ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ճանապարհ փակելը՝ սովորու՞յթ
19:00 15.08.2018

Ճանապարհ փակելը՝ սովորու՞յթ

Հայկական թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիները իրենց ձայնն անմիջապես կառավարությանը լսելի դարձնելու «ամենահարմար» տարբերակն են գտել, այն է՝ ճանապարհ փակել։ Օգոստոսի 9-ին Տեղ համայնքի մի խումբ բնակիչներ փակել էին Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հրաժարականը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին, որպեսզի տեղում ներկայացնեն իրենց պահանջը։ Մի քանի ժամ միջպետական ճանապարհը փակ մնալուց հետո, ի վերջո, բացվեց։ Իսկ հիմա՝ ըստ հերթականության։

Նոր ընտրությունը՝ հարցի լուծում

Օգոստոսի 9-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ակցիայի նախաձեռնողները ճանապարհը փակել էին «Համայնքապետը ոչ թե նշանակովի, այլ ընտրովի է», «Նոր Հայաստան, նոր համայնք», «Շադու՛նց, հեռացի՛ր» բովանդակությամբ պաստառներով։ Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց ակցիայի առաջին շարքերում կանգնած տեղցի Սասուն Ղուլունցը, ժամանակին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում հովանավորությունն էր վայելում Ներսես Շադունցը, կարելի է ասել, նշանակել է նրան համայնքի ղեկավար՝ չապահովելով մրցակցություն, ինչի մասին ողջ ժողովուրդը գիտի։ «Մեր պահանջն է՝ նշանակվի համայնքի ղեկավարի նոր ընտրություն, թող Ներսես Շադունցն էլ առաջադրի իր թեկնածությունը, և եթե ժողովուրդը սիրում է նրան, կարծում է, որ արդար է,  թող ընտրի, ես էլ առաջին շնորհավորողը կլինեմ», - նշեց Սասուն Ղուլունցը։

Վերջինս առանձնացրեց նաև բողոքի ակցիայի մասնակիցներին հուզող 3 հարց, այն է՝ ֆոնդային հողերի ոչ արդարացի բաշխում (Ղուլունցի խոսքով՝ դա բաշխված է ՀՀԿ-ի կառավարման ժամանակ ընտրված 3 գյուղապետի բարեկամների մեջ, երբ շատ երիտասարդ ընտանիքներ հող չունեն), խոշորացված համայնքի անբարեկարգ ճանապարհներ, ոչ երիտասարդ կադրերով համալրված աշխատակազմ (ավելին՝ Ս․Ղուլունցի կարծիքով՝ գրանցված, բայց չաշխատող մարդիկ էլ կան)։

«Եթե շատ համայնքներում երիտասարդ ղեկավարներ են նշանակում, մենք էլ ենք ուզում երիտասարդ, աշխատելու եռանդով լեցուն ղեկավար ունենալ։ Ես որևէ անձնական խնդիր, ավելին՝ համայնքի ղեկավար դառնալու ցանկություն չունեմ, ինչպես մարդիկ են կարծում, այլ ուզում եմ մեր համայնքի համար մի լավ բան անել», - նշեց Ղուլունցը։

Գործը՝ փաստ

Ներսես Շադունցն այդ օրը չներկայացավ, փոխարենը եկավ համայնքի ղեկավարի տեղակալ Արկադյա Խաչատրյանը, ով նշեց, որ բնակավայրերում տարիներ շարունակ կուտակված խնդիրները միանգամից հնարավոր չէ լուծել։

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, հանդիպելով ցուցարարներին, առաջարկեց ճանապարհը բացել և հանգիստ պայմաններում քննարկում անցկացնել, բայց նրանք սկզբում տեղի չտվեցին։ Խնդրի լուծման վերաբերյալ մարզպետը նշեց․ «Չորրորդ եռամսյակի վարչական ստուգումներից հետո վերջնական դիրքորոշումս կասեմ, երբ հստակ ունենամ անցյալ տարիներին կատարած աշխատանքի պատկերը»։

Օգոստոսի 10-ին Ներսես Շադունցը Տեղի համայնքապետարանի հրապարակում համայնքի բնակիչներին ներկայացրեց իր ղեկավարման 1,5 տարում կատարված, կատարվող աշխատանքները․ Մեկ պատուհանի սկզբունքով բնակիչների սպասարկման շենքի կառուցում, Տեղի թիվ 1 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգում, ինչպես նաև այդ մանկապարտեզի շենքի վերակառուցում, Խոզնավարի փողոցային լուսավորության անցկացում, հեղեղատարների մոտ 80 %-ով մաքրում, մշակույթի տան տանիքի նորոգում, պատուհանների փոխում, համայնքում կանոնավոր աղբահանության կազմակերպում, 9 միավոր տեխնիկայի ձեռքբերում, Խնածախի մանկապարտեզի վերագործարկում, Խնածախում և Վաղատուրում բնական գազի թողարկում, Կորնիձորում ճանապարհի կառուցում, Քարաշենում միջնակարգ դպրոցի վերակառուցում, փողոցային լուսավորության անցկացում, գազիֆիկացում, խմելու ջրի հարցի լուծում, կոյուղու ցանցի նորոգում, համայնքում ավտոկայանատեղիի կառուցում և այլն։

Շադունցը նշեց, որ ստացել է բնակիչների վստահության քվեն, հարգում է իրենց պահանջը ներկայացնող 20-30 երիտասարդին։ Ինքն անձամբ այդ օրը չի ներկայացել, քանի որ չի ցանկացել նրանց կարծիքի արտահայտման համար որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ, և եթե ինքը կերել է, թալանչի է, ապա ինչո՞ւ այդ ցուցարարները չեն դիմում իրավապահ մարմիններին, որպեսզի իրեն ձերբակալեն:

Ավարտելով խոսքը՝ Ներսես Շադունցը կոչ արեց չթշնամանալ, էլ երբեք չփակել Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության ճանապարհը, քանի որ մեր սահմանները պահող զինվորների հույսն ու հավատը ՀՀ քաղաքացին է, ով թշնամու կողմից ցանկացած ոտնձգության դեպքում պետք է կարողանա շատ արագ լինել զինվորի կողքին:

Բա հետո՞

Երկու կողմն էլ, իհարկե, իրեն արդարացնող փաստարկներ է ներկայացնում, բայց չմոռանանք, որ համայնքի ղեկավարը ընտրովի պաշտոն է, և այնպես չէ, որ յուրաքանչյուրը կարող է վեր կենալ և պահանջել նրա հրաժարականը, և այդ պահանջը միանգամից բավարարվի։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սասուն Ղուլունցը, իրենք հավատում են նոր կառավարությանը, վստահում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Եթե նախկին՝ հանրապետականների իշխանության օրոք նման քայլ ձեռնարկեինք, գուցե ցույցը շարունակելու կարիք լիներ, բայց մեր վարչապետը լավ է պատկերացնում ամեն ինչ։ Առաջին իսկ օրվանից նրա կողմնակիցն եմ, գիտեմ, որ մեր պահանջին ընթացք կտրվի»։

Ներսես Շադունցը հրապարակում հավաքվածներին ասաց, որ ինքը կառչած չէ աթոռից, եթե չեն ուզում, որ ինքը աշխատի, թող հենց այստեղ ասեն այդ մասին։

Սասուն Ղուլունցի՝ մարդկանց պարտադրված հրապարակ բերելու պնդմանը Տեղ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը հակադարձեց․ «Հո մենք մարդկանց տնից չենք հանել բերել»։

Արմինե Հարությունյան

19:00 15.08.2018

Ամենաշատ ընթերցվածները