ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ջրամատակարարման և ջրահեռացման մատակարար-բաժանորդ պայմանագրերի կնքումը կերկարաձգվի մինչև 2019թ. հունիս
19:00 08.08.2018

Ջրամատակարարման և ջրահեռացման մատակարար-բաժանորդ պայմանագրերի կնքումը կերկարաձգվի մինչև 2019թ. հունիս

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 8-ի նիստում քննության առավ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2018 թվականի հուլիսի 12-ի հանձնաժողով ներկայացված №16790 գրությունը, որով ընկերությունը տեղեկացնում էր, որ լրանում է կարգավորողի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №379Ն որոշմամբ սահմանված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կնքման ժամկետը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային ծառայությունները կարգավորչող հանձնաժողովից, հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի N519Ն որոշմամբ այդ ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր՝ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը, ընկերությունը, սակայն, գրությամբ փաստում է, որ մինչ օրս բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր. հանրապետությունից նրանց բացակայելու, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ չունենալու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու պատճառներով: Ելնելով այս իրողությունից՝ «Վեոլիա Ջուրը» կարգավորողին խնդրել էր քննարկել վերը նշված պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 1-ը երկարաձգելու հարցը:

Հանձնաժողովն ընդունեց որոշում, որով երկարաձգեց բաժանորդների հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ժամկետը՝ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

Աղբյուր՝ Արմենպրես

19:00 08.08.2018