, որ ավիացիայի վարչություն ներկայացրած նախագծով իրենք նշել են, որ ամենավերջին տեխնոլոգիաներով է ստեղծվում արտադրամասը՝  աղտոտվածությունը, ծուխը, փոշին կլանելով 98%-ով։ 

 

Սոցիալական խնդրի լուծու՞մ, աշխատատեղերի ստեղծու՞մ

Հայտի համաձայն՝ տվյալ արտադրամասում աշխատելու է 64 մարդ, որի կեսը՝ ինժեներատեխնիկական անձնակազմ։ Էդգար Հովհաննիսյանի կարծիքով, բնականաբար, դրանք հենց բուն «Արարատցեմենտի» մասնագետներն են լինելու, քանի որ բնագավառի տեղացի մասնագետներ շատ քիչ կարող են լինել։ Փաստացի ստացվում է, որ ավելի քիչ մարդկանց զբաղվածության խնդիր է լուծելու տվյալ արտադրամասը։ «Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, սարքավորումները բերվել են Արարատում գործող գործարանից, որը, եթե չեմ սխալվում, վերջերս նորից գործարկվեց։ Ստացվում է, որ Արարատում զբաղվածության խնդիր լուծող արտադրամասը ապամոնտաժել և բերել են Կապան, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Արայիկ Կեսոյանն իր հերթին նշեց,  որ տվյալ արտադրամասը ի սկզբանե նախատեսում էին Մեղրիում կառուցել, սակայն, հաշվի առնելով սոցիալական խնդիրների լուծումը, որոշեցին տեղափոխել Կապան, որպես տարանցիկ ճանապարհային քաղաք։ Սա նշանակում է, որ, բացի մշտական աշխատողներից, Իրանից բերվող հումքը հայ վարորդները կտեղափոխեն, որը նույնպես ենթադրում է աշխատատեղ։ Բացի դրանից՝ ընկերությունը պատրաստակամ է համայնքում ներդրումներ կատարել։ «Չնայած մինչ այժմ մեզ չի ներկայացվել որևէ ծրագիր, բայց, այնուամենայնիվ, լինի դա լուսավորության խնդիր, բարեկարգման աշխատանք, մենք պատրաստ են օժանդակել համայնքին։ Կեսոյանը նաև տեղեկացրեց, որ այժմ իրավաբանները աշխատում են հետագա անելիքները հստակեցնելու ուղղությամբ։  Հետևելու են օրենքի կետին ու տառին։ Ընկերությունը չի բացառում, որ ևս մեկ անգամ կփորձեն հանրային քննարկման հայտ ներկայացնել, որի չկայանալուց հետո հնարավոր է, որ վայրը փոխվի։

Իսկ  Էդգար Հովհաննիսյանն էլ, ամփոփելով իր խոսքը, նշեց․ «Ելքը մեկն է, մենք այդ հարցում անդրդվելի ենք, հանրությունն իր կարծիքը շատ հստակ է հայտնել․ «Արարատցեմենտը» չունի հանրության համաձայնությունը, ցեմենտի արտադրամաս Կապանում չի լինելու, եթե սեփականատերը սա չընդունի, հասնելու ենք նրան, որ համայնքը արտադրամասը՝ որպես ինքնակամ կառույց, քանդելու որոշում կայացնի»։

Նելլի Միրզախանյան

15:00 01.08.2018