ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն
17:00 15.08.2018

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը ՀՔԾ-ի միջնորդությունը անվանում է անգրագետ, ՀՔԾ-ն իր հերթին ապօրինի է գնահատում դատավորի որոշումը: Ակտիվիստները տապալում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը` վերջինիս մարդասպան անվանելով: Լրագրողները զրկվում են հարց տալու հնարավորությունից, իսկ հասարակությունը ստիպված բավարարվում է երկրորդ նախագահի գնահատականով առ այն, որ ասուլիսի տապալումը մանր խուլիգանություն է:

Լարվածությունը կա, համա մեջը բան չկա: Փորձեցի հիշել այս իրավիճակից ավելի դատապարտելի, ավելի նողկալի դեպք: 2011թ. «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ մի շարք անչափահաս, այդ թվում՝ սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը, կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է սեքսուալ բնույթի գործողություններով: Բայց նույնիսկ այն ժամանակ ոչ ոք չէր խոչընդոտում արդարադատությանը: Բոլորը գալիս էին դատարան, ծանոթանում էին փաստերին և հանգամանքներին, որպեսզի այսպիսի բան այլևս երբեք չկրկնվի: Կադրում անչափահասների դեմքերը փակում էինք սև քառակուսիներով, բայց հասկանում էինք, որ փոքր երկիր է, և նրանց կյանքն արդեն խեղված է:

Ի՞նչ ենք մենք ուզում և ումի՞ց: Մարդասպան գոռալով՝ Մարտի 1-ի 300 հատոր գործի մասին կիմանա՞նք: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, նրանցից շատերի կյանքը խեղվել է: Մի՞թե մենք պարտավոր չենք օր առաջ բացահայտել ամեն ինչ կետ առ կետ: Ինքնադատաստանը դեռ ոչ մի լավ բանի չի բերել: Ի վերջո, հայտնի ճշմարտություն կա, մարդասպանին սպանելով՝ մարդասպանների քանակը երկրում չի նվազում:

«Զանգեզուր պրես»

Լուսանկարը՝ Photolure

17:00 15.08.2018

Ամենաշատ ընթերցվածները