ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները»
18:00 16.08.2018

«Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները»

Գորիսում՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքում, մեկը մյուսի հետևից շարունակվում են մշակութային միջոցառումները։ Այստեղ օգոստոսի 3-ից 14-ը «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով փորագրությունների ցուցահանդեսով էր ներկայացել Երևանում գործող Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու): Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի պատկերասրահում այցելուները հնարավորություն ունեցան դիտելու թանգարանի հավաքածուից Ստանիսլավ Շեգլովի 17 գրաֆիկական աշխատանք:

Հավաքածուն թանգարանին են նվիրել Սամարայի մարզի ղեկավարությունը և անձամբ հեղինակը 2005թ. ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակում։

Գրաֆիկական աշխատանքներում հեղինակը պատկերել է հայրենի քաղաքը՝ Սամարան: Այցելուները տպավորվել էին  «Հին Սամարա» շարքի օֆորտներով,  որոնք նվիրված են այդ գեղեցիկ քաղաքի՝ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տեղադրված ճարտարապետական հուշարձաններին: Ստալինյան ժամանակներում պաշտամունքային հուշարձաններից շատերը ոչնչացվել են: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը: Երևանի «Ռուսական արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարինե Մկրտչյանն ընդգծում է մայրաքաղաքից դուրս կազմակերպվող ցուցադրությունների կարևորությունը: «Մեր նպատակն է այդ ցուցահանդեսի միջոցով հանրահռչակել Ռուսական արվեստի թանգարանը նաև մարզերում, քանի որ բնակիչներից, մտավորականներից, արվեստասեր հասարակությունից շատ-շատերը չեն կարող գալ մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով մենք ենք մեկնում մարզեր, որպեսզի հաղորդակից դարձնենք մարդկանց ռուսական արվեստին», - նշում է նա:

Մինչ այս «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» ցուցահանդեսը  2016թ.  հունիսի 15-ին բացվել էր Շիրակի մարզում և  նվիրվել Ռուսաստանի օրվան:

Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ: Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ Գորիսում ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Բացմանը ներկա էին նաև Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ: «Այս ցուցահանդեսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի շրջանակում հերթական հրաշալի նախաձեռնությունն էր և մշակութային մեծ իրադարձությունը: Շեգլովի արվեստը սիրված և ընդունված է: Նա ունի հրաշալի աշխատանքներ, և դրանց մի փոքր մասը մեր համայնքում ցուցադրելու առիթ էր ստեղծված: Շնորհակալ ենք Ռուսական արվեստի թանգարանի տնօրենությանը այս հնարավորության համար։ Շուրջ 10 օր Գորիսի արվեստասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ բացահայտելու Շեգլովի հրաշալի աշխատանքները», - իր խոսքում նշեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

Նելլի Միրզախանյան

18:00 16.08.2018