ԱՎԵԼԻՆ

Կրթություն

Հայաստանի 10 դպրոցում աստղագիտական ակումբներ կհիմնվեն
18:30 02.08.2018

Հայաստանի 10 դպրոցում աստղագիտական ակումբներ կհիմնվեն

Հայաստանի շարք մարզերի 10 դպրոցներում աստղագիտական ակումբներ կհիմնվեն՝ երիտասարդության շրջանում բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, նախնական գիտելիքներ տրամադրելու նպատակով։

Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցին կտրամադրվի աստղադիտակ։ 

Երկու ուսումնական տարվա ընթացքում ամսական երկու անգամ կանցկացվեն հանդիպումներ եւ աստղադիտումներ:

2018-2019 ուստարվա ավարտին յուրաքանչյուր դպրոց կկազմակերպի աստղագիտական միջոցառում տեղի համայնքում՝ իրենց գիտելիքներով, նոր մեթոդաբանությամբ եւ տեխնոլոգիայով կիսվելու նպատակով:

Ծրագրի շահառու դպրոցներն են՝ Տավուշի մարզի Արծվաբերդի Բ.Աղաբաբյանի անվան, Մոսեսգեղի Պապիկ Ավալյանի անվան եւ Կ. Մարդանյանի անվան թիվ 3 դպրոցները, Սյունիքի մարզի Սառնակունքի եւ Գորայքի միջնակարգ դպրոցները,  Արագածոտնի մարզի Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան եւ Անտառուտի միջնակարգ դպրոցները, Կոտայքի մարզի Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցը, Արարատի մարզի Մասիս գյուղի միջնակարգ դպրոցը։

Ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Բյուրականի աստղադիտարանը եւ Հայկական աստղագիտական ընկերությունը՝ Under the Common Sky լեհական կազմակերպության հետ համատեղ, «Հայոց երկնքում» նախագծի շրջանակում վերապատրաստել են 20 ուսուցչի:

Աղբյուրը՝ Mediamax.am

18:30 02.08.2018