ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Աղմուկ»՝ ազգային երգ ու պարից
19:30 14.08.2018

«Աղմուկ»՝ ազգային երգ ու պարից

Չնայած արդեն 10 օրից ավելի է անցել Շուռնուխում օգոստոսի 3-ին բնակիչների և ԼԳԲՏ-ականների միջև տեղի ունեցած միջադեպից, այնուամենայնիվ այն շարունակում է մնալ հայ հանրության ուշադրության կենտրոնում։ Թե դատավարությունն ինչպիսի ընթացք կստանա, ովքեր կճանաչվեն մեղավոր, կհամարվի այս քայլը սեռական փոքրամասնության հանդեպ ոտնձգությու՞ն, թե՞ պարզապես կենցաղային վեճ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ շուռնուխցիների՝ ավանդական հայկական ընտանիքի բարքերը պահելու արարքը շատերն են պաշտպանում, ակնհայտ է թե՛ սոցիալական ցանցերից, թե՛ շրջանառվող խոսակցություններից։

Ավտոերթ դեպի Շուռնուխ

Օգոստոսի 12-ին՝ Խաղողօրհնեքի կամ Սուրբ Աստվածածնի վերափոխման և Երիտասարդության միջազգային տոնի առթիվ Երևանից ավտոերթով դեպի Շուռնուխ եկավ մեկ տասնյակից ավելի ավտոմեքենա։ Ինչպես նշում են ավտոերթի մասնակիցները, սա ինքնաբուխ նախաձեռնություն է՝ «Առողջ երիտասարդություն, ավանդական ընտանիք, առաջադեմ պետություն» կարգախոսով, որ կողմնակից է համերաշխությանը, ոչ բռնի արարքով հարցեր լուծելուն։

Միջոցառումը մեկնարկեց Խաղողօրհնեքի արարողությամբ, որի ընթացքում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը մասնավորապես նշեց․ «Հայ կինը միշտ քաջ է եղել և անվախ, և չպետք է վախենա իր երկրում իր ճիշտը, ընտանիքի նամուսը, թասիբը պահելու հարցում։ Իմ ժողովուրդը ճիշտ է, քաջ է ու իր արյունով, գենով, ամեն ինչով կապված է մայր եկեղեցուն, իր պատմությանը և Աստվածաշնչին» 

Արսեն Գրիգորյանի (Մրո), Մկրտիչ Մկրտչյանի, Շուշան Պետրոսյանի, Արմեն Հայրապետյանի, «Տարոնցիների», «Սասունի», Կովսականից ժամանած «Թաթուլի» ազգային երգ ու պարի հնչյուններով, առանց առանձնահատուկ պրոպագանդայի՝ միջոցառման նախաձեռնողները, ինչպես իրենք են փաստում, փորձեցին այս քայլով «մեդիա տեռորի դեմն առնել», որ շուռնուխցիներին փորձում էր ներկայացնել որպես գիշատիչներ, միջնադարյան ժողովուրդ, բնազդներով շարժվող ազգաբնակչություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նրանց կարծիքով՝ Շուռնուխը Հայաստանի այն հարյուրավոր բնակավայրերից մեկն է, որտեղ գործում են սեփական կանոններ, որոնք այդտեղ մտնող յուրաքանչյուր անհատ պարտավոր է հարգել։ Միանշանակ դատապարտելով բռնությունը՝ նրանք կոչ են անում միջադեպերը հարթել միայն ու միայն օրենքի ուժով, իսկ լավ պետություն ունենալու գրավականը բոլորի իրավունքների պաշտպանությունն է։

Ինչպես նշեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, միջադեպից տուժողներից մեկը երկար տարիներ  ապրել է այդ գյուղում և նրա իսկ խոսքով՝ ոչ մի անգամ հոմոֆոբիայի երևույթի չի հանդիպել, այս դեպքում խնդիրը երևի թե այս խմբի վարքագծի մեջ է եղել․․․

Շուռնուխցիները այդ օրը ևս մեկ անգամ փաստեցին, որ մարդկային լեզվով պահանջել են, որ ԼԳԲՏ-ականները լքեն գյուղը, որովհետև անշնորհք են պահել իրենց՝ խախտելով գյուղի անդորրը։ Նրանք սկսել են վիրավորել գյուղացիներին, ինչից հետո էլ տեղի է ունեցել այդ միջադեպը։

Ինչպես արդեն նշեցինք, ավտոերթի մասնակիցները որևէ կողմին հատուկ քննադատելու կամ պաշտպանելու առաքելությամբ չէին եկել Շուռնուխ։ Նրանց պարզապես դուր չէր եկել որոշ լրատվամիջոցների և մարդկանց գնահատականը շուռնուխցիների հանդեպ։ Մեր կարծիքով՝ նախաձեռնողները կոնկրետ դիրքորոշում չեն ուզում հայտնել, քանի դեռ դատավարություն չի եղել․ այս պահին միանշանակ գնահատական տալով և պաշտպանելով շուռնուխցիներին՝ կստացվի, որ նրանք նույնպես սեռական փոքրամասնությունների իրավունքներն են խախտում։   

Դատարանից կկանչեն

Տոնական միջոցառումն, իհարկե, մի պահ շուռնուխցիներին կտրեց սպասվելիք խնդիրներից։ Ուրախ հնչյունների ներքո, մենակ չլինելու զգացողությամբ անցավ ողջ միջոցառումը, իսկ վերջում ավանդական մատաղը բաժանվեց։ Ինչպես հասկացանք շուռնուխցիների զրույցներից, նրանք պատրաստվում են մինչև վերջ պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրենց  ավանդապաշտ ընտանիքների անդորրը, սրբությունը խեղաթյուրող չպիտի լինի։ Ազգային երգ ու պարի ձայնին, հայրենասիրությանը կարոտ գյուղացիները, ինչպես իրենք են ասում, պինդ են և պատրաստ պաշտպանել սեփական իրավունքներն ու ավանդույթները։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը իր խոսքում նշեց, որ եթե մարդը ինչ-որ արարք է անում բացահայտ, հրապարակայնորեն, դա արդեն քարոզչություն է, որ միայն խոսքով չի լինում, այն կարող է լինել նաև լռակյաց, վարքով, կենցաղով, տեսքով, հագուկապով․ «Եթե նման բաներ կատարվել են, և ժողովուրդը տեսել է ու վատ է զգացել, ուրեմն դա քարոզչություն է եղել, և մեր ժողովուրդն էլ, բնականաբար, չի ընդունելու, որովհետև դա Աստվածաշնչին դեմ վարք է»։ Ամփոփելով խոսքը՝ նա նշեց, որ հայ ազգը պետք է հեռու մնա նման երևույթից, որովհետև դա ընտանիքի քայքայում է, իսկ եթե ընտանիք ենք քայքայում, ուրեմն կորցնելու ենք մեր պետականությունը, քայքայելու պետությունը։

Ինչևէ, յուրաքանչյուր կողմն էլ իր կարծիքն ունի և չի պատրաստվում հետ կանգնել, այնպես որ դատավարություն կլինի։ Բայց մի կարևոր հանգամանքի վրա ևս չենք կարող ուշադրություն չդարձնել, բացի գրված օրենքներից, կան նաև չգրվածները, յուրաքանչյուր տարածքին բնորոշ սովորույթներ, որոնցից մեկն էլ, թերևս, գյուղերում ազգուտակով միմյանց հանդեպ քեն պահելն է։ Հուսանք՝  կողմերը հավասարակշիռ ու զուսպ վարքագիծ կդրսևորեն, ինչը կօգնի ավելի խաղաղ ու առանց նորանոր միջադեպերի վարել դատական գործընթացը։

Արմինե Հարությունյան      

19:30 14.08.2018

Ամենաշատ ընթերցվածները