ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վաչագանում բնակիչները խմելու ջրին «կակաո» են ասում
13:30 15.08.2018

Վաչագանում բնակիչները խմելու ջրին «կակաո» են ասում

Կապան քաղաքի Վաչագան բանավանում բնակիչները «խմելու ջրին կակաո են ասում»: «Երբ ջուրը նոր են տալիս, շոկոլադի գույնի է լինում»,- ասում է ամռան ամիսները Վաչագանում հաճախ հանգստացող Տիգրան Մանգասարյանը: Բնակիչները սկզբում մտածել են՝ ժանգ է: Բայց ջուրը գալիս է Խուստուփ սարի տակից, «այսինքն՝ մաքրամաքուր ջուր է, պիտի լինի բացարձակապես մաքուր: Բայց խնդիրն այն է, որ ջրի ավազանը լիարժեք չի մաքրվել տևական ժամանակ: Մեկն ասաց՝ եթե ներս մտնեք, մինչև ծնկներդ կխրվեք տիղմի մեջ»:

Վաչագանում խմելու ջրի որակի, ցածր ճնշման, գումարների գանձման, ապօրինի ջրագծերի խնդիր կա. ահազանգում են վաչագանցիներն ու թաղամասի լիազորը: Ջրօգտագործողները բանավանում ամռան ամիսներին կրկնապատկվում են: Տիգրան Մանգասարյանը նրանցից մեկն է: Արդեն մեկ տարի վաչագանցիների հետ բարձրաձայնում է բանավանի խմելու ջրի խնդիրների մասին: Ասում է, որ անգամ անձամբ է Երևան հասցրել նամակները, հանձնել «Վիոլիա Ջուր» ընկերություն, սակայն ապօրինի ջրագծերը չեն հատվել, ջրի որակն ու ճնշումը նախկինի նման վատ վիճակում են:

Ջրի խնդիր Վաչագանում նախկինում չի եղել: Այնքան առատ է եղել ճնշումը սովետական տարիներին, որ ուղարկվել է Կապան. ասում է թաղամասի լիազորը: Հետո ցանցը մաշվել է ֆիզիկապես ու քայքայվել: Տիգրան Մանգասարյանը Վաչագանում ծորակի ջուրն օգտագործում է տեխնիկական նպատակով: Իսկ խմելու համար բնակիչները ջուրը եռացնում են, նոր օգտագործում: Պատճառը տիղմն է, որը հավաքվել է ջրավազանում մոտ 1 մետր բարձրությամբ:

Հաճախ են լինում նաև խցանումներ: «Բոլոր խցանումների պատճառը խխունջներն են, անձևորդերն ու մողեսները: Ամեն անգամ, երբ կոլեկտորը բացում են, անձրևորդերի քանակը տեսնում եմ, միանգամից փակում եմ: Հիշում եմ՝ մի անգամ հենց ինձ մոտ մողեսից էր խցանում եղել: Չէինք հասկանում՝ ինչ է եղել, բացեցինք, արդեն մողեսը ներսում փտած էր»,-պատմում է Տիգրանը:

«Հետքը» զրուցեց Վաչագան թաղամասի լիազոր Սվետլանա Օհանջանյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ թեև իրենց նամակներին, ահազանգերին, ապօրինի ջրագծերը դեռ կան, ավազանն էլ մոտ մեկ ամիս առաջ կիսով չափ մաքրել են, ջրի որակը մի քիչ դեպի լավն է փոխվել: Բայց ջրի շիթն այնքան բարակ է, որ նա համեմատեց օղի թորելու հետ. «Չգիտեմ՝ տեսել եք օղի քաշելու պրոցեսը, ա՛յ, ջուրը էդպես է գալիս»,- ասաց Սվետլանա Օհանջանյանը: Փոխարենը՝ մեծ չափերի հասնող տուգանքներով նամակներ են ստանում թաղամասի բնակիչները. «Բայց նման քանակի ջուր մարդիկ չեն էլ ստացել»,- ասում է լիազորը:

Վաչագանի մի շարք բնակիչներ մինչև 70-80 հազար դրամի տուգանքներով նամակներ են ստանում: Գործերը մտնում են դատարան, քաղաքացիներից բռնագանձվում են գումարներ, այն էլ՝ ընտրովի. «տուգանք են ստացել հենց այն համայնքի բնակիչները, որոնք, օրինակ, ՌԴ-ում հարազատներ ունեն, վճարունակ են ինչ-որ կերպ: Իսկ ապօրինի ջրօգտագործողները հարկային դաշտից դուրս են մնում»,- ասում է Տիգրան Մանգասարյանը՝ կարծիք հայտնելով, որ ընկերությունն այդպիսով թաքցնում է պոտենցիալ հարկատուներին:

Սվետլաննա Օհանջանյանն արդեն 7 տարի ղեկավարում է Վաչագանը: Ասում է, որ դեռևս անցյալ տարի «Վիոլիա Ջուր» ընկերության տեղական ու երևանյան գրասենյակներին իրազեկել են 3 հրատապ խնդիրների մասին՝ ջրի որակի, թույլ ճնշման ու ապօրինի ջրագծերի մասին, սակայն խնդիրը դեռ լուծված չէ:

Տիգրան Մանգասարյանն ասաց, որ անձամբ է տարել 3 նամակ «Վիոլիա Ջուր»՝ ավազանը լվանալու, նոր ջրաբաշխիչ տեղադրելու, ապօրինի ջրագծերը վերացնելու պահանջով. «5 անգամ տարել եմ անձամբ Երևան, 1 անգամ պատասխան ստացանք, որ օգոստոսի վերջին հարցը կլուծվի, բայց ոչ մի խոսք՝ ապօրինի ջրագծերը վերացնելու մասին»:

Ըստ Տիգրան Մանգասարյանի՝ ջրամատակարար ընկերությունը պարտավոր էր իսկույն անջատել ապօրինի ջրագծերը: «Իսկ ստացվում է, որ 1 տարի իմացել են ապօրինի ջրագծերի մասին՝ գոնե տեղական տնօրենի մակարդակով, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկվել, որ բոլորը հավասարաչափ ջուր ստանան»:

Մենք փորձեցինք հարցի վերաբերյալ ստանալ նաև «Վիոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը: Ընկերության Կապանի մասնաճյուղի պատասխանատու, շահագործման ինժեներ Հովհաննես Գևորգյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ կապվենք հանրային կապերի պատասխանատուի հետ: Իսկ ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ պատասխանեց, որ գրավոր ուղարկենք հարցերը: Այնուամենայնիվ, լիազորի պնդմամբ, ինքը և բնակիչները դեռևս անցյալ տարվանից մի քանի անգամ են գրավոր իրազեկել ընկերությանը Վաչագանի ջրի խնդրի մասին, սակայն այն լուծում չի ստանում:  

«Վիոլիա ջուրը» պարտավոր է ապահովել ջրի մաքրություն, այսինքն՝ որակ և համապատասխան ճնշում: Ընկերության պաշտոնական էջում նշված է, որ Հայաստանում «ջուրը վերցվում է մեծամասամբ լեռնային աղբյուրներից, որը լիովին համապատասխանում է խմելու ջրի Հայաստանում գործող սանիտարական նորմերին և կանոններին ու մատակարարվում է սպառողներին, հիմնականում առանց լրացուցիչ մաքրման: Ջրի մաքրման կայաններ գործում են միայն Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան և Մեղրի քաղաքներում, որտեղ օգտագործվող ջրի մի մասը վերցվում է բաց ավազաններից՝ գետային ջրընդունիչներից, նախապես մաքրվում է ու միայն հետո տրվում բաշխիչ ցանց: Այնուամենայնիվ, ջրի անվտանգությունն ապահովելու նպատակով, աղբյուրներում քլորակայանների միջոցով կանխարգելիչ նկատառումներով ջուրը քլորացվում է»:  

Տիգրան Մանգասարյանը հարցը դիտարկում է նաև բարոյականության տիրույթում. «Գյուղացիները ջուր չունեն, բայց մի քանի ամառանոցներ ունեն, լողավազան են լցնում ու լողանում, այգի են ջրում: 110 տուն ծախսում է այնքան ջուր, որքան 5 ամառանոց...»:

Լուսանկարները տրամադրել է Տիգրան Մանգասարյանը

Աղբյուր՝ hetq.am

13:30 15.08.2018

Ամենաշատ ընթերցվածները